ՀՀ–ում կրթական համակարգում նոր «բրենդային» ծրագիր է ներմուծվում. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ մի շարք դպրոցներում մեկնարկել է աննախադեպ կրթական նոր նախաձեռնություն: «Մեր հավակնությունն է` ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաև արտահանել որպես գաղափար և բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով և դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ:
Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. Նախագիծը դեռևս չմեկնարկած արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից և միջազգային կառույցներից, որոնք հեատաքրքրված են ծրագրի մոնիթորինգով և ապագայում փորձի փոխանակմամբ: Այս ծրագիրը երևի թե պետություն–մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն և գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ. ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար:
Այսինքն` խոսքը չի գնում հերթական բարեգործործության մասին, սա շրջադարձային նոր համագործակցության ձևաչափ է, որտեղ պետությունը և մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որևէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար և այն կյանքի կոչել»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ մոտ ապագայում ԶԼՄ-ների ներկայացուցիչները կհրավիրվեն բաց դասի, որի ընթացքում տեսակոնֆերանսի օգնությամբ հնարավորություն կլինի ծանոթանալ` ինչպես է իրականացվում ծրագիրը բոլոր 5 դպրոցներում:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս կարևորել է ծրագրի իրականացումը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցել է ծրագրին, որովհետև մենք հավակնում ենք մեր երկրի հեռանկարային տեսլականին, այն է` միշտ ձգտել լինել նորարարության հարթակում: Ծրագիրը նոր մոտեցում է առաջ քաշում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ծրագրի նպատակն է` եթե մենք մտածում ենք երկրի ապագայի համար, որ տարիներ հետո ունենանք տնտեսական զարգացումներ, ապա պետք է կորիզից զբաղվել` այդ զարգացումները սերմանելով: Դրա համար փորձում ենք աշակերտներին փոխանցել գիտելիքներ` դրանով ապահովելով նաև ոլորտի շարունակականության խնդիրը, ինչպես նաև լուծել սոցիալական խնդիր` այդ աշակերտներին ապահովել աշխատանքով»,-նշել է բանախոսը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` ՏՀՏ ոլորտում ներկայումս առկա է շուրջ 2000-2500 որակյալ կադրերի խնդիր: «Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական և արմատական փոփոխություններ կլինեն, որովհետև բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,-նշել է նա:
«Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը նշել է, որ ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա, հետևաբար ծրագիրը թույլ կտա պատանիներին` մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել` ծանոթանալով ՏՀՏ բոլոր ուղղությունների հետ: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին` այս ծրագրում ընդգրկվելու և այն կյանքի կոչվելու խանդավառության համար»,-նշել է նա:
Բանախոսների ելույթներից հետո ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը ներկայացրել է շնորհանդես` նոր առարկաների ներդրման և ընթացքի մասին: