«Որևէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, դա կարող է շատ տխուր ավարտվել». Շավարշ Քոչարյան

«ԵՏՄ-ում անվտանգության հետ կապված որևէ հարց չի կարող բարձրացվել: ԵՏՄ-ն մաքուր տնտեսական բլոկ է, իսկ ՀԱՊԿ Վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է մոտակա օրերս՝ ամսի 15-ին, և, ինչպես նշեց մեր նախագահը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնտեղ ևս այդ հարցի մասին խոսվելու է:

Մեր անվտանգության և պաշտպանության հարցում մենք առաջին հերթին՝ մեր հույսը պետք է դնենք մեր վրա: Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությանը՝ դա այլ է, բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որևէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, դա կարող է շատ տխուր ավարտվել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա շեշտեց, որ ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է, քաղաքական էլ չի, այդ տեսակետից ԵՏՄ-ի՝ տնտեսական միավորման հետ կապել այլ՝ քաղաքական կամ անվտանգության հարցեր, դա որևէ կապ չունի.

«Անվտանգության բաղադրիչը կայանում է նաև նրանում, որ քո տնտեսությունը շնչի, և սպառազինությունների մրցավազքին կարողանաս դիմանալ: Դրա համար քեզ պետք են այնպիսի դյուրին հնարավորություններ ապրանքները դուրս բերելու, առևտրի համար, որոնք հնարավորություն տան, որ բյուջեն կարողանա այդ ծախսերը կրել: Այդ տեսակետից ԵՏՄ-ին անդամակցությունը մեզնից չէր պահանջում երկարատև ժամանակ, որ կարողանայինք այդ գործընթացն իրականացնել:

Իսկ եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ այն երկրները, որոնք անդամակցել են ԵՄ-ին, նրանց անհրաժեշտ են եղել երկար տարիներ, որ համապատասխանեն այդ պահանջներին ու չափանիշներին: Այդ տեսակետից ԵՏՄ տարածքում մենք որևէ ձևով չենք զիջում ո´չ մեր ստանդարտներով, ո´չ որակով, ո´չ կարգավորումներով, մի շարք հարցերում առաջ ենք: Այսինքն՝ ԵՏՄ տարածքը մեզ այդ հնարավորությունը տալիս է, և այն պետք է լավագույնս օգտագործեն առաջին հերթին՝ մեր ձեռնարկատերերը, արտահանողները, իսկ պետության պարտքն է՝ աջակցել»,- ասաց փոխարտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս