«Քաղաքական մարմնին իրավունք է վերապահվում ձևավորել դատական իշխանություն». Կիմ Բալայան
Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը մի շարք մտահոգություններ ունի կապված Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետ՝ սկսած լեզվից:
Նրա խոսքով՝ մինչև 2005թ. կատարված փոփոխությունները՝ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում էին մինչև 70 տարին լրանալը. 2005թ. կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվեց, որ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: «Ինչո՞ւ այն ժամանակ Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման տարիքը 5-ով իջեցվեց: Մի տրամանաբանություն կար այդտեղ. բոլոր դատարաններում՝ վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի, այդ թվում իրավապահ մարմիններում պաշտոնավարել են մինչև 65 տարեկանը: Եվ մտավախությունն այն էր, որ այդ համակարգից թոշակի գնալուց հետո կարող է նրանք վերադառնան Սահմանադրական դատարան: Եվ կստացվեր, որ Սահմանադրական դատարանում տեսականորեն կարող էին պաշտոնավարել 65-70 տարեկան անձնավորություններ, որոնք սահմանադրական դատավարությունից ընդհանրապես տեղեկություն չունեն: Սահմանադրական դատարանի գործառույթները լրիվ այլ բնույթի են, քան ընդհանուր իրավասության դատարանների լիազորությունները: Այդ իսկ տեսակետից՝ Սահմանադրական դատարանի անդամի պարտականությունը շատ ավելի մոտ է պատգամավորի գործունեությանը, որն օրենքն ընդունելու ժամանակ պարտավոր է հաշվի առնել այն հանգամանքը՝ տվյալ օրենքը բխո՞ւմ է Սահմանադրությունից, թե՞ ոչ, իսկ հիմա բերվեց, նորից դարձվեց 70 տարեկան: Տրամաբանությունը չես հասկանում, թե բա ո՞ւր մնացին 2005թ. հիմնավորումները»,- ասաց նա:
Սահմանադրական դատարանի անդամն ասաց, որ իրականում ցանկացած երկիր Սահմանադրություն և օրենքներ ընդունելիս՝ պետք է ելնի իր ազգային անվտանգության պահպանման շահերից: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի համաձայն՝ Զինված ուժերը պետք է ենթակա լինեն պառլամենտին, սակայն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն՝ Զինված ուժերի հրամանատարությունը հանձնված է գործադիր մարմիններին. այլ խնդիր է՝ պատերազմական, խաղաղ շրջանում ում է տրվում.
«Այս տեսակետից, ես կարծում եմ, խորությամբ ուսումնասիրություններ է պետք կատարել, և, իմ համոզմամբ՝ ավելի ճկուն մեխանիզմ պետք է լինի, քան այն մեխանիզմը, որն այսօր դրված է մեր Սահմանադրության նախագծի մեջ»:
Նրա խոսքով՝ նախագծում նշված է, որ Հանրապետության նախագահն իշխանության գլուխն է. «Եթե խորհրդարանական կառավարում է, ինչո՞ւ Ազգային ժողովի նախագահը չէ իշխանության գլուխը, այլ նախագահն է: Եթե իշխանության գլուխը լիներ Ազգային ժողովի նախագահը, բնական է, որ գլխավոր հրամանատարը նույնպես պետք է լիներ Ազգային ժողովի նախագահը»:
Հարցին՝ արդյոք նախագիծն այս տեսքով իր համար ընդունելի՞ է, Կիմ Բալայանը պատասխանեց, որ սևով և սպիտակով նայելու խնդիր չի տեսնում. «Ես իմ խոսքում շեշտեցի, որ նախևառաջ սա մեկ քայլ առաջ է օրինականության տեսակետից, քանի որ Հռչակագիրը հիմքն է, և Սահմանադրության նախաբանի մեջ նորից հղում է կատարվում նույն Հռչակագրին: Եվ երկրորդ ամենակորևոր հանգամանքը՝ ժողովրդի իշխանությունը վերադարձվում է ժողովրդին՝ հանրաքվեների միջոցով օրենքներ ընդունելու համար: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը կարող է միայն օրենքով փոփոխվել: Սա շատ կարևոր սկզբունքային դրույթ է, որն ամպայամանորեն կնպաստի ժողովրդավարության իրացմանը: Բայց դա չի նշանակում՝ եթե տեսնում ենք, որ դրական բաներ կան, աչք փակենք թերությունների վրա»:
Կիմ Բալայանն ասաց, որ դատական համակարգի անկախության որևէ նոր երաշխիք չի տեսնում. «Ընդհակառակը: Եղած երաշխիքների պակասեցում եմ տեսնում»: Նրա խոսքով՝ դատական ողջ համակարգի ղեկավարումը տրվում է բարձագույն դատական խորհրդին, որը բաղկացած է 10 անդամից. նրանցից 5-ին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս հինգին՝ Ազգային ժողովը. «Քաղաքական մարմնին իրավունք է վերապահվում ձևավորել դատական իշխանություն՝ իշխանության մի թևի գերակայությունը մյուսի նկատմամբ: Ժամանակին, երբ այս հարցի կապակցությամբ քննարկումներ էին ընթանում, ես իմ տեսակետը հստակ ասել եմ. ինչո՞ւ հաշվի չի առնվել կամ գուցե հետո է հաշվի առնվել, չգիտեմ: Մեր պայմաններում շատ ավելի ճիշտ կլիներ, որ այդ հինգ տեղից 3-ը տային Փաստաբանների պալատին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով շփվում են դատարանների հետ և կարող են գնահատել նաև դատավորների աշխատանքը՝ իրենց ընկալումներով, երկուսը տային մարդու իրավունքների պաշտպանին»: