«2100թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 1,7-1,8 միլիոն մարդ, ծնելիությունը կնվազի». ՄԱԿ-ի ներկայացուցիչ

«2100թ. մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կհասնի 11.2 միլիարդի»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` խոսելով «ՄԱԿ-ի միջազգային և տեղական զեկույցները Հայաստանի ժողովրդագրական հեռանկարների մասին. դիտարկումներ» թեմայով:

Գ. Հայրապետյանը նշեց, որ վերջերս ՄԱԿ-ի կողմից ներկայացված գլոբալ կանխատեսումները բավականին մեծ հետաքրքրություն և քննարկումներ բարձրացրեցին մեդիա դաշտում, որոնց շարքում կար և բացասական վերաբերմունք, և վստահության պակաս: Ուստի փորձեց բացել ներկայացված տվյալները: Նրա վստահեցմամբ` սրանք կանխատեսումներ են 2015 թվականից հինգ տարվա կտրվածքով 2100 թվականի համար, այստեղ շատ կարևոր է «կանխատեսում» բառը, որովհետև կանխատեսումն արված է` հիմնվելով ներկայիս իրողությունների վրա: Ըստ նրա` այս կանխատեսումներն անհրաժեշտ են, որպեսզի հնարավորություն լինի ծրագրավորել և պատկերացում կազմել` ինչ ուղղությամբ առաջ շարժվել: Սակայն, բանախոսի պարզաբանմամբ, կանխատեսումը կարող է  շատ հեշտությամբ փոխվել. օրինակ, եթե լինի գլոբալ ճգնաժամ, այս կանխատեսումները փոխվելու են, որովհետև մարդկանց վերաբերմունքն իրենց կյանքի նկատմամբ փոխվելու է:

«Այսօր աշխարհում կա 7.3 միլիարդ բնակչություն, որը մինչև 2100 թ. կհասնի 11.2-ի: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան, այսօրվա 1.1 միլիարդից կհասնի 4.4 միլիարդի, Ասիան իր դիրքերը կսկսի զիջել մինչև 2100թ., երբ մարդաքանակի իմաստով Ասիան ամենամեծ տարածաշրջանն է: Եվրոպան նույնպես կպակասի` դառնալով 646 միլիոն, մյուս աշխարհամասերում փոքր աճ կարձանագրվի: Միջին կանխատեսման թվեր են. Հայաստանը 2100թ. կունենա 1,7-1,8 միլիոն բնակչություն, Ադրբեջանը` 9,5 միլիոն, Իրանն ու Թուրքիան կմնան մեծ երկրներ, չնայած կնկատվի բնակչության նվազում: Հայաստանի կանխատեսվող բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն` ունենք 3 միլիոնից մի փոքր ավելի բնակչություն, այն 2100 թ. կկազմի վատատեսական կանխատեսման համաձայն 1 միլիոնից քիչ բնակչություն, իսկ դրա վրա ազդող հիմնական գործոններն են ծնելիությունը, ծերացումը, միգրացիան, որոնք հաշվարկվում են այսօրվա իրավիճակով և վերջին տարիների կտրվածքով»,- տեղեկացրեց Գարիկ Հայրապետյանը: Վերջինս ցանկացավ խոսել մեկ այլ շատ կարևոր գործակցի մասին` աջակցության կանխատեսվող գործակցի` աշխատող բնակչության հարաբերակցությունը կենսաթոշակային տարիքի անձանց հետ:

«Եթե մենք այսօր ունենք մոտավորապես 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100 թ. բարձր կանխատեսումով կունենանք 2,4 աշխատող, որոնք կաջակցեն մեկ կենսաթոշակառուի, իսկ վատատեսականի համաձայն 1,1: Սա լուրջ, մտահոգիչ խնդիր է, սա կբերի լուրջ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող տարիիք բնակչության վրա, որով պահել և ապահովել գոնե արժանապատիվ կենսաթոշակային տարիք դժվար կլինի»,- ցավով նշեց բանախոսը:

Ներկայացնելով միգրացիայի գործակիցը` Հայրապետյանն ասաց, որ միջինում ունենք տարեկան մինուս 25 հազար մարդ, իսկ 2100թ.` մինուս 12 հազար, այսինքն` տարեկան ունենալու ենք այդքան գնացող: Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց նաև ՀՀ-ի ժողովրդագրական բուրգը, որն, ըստ նրա, այսօր նման չէ բուրգի, իսկ 2100թ. նման է լինելու սյան, քանի որ հիմքային հատվածը գնալով նեղանալու է: «2050 թ. ավելի կնեղանա ծնելիության հատվածը, իսկ 2100թ. կունենանք սյուն, որը էլի այդքան կայուն չի լինի, քանի որ հիմքում ավելի նեղ կլինի, քան վերևում»,- նկատեց նա:

Վերջինս նաև ասաց, որ սեռերի հարաբերակցությունը կազմում է 86.5 տղամարդուն 100 կին: « Բայց, եթե մենք դիտարկենք 0-19 տարեկանների շարքում, ապա ունենք 11.4 % ավել տղա, քան աղջիկները: Ամեն տարի, այդ հաշվարկի համաձայն, ծնվում է 114 տղա, 100 աղջիկ»,- ամփոփեց բանախոսը:

Իր հերթին ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ասաց, որ կանխատեսումները պայմանական են և ոչ վերջնական: Դրանք, նրա համոզմամբ, կարող են փոփոխությունների ենթարկվել ինչ-ինչ գործոնների ներքո:

Տեսանյութեր

Լրահոս