Անի Մաջնունյանի սպանության գործով միակ վկան մանրամասներ է պատմում. «Հրապարակ»

«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»:

– Աննա, դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ գնացիք Անիի տուն:

– Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով եւ մեկ տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մուշեղ Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ թատրոնից, սկսեց ինձ սպառնալ եւ շանտաժ անել, եւ ես իր մոտ առանց վարձատրություն աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջեւ եւ խելագարի պես սկսում էր խոսել, կարծես թե ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում էր, որ նա տառապում է անձի երկվությամբ: Իր մասին ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ եւ սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ փակ պահել:

Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես նրա զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի լինում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես մնացի տանը, եւ նա ինձ բռնացրեց եւ տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն եւ նույնը ընտանիքիս հետ կանի, եւ այդպես տարավ ինձ:

Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին: Սարսափած նստել էի բակում, ընթացքում ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ ինքը դուրս է գալիս: Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց եւ ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս բարձրացրի եւ տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա եւ ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս