
Ադրբեջանը դատի է տալիս France 2 հեռուստաընկերությանը՝ Ալիևին «բռնակալ» անվանելու համար

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել Ֆրանսիայի France 2 պետական հեռուստաալիքի դեմ այն բանից հետո, երբ վերջինս հեռարձակել է լրագրողական հետաքննություն, որում Ադրբեջանը անվանվում է բռնապետություն, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բռնակալ: Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության փաստաբան Օլիվյե Պարդոյին, հայտնում է France-Presse գործակալությունը:
«Լրագրողներ Էլիզ Լյուսեն ու Լորան Ռիշարը ծրագրի հենց սկզբից Ադրբեջանը ներկայացնում են որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»,- France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Օլիվյե Պարդոն:
Սեպտեմբերի 8-ին՝ երկուշաբթի օրը, France 2-ը Cash Investigation հետաքննական ծրագրի շրջանակում ցուցադրել էր սյուժե, որը նվիրված էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014թ. գարնանը Ադրբեջան կատարած այցին:
Ադրբեջանում նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից խլել էին նկարահանված նյութերը, մասնավորապես, ընդդիմադիր ակտիվիստների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցները:
«Ամբողջ ծրագրի ընթացքում առանց որևէ ապացույցի ադրբեջանցի ղեկավարը ներկայացվում է որպես կովկասյան «բռնակալ» ու «բռնապետ»»,- բացատրել է Ադրբեջանի կառավարության փաստաբանը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանն «այլևս մտադիր չէ նման բան հանդուրժել ու մտադիր է դատի տալ իրեն զրպարտողներին»: