«Սառը պատերազմն ավելի երկար կտևի և դրա բացասական ազդեցությունը Հայաստանի վրա կշարունակվի»
Արևմուտք-Ռուսաստան սառը պատերազմի ավարտը չի երևում: ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ը պարբերաբար երկարաձգում են Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները: Վերջինս էլ նրանց պատասխանում է հակընդդեմ պատժամիջոցներով: Երկկողմ մեծ վնասներ պատճառող այս պատերազմից տուժում են նաև երրորդ, հատկապես՝ փոքր երկրները: Այս պահի դրությամբ պատժամիջոցները շարունակվելու են մինչև մարտ:
ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ պատժամիջոցները մարտ ամսին էլ չեն վերացվի և սառը պատերազմն ավելի երկար կտևի և դրա բացասական ազդեցությունը Հայաստանի վրա կշարունակվի: Ըստ նրա՝ հարկավոր է ներքին գործոնները մոբիլզացնել ու 100%-ով օգտագործել. «Տրանսֆերտները պակասում են ՌԴ ռուբլու փոխարժեքի անկման հետ կապված, արտահանումները նվազում են, բայց ՀՀ կառավարությունը լուրջ հնարավորություններ ունի շուտափույթ այնպիսի պայմաններ ձևավորելու, որպեսզի ՀՀ-ն այս կամ այն կերպ ներդրումների համար գրավիչ երկիր դառնա:
Եթե փող չգա այստեղ, դա մեծագույն խնդիր կլինի: ՀՀ խոշորագույն գործընկերը մնում է ԵՄ-ն: ՌԴ հետ առևտրաշրջանառությունը 24.5% է, իսկ ԵՄ հետ շրջանառությունը շատ ավելի մեծ է՝ 40%-ից ավելի: Դրա համար «և-և»-ի և ոչ թե «կամ-կամ»-ի քաղաքականությամբ պայմաններ պետք է ստեղծենք՝ այստեղ և´ արտահանումն ընդլայնելու, և´ գրավիչ պայմաններ ստեղծելու համար: Դրա համար մենք պետք է լուրջ ազատություններ տանք բիզնեսին, պետք է ապահովենք բիզնեսի անձեռնմխելիությունը և նվազագույն շահութաբերութան ապահովումը: Բանկային համակարգում վարկերի հետ կապված պետությունը պետք է լուրջ խաղի մեջ մտնի և այլն: Արտահանման ապահովգրության մասով լուրջ հարցեր պետք է լուծվի: Հիմա ինչ-որ բան մտմտում է կառավարւթյունը, բայց արված չի այն, ինչ որ պետք է արվեր: Այսինքն՝ համալիր քաղաքականություն պետք է վարվի՝ բարելավելու համար առկա միջավայրը: Չնայած վիճակագրությամբ ունենք տնտեսական աճ, բայց ունենք առևտրաշրջանառության ծավալների իջեցում, մարդկանց վիճակի բարելավում չկա, այսինքն մարդիկ հույս չեն կապում: Պետք է այնպես լինի, որ ՀՀ երկրի հետ տնտեսական առումով հույսեր կապեն ներդրողները: Իսկ այսօր հակառակն է՝ ներդրումները դուրս են գնում»: