«Պետք է անցկացնել հակաահաբեկչական գործողություն». ՊՆ նախկին փոխնախարարը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

«Պատերազմական վիճակ չէ, ուղղակի շատ լարված իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

– Պարոն Շիրխանյան, ըստ Ձեզ՝ սահմանի այս լարված իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված:

– Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված հանդուրժողականությամբ և անպատժելիությամբ: Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացնում է ահաբեկչական գործողություններ Հայաստանի և Ղարաբաղի սահմանի վրա՝ չունենալով դրա իրավունքը, ընդհակառակը՝ ունենալով միջազգային պարտավորություններ, խախտելով զինադադարի ռեժիմը և հարցի լուծումը տանելով միայն քաղաքական ճանապարհով: Նա իրականացնում է ահաբեկչություններ, արդյունքում՝ բազմաթիվ զոհվածներ կան, իսկ Ալիևն անպատժելի է մնում: Ամբողջ պատճառը սրանում է՝ ոչ միայն ահաբեկել սահմանի պաշտպաններին, հայոց բանակին, հայ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը, որ՝ «տեսեք, եթե դուք ադրբեջանանպաստ լուծում չտաք, մենք շարունակելու ենք այս գործողությունները»:

– Բայց, ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ այդ Ձեր նշած միջազգային հանրությունը հանդուրժողական է Ադրբեջանի նկատմամբ:

Կարդացեք նաև

– Հանրություն ասելով՝ ես նկատի ունեմ խոշոր երկրները, որոնք ունեն իրենց տնտեսական և հակառուսական շահերն Ադրբեջանում: Սա է միավորում արտաքին ուժերին, որ լինեն ավելի հանդուրժողական Ադրբեջանի նկատմամբ:

– Այսինքն՝ դա Ռուսաստանին չի՞ վերաբերում:

– Ոչ, իհա՛րկե չի վերաբերում: Ռուսաստանն ամեն կերպ աշխատում է ամրապնդել Հայաստանի պաշտպանողականությունը, ռազմական անվտանգությունը, նրա ջանքերը դրան են ուղղված:

– Բայց այս լարված իրավիճակը կապում են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցի հետ:

– Ես դա հավանական չեմ համարում: Այսինքն՝ եղել է այցը, քննարկումներ եղել են, դա երկու երկրների խնդիր է, և նրանք սահմանակից երկրներ են, ինչո՞ւ չպետք է հանդիպեն, քննարկումներ անցկացնեն, և դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

– Բայց դա Ադրբեջանին ավելի ակտիվ գործելու հնարավորություն չի՞ տալիս, և, ի վերջո, Ռուսաստանն ինչո՞ւ չի փորձում նման իրավիճակներում զսպել Ադրբեջանին:

– Ոչ, չի տալիս նման հնարավորություն: Այստեղ խնդիրը մերն է՝ Հայաստանի խնդիրն է և հայության խնդիրն է, չպետք է մեղադրենք ոչ մի երկրի՝ հասկանալով, որ ամեն մի երկիր ունի իր քաղաքական-ռազմավարական շահերը, և գնում է այդ շահերի հետևից, և մենք ինքներս պետք է կարողանանք կառուցել մեր անվտանգությունը, ապահովությունը և անձեռնմխելիությունը:

– Բայց, եթե Դուք ասում եք, որ արևմտյան երկրները հանդուրժողական են Ադրբեջանի նկատմամբ, դրա համար է նա լարում իրավիճակը սահմանում, նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի մասին:

– Չէի ասի, որ Ռուսաստանը հանդուրժողական է: Կգա ժամանակը, և ամեն ինչ կերևա:

– Պարոն Շիրխանյան, ըստ Ձեզ՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է իրեն պահի, որ այս ամենը մի կողմից՝ չվերածվի պատերազմի, մյուս կողմից էլ՝ կարողանա զսպել ադրբեջանական կողմին:

– Աշխարհում առաջին անգամը չէ, որ հարևան երկիրն իրականացնում է շարունակական ահաբեկչական գործողություններ մեկ այլ երկրի նկատմամբ: Պատասխանը եղել է այն, որ մյուս երկիրը պատրաստում և իրականացնում է հակաահաբեկչական գործողություն՝ ոչնչացնելով նրա տարածքում գտնվող բոլոր ահաբեկչական կենտրոնները: Եվ դա միջազգային հանրությունը շատ լավ կհասկանա և կընդունի, քանի որ մենք հարյուրավոր զոհեր ենք ունեցել տարիներ շարունակ՝ լուռ մնալով և կրակոցին կրակոցով պատասխանելով: Բայց պետք է անցկացնել հակաահաբեկչական գործողություն: Իսկ դրա համար մենք պետք է մի բռունցք լինենք բանակի հետ միասին:

 

Տեսանյութեր

Լրահոս