«Սա հականիկողոսյանական ակցիա էր». Նախկին պատգամավորը՝ ՀԱՊԿ երկրների լռության մասին

Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն ընտրելու «ահագին խիստ» պայմանների մեջ է գտնվում: Այս կարծիքին է քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից սահմանի լարված իրավիճակի հետ կապված գնահատականներ չհնչեցնելու մասին՝ ասաց, թե Հայաստանը դրված է ոչ շատ օգտավետ պայմանների մեջ, և աշխարհի քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այդ իրավիճակը չի թեթևանալու:

«Դուք հիշում եք այն ճնշումը, որին Հայաստանը ենթարկվում էր, երբ մենք ընտրության առաջ էինք՝ շարունակել գնալ Եվրամիություն և խորացնել մեր՝ Եվրամիության հետ ինտեգրացիա՞ն, թե՞ մեծ դեր ունենալ այն պրոյեկտի մեջ, ինչը ստեղծում էր Ռուսաստանը: Ես չեմ կարծում՝ այսօր Հայաստանի ղեկավարներն ունեին այլընտրանք այլ ձև անելու, միշտ նույն գործիչները նույն ձևով կքննադատեն արված բաները, ստեղծված դաշինքները, այլ դաշինքների էֆեկտիվությունը, ոչ էֆեկտիվությունը: Նորից կրկնեմ, որ Հայաստանը դրված է ոչ շատ օգտավետ պայմանների մեջ, և աշխարհի քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումները մեզ ցույց են տալիս, որ այդ իրավիճակը չի թեթևանալու»,- նշեց քաղաքագետը:

Հարցին՝ Դուք է՞լ եք գտնում, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է լռեին նման իրավիճակում, Շ. Խաթլամաջյանը պատասխանեց, որ, եթե ՀԱՊԿ-ին նայում ենք՝ որպես իդելական կառույցի, որտեղ ամեն մի պետություն ուզում է և իր մաքսիմումը կստանա, իհարկե՝ ոչ. «Դա մի կառույց է, որը ստեղծված է աճող և լայնացող ՆԱՏՕ-ին հակառակ: Այսինքն՝ հիմա նաև Հայաստանի ինտեգրմանը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին շատ խիստ քննադատողները մի քիչ ավելի զգույշ են քննադատում, որովհետև իրենք տեսնում են՝ ինչպիսի անսպասելի մարտահրավերներ է ստանում Եվրամիությունը, ինչպիսի անսպասելի կերպով է փոխվում նրա օրակարգը»:

Քաղաքագետի խոսքով՝ ինչքան էլ ՀԱՊԿ-ն չարձագանքի, դա չի նշանակում, որ նա չի վարում իր դիվանագիտությունը, դա նշանակում է՝ նա չի անում հայատարարություն ի լուր աշխարհի:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով էլ՝ ՀԱՊԿ համագործակցության պայմանագիրը շատ «թերի» է, պարտադրություններ չկան. «Պետք է այնպես լինի, ինչպես ՆԱՏՕ-ում է: Ռուսաստանն ուղղակի իր վասալներին հավաքել է իր շուրջը, որոշ իմաստով աշխարհը դա հանդուրժում է, որովհետև վակուում էր առաջացել Սովետական Միության փլուզումից հետո: Սա բաց դասընթաց է նրանց համար, որոնք պատրանքներ ունեին, նրանց ցույց տրվեց՝ ինչ է նշանակում մեր անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ նման անվտանգության համակարգ գոյություն չունի: Սա հականիկողոսյանական ակցիա էր»:

Տեսանյութեր

Լրահոս