Բաժիններ՝

Գագիկ Խաչատրյանը և Հրանտ Բագրատյանը համակարծիք են՝ հաջորդ տարին ավելի դժվար է լինելու

«Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք: Բյուջեի կատարողականի տեսանկյունից և առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են:

Հարկային կատարողականը առաջին եռամսյակի համար առաջանցիկ է, բայց դա շատ չի ոգևորում: Սահմանին ԱԱՀ ենք կորցնում, մաքսատուրքերը չեն կոմպենսացվում, գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք: Հետագա վարչարարության բալանսավորված լինելը լուրջ խնդիր է հարկային-մաքսային մարմինների համար՝ վարչարարությո՞ւնն ավելացնել, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ հարկային օրենսգիրքն են փոփոխում, որպեսզի այն բխի տնտեսության զարգացումներից: Գ. Խաչատրյանի խոսքով՝ հարկային օրենսգրքի նախագիծն ուղարկել են ՀՀ կառավարություն:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցադմանը, թե ինչպե՞ս ենք կատարել հարկային մուտքերը, եթե աճ են ապահովել հանքարդյունաբերությունը, որն աշխատել է միջազգային գների նվազման պարագայում, և գյուղատնտեսությունը, որը չի հարկվում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ աճն ապահովվել է հիմնականում վարչարարության հաշվին.

«Բայց դա անսպառ չէ և մենք անհանգստացած ենք հետագա ամիսների համար: Հիմա ԵՏՄ բոլոր երկրներում սեկվեստր է իրականացվել: Դա մեզ էլ է առաջակում ԱՄՀ-ն, բայց մերժել ենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ ո՞ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը: Կառավարությունում հարց ենք բարձրացրել, թե ի՞նչ ուղղությամբ պետք է գնանք՝ խնայողությո՞ւն, պահանջակի ավելացո՞ւմ… ամեն օր քննարկումներ են կատարվում»,-ասաց նախարարը:
Գ.Խաչատրյանը համաձայնեց Հ. Բագրատյանի հետ, որ հաջորդ տարին շատ ավելի դժվար է լինելու, քան այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս