
Մարդկանց կործանում են դոգմաները. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սիրիայից, Իրաքից եւ տարածաշրջանի այլ երկրներից Եվրոպա փախչող գաղթականները եվրոպացիներից ոչնչով վատը չեն: Իսլամը մեր կրոնից՝ քրիստոնեությունից, պակաս կրոն չի: Նրանք, ովքեր իրենց հավատացյալ են համարում, չեն կարող թշնամական զգացմունքներ ունենալ այլ կրոնի ներկայացուցիչների կամ աթեիստների նկատմամբ: Մաշկի սպիտակ գույնը ոչնչով գերադասելի չէ թուխ գույնից: Բոլոր ազգերի զավակների, բոլոր կրոնների ներկայացուցիչների մեջ կարող են լինել հանճարներ, առաքինի կամ պարզապես պարկեշտ մարդիկ, կարող են լինել նաեւ խուլիգաններ, սրիկաներ եւ ահաբեկիչներ:
Վերոշարադրյալ գաղափարները, այսպես կոչված, «եվրոպական արժեքներ» չեն, նման մտքեր կարելի է կարդալ ոչ միայն քրիստոնյաների, այլեւ բուդդիստների, կոնֆուցիականների, սուֆիզմի հետնորդների գրքերում: Չմտածել այդպես, ենթադրել, որ որեւէ բանի հավատալը նշանակում է «պայքարել անհավատների» դեմ՝ անմտություն է, որը կործանել է բազմաթիվ, այդ թվում նաեւ շատ հզոր երկրներ: Մարդկանց եւ երկրները կործանում է ոչ թե «թուլությունը» կամ արմունկներով «արեւի տակ տեղ բացելու» անկարողությունը, այլ մտքի սահմանափակությունը, որը երբեմն անվանում են «դոգմա» կամ «կարծրատիպ»:
Ցավալի է, երբ մեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են հայտնվում, որոնց հեղինակները, գուցե ենթագիտակցաբար, ելնում են այն մեկնակետից, թե իրենք կամ, այսպես ասենք՝ «իրենք՝ ի դեմս եվրոպացիների», ինչ-որ առավելություններ ունեն Եվրոպան ողողած փախստականների նկատմամբ: Եվ, իհարկե, համաձայն չեմ, որ եվրոպացիների հանդուրժողականությունը կկործանի այդ մայրցամաքը եւ նրա արժեքները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: