
ՆԱՏՕ-ին անհանգստացնում են Սիրիայում ռուս զինվորականների ներկայության մասին հաղորդագրությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ամերիկացի իշխանություններին հետևելով, անհանգստություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության թվաքանակի ավելացման մասին ստացվող լուրերի կապակցությամբ:
«Ինձ անհանգստացնում են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին հաղորդագրությունները: Դա չի նպաստելու կոնֆլիկտի լուծմանը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նույնպես իր կասկածներն է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում:
ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, հերքում է Սիրիային ռուսական զենքի մատակարարման ու ռուսական ռազմական ներկայության մասին տեղեկությունները:
BBC-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի ու Դամասկոսի միջև պայմանագրերը դուրս չեն գալիս ռազմատեխնիկական համագործակցության շրջանակից: