Օպերացիա Ք. Ռուբլու վերադարձի նախապատրաստումը
Վերջին օրերին տնտեսական լրահոսի ամենաակտուալ թեման ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն էր` ԵՏՄ անդամ երկրների միջև առևտրի արժույթի հետ կապված։
Հիշեցնենք, որ բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել էր անցում կատարել ռուբլիով հաշվարկին` հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ «ԵՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները և կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաև համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»,- ասել էր Հ. Աբրահամյանը։
Վարչապետի ուղիղ խոսքը, որը տարածել էր ՏԱՍՍ գործակալությունը, հստակություն չէր պարունակում` խոսքը գնում է պարզապես գինը ռուբլիով ֆիքսելո՞ւ, թե՞ հենց ռուբլիով էլ վճարումները կատարելու մասին։ Հովիկ Աբրահամյանի բառացի խոսքը մանրակրկիտ վերլուծելով` շատերը եկել էին այն կարծիքին, որ առաջարկվում է հրաժարվել ոչ թե դոլարով վճարումներից, այլ դոլարով գին ֆիքսելու պրակտիկայից։ Այսինքն` գազի գինը (էներգակիրների մեջ Հայաստանի պարագայում առանցքայինը հենց գազի գինն է) ֆիքսվելու է ռուբլիով, սակայն վճարումը կատարվելու է դոլարով։ Ու ըստ այդմ տեսակետներ հնչեցին, որ Հայաստանը դրանից միայն շահում է։
Ռուսաստանն այսօր Հայաստանին մատակարարվող գազի գինը ֆիքսել է դոլարով` 165 դոլար` 1000 խմ-ի համար։ Հիմա, ենթադրենք, վաղվանից գինը ֆիքսվում է ռուսական ռուբլիով` 11220 ռուբլի (1 դոլարը` 68 ռուբլի փոխարժեքին համապատասխան)։ Ի՞նչ կլինի հետո։ Եթե ռուբլին արժեզրկվի» և 1 դոլարը հասնի, ասենք, 80 ռուբլու, գազը մեզ համար կէժանանա։ 11220 ռուբլին կվերածենք դոլարի և ռուսներին 1000 խմ գազի դիմաց կփոխանցենք մոտ 140 դոլար։ Իհարկե, ռուբլին կարող է նաև արժևորվել, ու այդ դեպքում մենք կկորցնենք։ Սակայն ռուբլուն անցման կողմնակիցները դա քիչ հավանական են համարում։ Կարճ ասած, էներգակիրների գինը ռուբլիով ֆիքսելու դեպքում մենք շահում ենք, ռուսները` կորցնում։
Բավականին տրամաբանական մոտեցում է։ Ու զարմանալի չէ, որ ռուսական կողմը երկար տարիներ չէր համաձայնում այս առաջարկին։ Հիմա, դատելով մեկնաբանություններից և տարբեր անձանց հայտարարություններից` ՌԴ-ն փոխում է մոտեցումը (ի վերջո, Հովիկ Աբրահամյանը հենց այնպես նման հայտարարություն դժվար թե աներ)։
Սակայն այստեղ առաջ էր գալիս մի հարց` ինչո՞ւ պետք է ռուսները համաձայնեն այս առաջարկին։ Չէ՞ որ ռուսների համար բյուջեի եկամուտները վտանգի տակ չդնելու միակ տարբերակը հենց ռուբլու արժեզրկումն է։ Ռուսներն իրենք էլ դա չեն թաքցնում։ Օրինակ, նախորդ տարվա վերջին Life News-ի հետ զրույցում պատասխանելով ռուբլու արժեզրկման և եկամուտների նվազման մասին լրագրողի հարցին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բառացիորեն ասաց. «Նայիր, նախկինում մենք ապրանք էինք վաճառում, որն արժեր, ասենք, 1 դոլար։ Իսկ դրա դիմաց ստանում էինք 32 ռուբլի։ Իսկ այժմ 1 դոլարի ապրանք վաճառում ենք և ստանում 45 ռուբլի։ Եկամուտները աճել են, այն էլ ինչքան»։
Դժվար է հասկանալ` եթե ռուսները ներկայումս Հայաստան մատակարարվող գազի դիմաց ստանում են 165 դոլար, որը համարժեք է 11220 ռուբլու, ինչո՞ւ գինը ֆիքսեն ռուբլիով և հետագայում` ռուբլու արժեզրկման դիմաց, չստանան 12 կամ 13 հազար ռուբլի։ Ի՞նչը կարող է ստիպել ռուսներին փոխել դիրքորոշումը։
Մինչև երեկ այս հարցին պատասխան գտնելը դժվար էր։ Սակայն երեկ Tert.am-ի հետ զրույցում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը որոշ պարզաբանումներ է մտցրել։ Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուբլիով հաշվարկին, այլ նաև վճարումներին։ Իսկ դա արդեն շատ բան է փոխում։ Փոխնախարարը ռուբլու հաշվարկին և վճարումների անցման անհրաժեշտությունը հիմնավորել է վճարումների իրականացման տրանսակցիոն (արժույթների փոխարկման հետ կապված) ծախսերի կրճատմամբ և գնագոյացման ոլորտում առկա խեղաթյուրումների վերացմամբ։ Ըստ Կարայանի, Հայաստանը տարեկան 400 մլն ԱՄՆ դոլար է վճարում ՌԴ-ից հիմնական էներգակիրների ներմուծման դիմաց, և այս տեսանկյունից` ՌԴ ռուբլիով էներգակիրների վճարում իրականացնելու դեպքում կկրճատվեն արժույթի փոխարկման հետ կապված բավականին մեծ ծախսեր։ Այսինքն` բացի այն, որ վերանում է սակագնի կախվածությունը դոլար/ռուբլի փոխարժեքից, խնայում ենք նաև արտարժույթի փոխանակման ժամանակ։
Այսքանից հետո էլ պարզ չէ, թե ռուսնե՞րն ինչ են շահում և այս առաջարկն ընդունելու ի՞նչ հիմքեր ունեն։ Որովհետև ռուբլիով փոխանցում կատարելու համար նախ` պետք է Հայաստանում (և ԵՏՄ մյուս երկրներում) ռուբլի հավաքել։ Իսկ դա մեծացնելու է Հայաստանում և ԵՏՄ մյուս երկրներում ռուբլու նկատմամբ պահանջարկը, ինչը կարող է որոշ չափով կայունացնել ռուբլու փոխարժեքը։ Սա մեր տեսակետը չէ, այլ հենց Ս. Կարայանի։ Ավելին, ինչպես նշել է Կարայանը, փոխադարձ հաշվարկների` ազգային արժույթներով իրականացումը կնպաստի նաև ՀՀ-ում գործող բանկերի կողմից հիմնականում ռուբլիով վարկերի տրամադրման գործընթացի ձևավորմանը։
Սա ինչ-որ տեղ կարելի է միասնական արժույթին անցնելու նախերգանք համարել։ Ս. Կարայանը, ի դեպ, դա չի էլ թաքցրել։ «ՌԴ տեսանկյունից այդ իրավիճակում ավելի խթանված կլինի միասնական արժույթի ներդրման գործընթացի անհրաժեշտությունը»,- ասել է նա։ Ուշադրություն դարձրեք` «ՌԴ տեսանկյունից»։ Իսկ մե՞ր տեսանկյունից։ «ՀՀ վարչապետի առաջարկը կնպաստի Հայաստանում գնագոյացման գործընթացների կարգավորմանը»,- մեր տեսանկյան մասին ասել է Ս. Կարայանը։ Այսինքն` մենք շահում ենք գնագոյացման առումով, ռուսները` ռուբլու գերիշխանության հաստատման։ Բոլորը շահում են։
Սակայն ռուբլու գերիշխանությունը հաստատվում է` ի հաշիվ այլ արժույթների։ Սկզբում` դոլարի, հետո, ինչո՞ւ ոչ` նաև ՀՀ դրամի։ Ավելի պարզ ասած, դոլարիզացիային մասամբ փոխարինելու է գալիս «ռուբլիզացիան»։ Հաշվարկի հիմքում դնելով ռուբլին` Ռուսաստանը դուրս է մղում ամերիկյան դոլարը։ Ճիշտ է, առայժմ` միայն էներգակիրների մասով, սակայն ամեն ինչ առջևում է։ Ոչինչ միանգամից տեղի չի ունենում։ Իսկ նման հայտարարությունները պատահաբար չեն արվում։ Սա նաև կարևոր հոգեբանական քայլ է` ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների տրամադրությունները շոշափելու և գործարարներին ու քաղաքացիներին կամաց-կամաց ռուբլու վերադարձին նախապատրաստելու նպատակով։ Իհարկե, միասնական արժույթը հենց վաղը չի ներդրվի` դա բավականին աշխատատար և ժամանակատար պրոցես է։
Սակայն, եթե Ռուսաստանը համաձայնի, ապա կարելի կլինի ասել, որ միասնական արժույթի ներդրման առաջին գործնական քայլը կատարված է։
Հարցն այն չէ` միասնական արժույթի ներդրումն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, դրանից մենք շահո՞ւմ ենք, թե՞ կորցնում. դա այլ, առանձին վերլուծության թեմա է, և այդ հարցում տնտեսագետները երբեք միասնական կարծիք չեն արտահայտի։ Մենք պարզապես փաստն ենք արձանագրում` կատարվում է առաջին գործնական քայլը։ Ու, որ ամենակարևորն է` այդ քայլը կատարվում է ոչ թե Ռուսաստանի թելադրանքով, այլ մեր իսկ խնդրանքով։ Համենայնդեպս, այդպես ներկայացվում է։