«Բավականին մեծ հետաքրքրություն կա մեր շուկայի և մեր արտադրանքի նկատմամբ հատկապես ռուսական ընկերությունների մոտ». Կարեն Մարտիրոսյան

Երևանում այսօր սկսվեց Հայաստան-Ռուսաստան համագործակցության գործարար հանդիպում: Այս միջոցառումն իրականացվում է «Ուդմուրտիայի Հանրապետության և Տոմսկի փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևանում» ծրագրի բացման արարողության շրջանակներում:

Ծրագրին մասնակցում են ռուսական 10 ձեռնարկություններ, որոնք զբաղվում են գազի եռակցման սարքավորումների և փականների, փաթեթավորման, բիոպաղպաղակի, գյուղտնտեսական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության համար մասնագիտական լվացող և ախտահանիչ միջոցների արտադրությամբ և վաճառքով, հեռավոր վայրերում բժշկական սպասարկման կազմակերպմամբ և այլն:

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ Երևանի առևտրաարդյունաբերական պալատը վերջին 2-3 տարում բավական շատ է անցկացրել նման հանդիպումներ, ֆորումներ. «Բավականին մեծ հետաքրքրություն կա մեր շուկայի և մեր արտադրանքի նկատմամբ հատկապես ռուսական ընկերությունների մոտ: Բնական է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո այդ հետաքրքրությունն ավելի շատ մեծացավ, քանի որ հիմա ինչ-որ արգելքներ հանված են՝ մաքսային, ինչ-որ դեպքերում հարկային, և բնականաբար կարելի է հուսալ, որ պետք է այդ առևտրատնտեսական հարաբերությունները ավելանան»:

Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ է առաջարկում ռուսական ընկերություններին, Կարեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այսօր մոտ 80 հայկական ընկերություն է գրանցվել ռուսականների հետ հանդիպելու, բանակցելու համար, և իր կարծիքով՝ առնվազն նրանց կեսը առաջարկներ ունի ռուսական կողմին: «Մեր տրադիցիոն ոլորտներն են և ոսկեգործությունը, և գյուղմթերքները, ինչու ոչ՝ մեր շատ լավ ավտոմոբիլային մարտկոցները: Ճիշտ է՝ ցանկալի կլիներ, որ մեր առաջարկությունների քանակը շատ ավելի լայն լիներ, բայց այսօր ինչ ունենք առաջարկում ենք, և կարծեք թե ռուսական շուկան դրան արձագանքում է»:

ԵՏՄ անդամակցության արդյունքների ամփոփոմանն ադրադառնալով՝ Կարեն Մարտիրոսյանն ասաց. «Այսօր ամփոփել, ինչ-որ թվեր ասել, շատ դժվար է, որովհետև իսկապես դեռ գնում է այդ միության կայանալու պրոցեսը: Առավել ևս տեսնում եք՝ շատ բարդություններ են առաջացնում ռուսական ռուբլու այդ տատանումները, շատ է դժվարացնում աշխատանքը, բայց այնուամենայնիվ ես օպտիմիստորեն եմ նայում ապագային»:

Դիտարկմանը, որ առաջարկ է եղել ԵՏՄ շրջանակներում գործարքներն իրականացնել ռուբլիով և հարցին՝ արդյոք այդ իմաստով առաջընթաց կա՞, Կարեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե խոսքը գնում է ինչ-որ գլոբալ հարցերի մասին, ես չեմ մեկնաբանում, բայց այսպիսի խնդիրներ կային: Եղել են ընկերություններ, որ մեզ դիմել են, ասում են՝ գիտեք ինչ, երբ մենք այնտեղից ինչ-որ բան գնում ենք, մենք սովորաբար վճարում ենք դոլարով, իսկ երբ սկսում ենք վաճառել, մեզ առաջարկում են ռուբլիով վաճառել: Երբ և վաճառքը, և գնումը լինի նույնով՝ չգիտեմ կլինի դոլարով, թե ռուբլով, դա բավականին կհեշտացնի աշխատանքը, որովհետև ռուբլիով գնելը մեզ համար ավելի հեշտ է, ավելի ձեռնտու է: Նախ՝ երկու անգամ կովերտացիա չի արվում, և երկրորդ՝ ռուբլիներ Հայաստան բավական շատ գալիս են»:

Ուդմուրտիայի հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Վլադիմիր Ռազումկովն էլ ասաց, որ իրենց պատվիրակության կազմում մտնում են դինամիկ զարգացող, երիտասարդ ձեռնարկություններ, որոնք պատրաստ են առաջարկել իրենց արտադրանքն ու ծառայությունները. «Ես կարծում եմ, որ այն, ինչ նրանք կառաջարկեն, կհետաքրքրի հանրապետության գործարար համայնքին, կծառայի մեր պետությունների միջև գործնական և ընկերական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»:

Հարցին, թե հատկապես որ ոլորտներով են հետաքրքրված, նա պատասխանեց, որ ունեն ձեռնարկություններ, որոնք տարբեր ծառայություններ և արտադրանք են առաջարկում:

Տեսանյութեր

Լրահոս