«Փոքրիկ ժողովուրդներն անընդհատ օրենքից են խոսում, բայց մեծ տերությունների համար օրենքներ գոյություն չունեն»

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը

– Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն առնվազն 5 անգամ շնորհակալություն է հայտնում Պուտինին, որից մեկը` Պերմյակովին, ի վերջո, հայկական կողմին հանձնելու համար: Ի՞նչ եք կարծում, արդյոք հարկավո՞ր էր այդ փաստի համար շնորհակալություն հայտնել:

– Մամուլը չի կարողանում տարբերել սովորական խոսակցությունը դիվանագիտական լեզվից: Դրանք բոլորովին տարբեր բաներ են, այդ շնորհակալությունը դիվանագիտական շնորհակալություն էր, և ոչ թե` մարդկային կամ ինչ-որ բան: Բացի սովորական փոխհարաբերություններից պետական գործիչների, որոնց խոսակցության թեման դիվանագիտական լեզուն է, և, կարծում եմ, որ այստեղ նախագահն ուղղակի օգտագործել է այդ լեզուն, ոչ թե ուղղակի շնորհակալություն է հայտնել: Շատ նուրբ է այդ հարցը քննարկելը: Մենք շատ ենք պահանջել, որ Պերմյակովի գործը հանձնեն, կարող էին և չհանձնել:

– Կարող էին, բայց եթե օրենքին հետևեին, պետք է ավելի շուտ հանձնեին:

Կարդացեք նաև

– Գիտեք, մեծ տերությունները ձեր ասած օրենքներին չեն ենթարկվում: Էս փոքրիկ ժողովուրդներն անընդհատ օրենքից են խոսում, բայց մեծ տերությունների համար օրենքներ գոյություն չունեն` ո՛չ Ամերիկայի համար, ո՛չ Ռուսաստանի կամ ուրիշ խոշոր տերություների համար: Անում են այն, ինչ տվյալ պահին իրենց պետությանն ու իրենց ժողովրդին ձեռք է տալիս:

– Ի՞նչ եք կարծում, Պերմյակովին հանձնելն անձամբ Պուտինի՞ որոշումն էր:

– Իհարկե, բա ո՞ւմ որոշումը կարող էր լինել: Ընդհանրապես Ռուսաստանի տիպի պետության մեջ, և ընդհանրապես հզոր պետությունների, ամեն ինչ առաջին դեմքերի կամքով է կատարվում:

– Բայց եթե օրենքով չէ, ուրեմն դիկտատուրա է:

– Դե հիմա՝ դա ոնց ուզում եք` մեկնաբանեք: Էդ դիկտատուրան էդքան չպիտի վախեցնի: Կա դեմոկրատական դիկտատուրա, որը շատ ավելի լավ է, քան, ասենք, այլ բան:

– Հիմա Ռուսաստանում դեմոկրատակա՞ն դիկտատուրա է:

– Չգիտեմ, չեմ կարող գնահատականներ տալ, համենայնդեպս նմանություն կա:

– ԱԺ-ում է ԱՊՀ-ի Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի համաձայնագրին Հայաստանի միանալու փաստաթուղթը: Ի՞նչ եք կարծում, եթե միանա խորհրդին, երբ Ռուսաստանն ինքնին այդքան կոռումպացված է, Հայաստանն ի՞նչ դրական արդյունք կարող է ստանալ:

– Ասում են` մենք միանում ենք էն երկրներին, որտեղ կոռուպցիան ամենաշատն է: Բայց դե հիմա կոնկրետ գաղափարն է կարևոր, ոչ թե մենք վերցնենք Ուզբեկստանի օրինակը: Ի՞նչ է` Ուզբեկստանում չե՞ն ուզում կոռուպցիան վերացնեն:

– Բայց գաղափարը գաղափար էլ կմնա և ոչ մի արդյունք չի լինի:

– Էդ արդեն թողեք, ես կարծում եմ` կոռուպցիան մի հիվանդություն է, որով տառապում են աշխարհի բոլոր երկրները, և չկարծեք, թե Ամերիկայում կոռուպցիա չկա, եվրոպական երկրներում կոռուպցիա չկա: Ամեն տեղ էլ կա:

– Իսկ դրա բուժումը որտե՞ղ կա:

– Մի տեղ լավ են բուժում, մի տեղ` ոչ այնքան: Բժշկության մակարդակն էլ է կարևոր: Օրինակ` մենք բուժվելու համար Գերմանիա ենք մեկնում, բուժումն այնտեղ ավելի կատարելագործված է: Տարբեր երկրներում բուժումը տարբեր ձևով է:

Տեսանյութեր

Լրահոս