«Եթե 15-օրյա ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ապա պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ»

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ մինչ այժմ ՀՀ-ում կառավարման ճգնաժամ չի եղել, միշտ ձևավորվել է մեծամասնություն, բայց գնացել են կոալիցիաների ձևավորման: Ռ. Հակոբյանն առաջարկում է նախագծում ավելացնել, որ եթե 15-օրյա ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ապա պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:

«Մեր այս քաղաքական կենսագրությունը նկատի ունենալով՝ մենթալիտետը նկատի ունենալով, 89-րդ հոդվածը, որ երկու ուժերը կարող են գնալ ընտրությունների, համոզիչ չէ»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համաձայնեց կառավարության ձևավորման վերաբերյալ հնչեցրած պատգամավորի դիտարկումների հետ, որ եթե որևէ ուժ մեծամասնություն է ստեղծում, քաղաքագիտորեն դժվար է բացատրել, թե ինչու են կոալիցիա կազմում: Միակ ռացիոնալ բացատրությունը, ըստ նրա, աջակցության լայն բազա ունենալն է: Վ.Պողոսյանը չհամաձայնեց, որ եթե մի կուսակցություն 50%-ից ավելի ձայն է ստացել, ապա դա միշտ կրկնվելու է, առավել ևս, որ համամասնական ընտրակարգի դեպքում դա պահպանվելու է:

«Ընտրական օրենսգիրքը չի բացառելու, որ 89-րդ հոդվածի նախագծի ձևակերպումները, որ եթե կառավարությունը չի ձևավորվում, կոալիցիա չի ձևավորվում, եթե չկա բացարձակ մեծամասնություն և կոալիցիայի ողջամիտ հնարավորություն, որոշակի ժամկետից հետո՝ 3 շաբաթ հետո, անցկացվի երկրորդ փուլ: ԸՕ-ն պետք է սահմանի, հիմա վաղաժամ է դրա մասին խոսել: Երկրորդ փուլի իմաստը չի կայանում, որ ամեն գնով մնալ մեծամասնության ձևավորմանը»,- ասաց Վ.Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս