«Երբ ջուրը պղտորվում է, ձուկ բռնողները շատանում են». Տնտեսագետը՝ փոխարժեքային սպեկուլյացիաների մասին

Արժութային տատանումների գործընթացը շարունակական է, և խնդիրը գալիս է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գլոբալ վերափոխումներից: Այս կարծիքին է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով արժույթային շուկայում տեղի ունեցող տատանումների մասին, նկատեց, որ այդ տատանումների համար կան մի շարք գլոբալ գործոններ:

«Առաջին գործոնը նավթի գներն են: Այս տեսանկյունից կարևոր է Չինաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը արժութային շուկայում, որի հետևանքներն այսօր կրում է Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ): Քանի որ Ռուսաստանը հիմնական էներգակիրներ է մատակարարում Չինաստանին, Չինաստանի վերջին էքսպանսիաները բերեցին նրան, որ անմիջականորեն էներգակիրների գների վրա անդրադարձան, դա էլ իր ազդեցությունն ունեցավ ՌԴ  ռուբլու վրա»,- նշեց տնտեսագետը՝ ընգծելով, որ ՌԴ Կենտրոնական բանկի  վարած արժութային քաղաքականության հետևանքով տեղի ունեցավ ռուբլու արժեզրկում։ Ու քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք, նաև մեր միգրանտների զգալի մասը գտնվում  է ՌԴ-ում, այն ուղղակիորեն անդրադարձավ մեր տնտեսական իրավիճակի վրա:

Երկրորդ գործոնը այդ տատանումների գործընթացում, ըստ տնտեսագետի, պղնձի հետ կապված գների անկումն է, որը ՀՀ-ի համար նույնպես կարող է ունենալ բացասական հետևանքներ:

Վերջինիս գնահատմամբ՝ այսօրվա իրավիճակը, որում մենք հայտնվել ենք կառավարելի է. «Եթե 2009 և 2014 թվականներին հանրությունը խուճապի մեջ ընկավ, ապա ես համոզված եմ, որ ներկայումս մեր հանրությունը արդեն հոգեբանորեն պատրաստ է և գիտակացական ձևով է մոտենում այս խնդրին»:

Ա. Մաթևոսյանի խոսքով՝ ԿԲ-ն իր կատարած ինտերվենցիաներով բանկերին արտարժույթով սնուցելու խնդիրը փորձում է լուծել. «Պետք է փորձենք տնտեսությունը աստիճանաբար աշխուժացնել: Մեր կառավարության հետագա գործողությունները պետք է հանգեն նրան, որ մենք կարողանանք մեր տնտեսության ակտիվության հարցը լուծել: Պետք է նաև սոցիալական բնույթի ծախսային քաղաքականությունը մի քիչ ատիվացնել: ԿԲ-ն հիմա հավասարակշիռ քաղաքականություն է վարում գների կայունության, և մյուս կողմից՝ տնտեսությանը չվնասելու խնդրի շուրջ»:

Հարցին՝ եթե չլինեինք ԵՏՄ անդամ, արժույթի խնդիրը ինչպե՞ս կլիներ, տնտեագետը պատասխանեց, որ  քանի որ դա հիմնականում կապված է համաշխարհային տնտեսության հետ՝ լինեինք, թե չլինեինք այդ ցնցումները լինելու էին:

«Բոլոր դեպքերում՝ երբ ջուրը պղտորվում է, ձուկ բռնողները շատանում են, սպեկուլյատիվ խաղեր կլինեն, բայց պետք է աշխատենք զերծ մնալ նման խաղերից»-նշեց տնտեսագետը:

Տեսանյութեր

Լրահոս