
«Եվրոպական որոշ կառույցների կողմից ընդունված է մարդու միս ուտելը, դա էլ բերենք Հայաստան». Սոս Գիմիշյան

«Աշխարհում շուտվանից ո՛չ ժողովրդավարություն կա, ո՛չ մարդու իրավունքներ, եթե Անգելա Մերկելի հեռախոսը լսում են, ուրեմն՝ պետք չէ խոսել ժողովրդավարության մասին, դա համաշխարհային բլեֆ է, խաբեություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը հիշեցրեց այն չորս հիմնական կետերը, որոնք ընկած են սահմանադրական բարեփոխումների հիմքում. «ժողովրդավարության կայուն հիմքերի հաստատում, մարդու իրավունքների պաշտպանությունը, Կառավարման արդյունավետությունը և անկախ և անաչառ դատարաններ ունենալու հրամայականը»:
Ըստ Ս. Գիմիշյանի, սակայն, մեր ժողովուրդը պահպանել է իր իրավունքները՝ որքանով ինքն է կարողացել, և նա կարծում է՝ այդպես էլ լինելու հետագայում: «Ես չեմ տեսնում որևէ մի դրութ, որն ասում է՝ մարդն ավելի պաշտպանված է լինելու: ՀՀ քաղաքացուն կարող ենք հանձնել ուրիշ պետության, փայլուն պաշտպանության ձև է: Այդ պրոցեսի տակ կա նաև մարդկանց օրգանների վաճառքը»,- նշեց Ս. Գիմիշյանը՝ պարզաբանելով, որ Սահմանադրության մեջ գրված է, որ՝ միջազգային իրավունքից ելնելով, կարող են մարդուն հանձնել այլ պետությանը:
Ս. Գիմիշյանը նաև համոզված է՝ այն, որ նոր Սահմանադրությամբ՝ միջազգային պայմանագրերը գերական են լինելու ՀՀ օրենքների և անգամ Սահմանադրության նկատմամբ, նշանակում է՝ արտաքին կատավարման ամբողջացում և խորացում:
Ա. Դավթյանը չհամաձյանվեց Ս. Գիմիշյանի հետ. «Ասում եք՝ մարդու իրավունքներում և հիմնական ազատություններում փոփոխություններ չկան: Տեսեք՝ 3-րդ հոդվածը, դա մարդու արժանապատվությանն է վերաբերվում, սա՝ որպես անփոփոխելի հոդված, այս Սահմանդարության նախագծի մեջ ամրագրվում է: Այստեղ ֆիքսվում է, որ մարդու արժանապատվությունը բոլոր իրավուքների և ազատությունների հիմքն է: Այս Սահմանադրության ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ սահմանվում է՝ ինչ է նշանակում մարդու իրավունք, և որն է առաջնային՝ պետությո՞ւնը, թե՞ մարդը: Մարդը առաջնային է, և պետությունն ուղղակի սահմանափակ է մարդու հիմնական իրավուքներով և ազատություններով: 81-րդ հոդվածում նշվում է, որ այդ իրավունքներն ու ազատությունները չպետք է հակասեն միջազգային իրավուքնում ընդունված ավելի լայն իրավուքների ու ազատությունների, այսինքն՝ մարդու հիմնական ազատություններն ու իրավուքները գերակա են պետությունից, պետության շահից և ընդհանրապես՝ ամեն ինչից»:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավորի այդ դիտարկումներին՝ Ս. Գիմիշյանն ասաց, որ Սահմանադրության առաջին և երկրոդ հոդվածները, որտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դեկլարատիվ բնույթ է կրել և կրելու, ու նա կարծում է, որ նույնը վերաբերվելու է նաև Ա. Դավթյանի նշած 3-րդ հոդվածին. «Ինչ վերաբերվում՝ 81-րդ հոդվածին, եվրոպական որոշ կառույցների կողմից ընդունված է մարդու միս ուտելը, դա էլ բերենք Հայաստան, որովհետև մենք համարում ենք, որ չի կարելի հանկարծ սահմանափակել որոշ իրավունքներ, որը Եվրոպան ընդունում է: Եվրոպան կեղտի մեջ թաղված համակարգ է այսօր: Եվրոպայում ժողովուրդների զգալի մասը պայքարում է այդ կեղտի դեմ: Մենք էլ պետք է միանանք այդ պայքարին, որ այդ աղբը, կեղտը չգա մեր երկիրը և աշխարհում էլ չտիրի, սա մարդկայնության դեմ մեծագույն հանցագործություն է»:
Ա. Դավթյանը նշեց, որ դեմ է նրան, որ առանձին հոդվածներ կամ ձևակերպումներ ընդհանուր կոնտեքստից հանվեն ու ներկայացվեն: «Ես պարտավոր եմ փարատելու պարոն Գիմիշյանի կասկածներն այս ուղղությամբ: Ընթերցում եմ 81-րդ հոդվածի 2-րդ մասը, որ վերաբերվում է սահմանափակումներին.«Հիմնական իրավուքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումներին»: Հարգելի ներկաներ, ես կարդում եմ ամուսնության իրավունքը: Սա հիմնական իրավունք է՝ առանց որևէ սահմանփակման, եթե գրված է կին և տղամարդ միմյանց հետ, ի՞նչ սահմափակում եք տեսնում»,- ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն նրա բերած հիմնավորումները չբավարարեցին Ս. Գիմիշյանին: