Հարկադրված պատասխան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանի առթիվ
168.am էլեկտրոնային կայքի լրագրող Նվարդ Մանվելյանի կողմից իմ հետ ունեցած և «Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստների ի ցույց դնելն անհարիր է» վերնագրով ս/թ օգոստոսի 14-ին նույն կայքում հրապարակված հարցազրույցի մի քանի հարցերի վերաբերյալ օգոստոսի 21-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանով հանդես գալը համարում եմ շատ ընդունելի: Այդ պատասխանի առիթով էլ՝ պատասխանի իրավունքով, այս անդրադարձումովս պիտի ջանամ հենց այդ ՊՈԱԿ-ի տարբեր լրատվամիջոցներին, վերադաս կազմակերպություններին ոչ հեռու ժամանակներում՝ վերջին 4-5 տարիներից սկսած, հղած պաշտոնական փաստաթղթերից մեջբերումներ կատարելով ընթերցողին, ինչպեսև ՊՈԱԿ-ին ի ցույց դնել այս կամ այն հանգամանքներից առաջացած խնդիրներին, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունք և պատասխանատվություն դրսևորելու, հենց նույն այդ ՊՈԱԿ-ի և ոչ այլոց, տվյալ դեպքում՝ տողերիս հեղինակի կողմից խեղաթյուրելու, գիտակցաբար թե անգիտակցաբար, հրապարակավ ապակատեղեկատվություններ կատարելու փորձերը:
Պիտի աշխատեմ նաև ՊՈԱԿ-ի պատասխանում արծարծված հարցերի շրջանակներից դուրս չգալ, ինչպեսև հնարավորինս ձեռնպահ մնալ ընդարձակ մեկնաբանություններ կատարելուց: Քանզի, ստորև մեջբերվող փաստարկներն ինքնին իրենց մեջ պարունակում-պարզաբանում են թե՛ գործող օրենսդրական պահանջներ, և թե՛ դրանցից բխող մեկնաբանություններ: Եվ այսպես.
- ՊՈԱԿ -ի պատասխանի 2-4 պարբերությունները վերաբերում են վերոհիշյալ հարցազրույցում իմ կողմից մատնանշված այն պնդմանը, որ «Գառնի» թանգարանի անմխիթար վիճակում գտնվող արքունի բաղնիքի նորոգման նախագիծը՝ որպես պատվիրատու, պետք է իրականացնի ՊՈԱԿ-ը: Սա, անշուշտ, ամենևին դուր չի եկել ՊՈԱԿ-ի տնօրինությանը, և կայքին հղած իրենց պատասխանում իրազեկում են, որ «արքունական բաղնիքի հատակի խճանկարի (պետ. ցուցիչ՝ 6.21.4.4.1) վերականգնմանը, ապա անշուշտ հրատապ խնդիր է և գտնվում է ուշադրության կենտրոնում: Պատմական հուշարձանի բաղնիքի խճանկարի վերականգնումը մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր չէ, այն ժամանակ ու մասնագիտական լուրջ մոտեցում է պահանջում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում արտերկրից լավագույն մասնագետներ հրավիրելու և վերականգնման աշխատանքներում ընդգրկելու ուղղությամբ»:
ա. Այստեղ մեկնաբանություններ չկատարենք և միայն արձանագրենք, որ ՊՈԱԿ-ը «մասնագիտական լուրջ մոտեցմամբ» հիմա էլ բաղնիքի աշխատանքներն առաջ տանելու համար մասնագետներ է փնտրում արտերկրում, որը, իհարկե, դրական է: Ստորև պարզապես ծանոթանանք ընդամենն օրեր առաջ՝ օգոստոսի 6-ին, «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Սառա Պետրոսյանի, հիշյալ կայքում հրապարակած «Մշակույթի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում «Գառնի» արգելոցի և Արքունի բաղնիքի քայքայումը կանխելու համար» հոդվածում այս խնդրի վերաբերյալ զետեղված հենց այս ՊՈԱԿ-ի «մասնագիտական լուրջ» (իմա՝ անլուրջ) երկու այլ պատասխաններին ևս:
Հեղինակն այդ հոդվածում իրավացիորեն արձանագրում է, որ «5-6 տարուց ավելի է, ինչ ահազանգվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքի դիցաբանական բովանդակությամբ խճանկարի քանդվելու մասին: Ի՞նչ է ձեռնարկվել խճանկարը ոչնչացումից փրկելու համար, արդյոք խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ պատվիրվե՞լ է: Եթե ոչ, ապա ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ և ի՞նչ ժամկետներում»,- հերթական հարցումը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղարկել ենք մեկ ամիս առաջ:
Հարցմանը պատասխանել է նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարների հետագա քայքայումն ու վնասումը կանխելու նպատակով, նաև հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 21.10.2014թ. դիմել է լիազոր մարմնին՝ խնդրանքով՝ նախարարության պատվերով կազմելու բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և այն տրամադրել ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ «Պահպանության ծառայությունը» պատրաստ է սեփական միջոցներով ձեռնամուխ լինելու խճանկարի վերականգնման աշխատանքների իրականացմանը»,- ասվում է պատասխան գրության մեջ:
…ՊՈԱԿ-ի տնօրենը նույն անորոշ պատասխանը մեզ տվել էր նաև մեկ տարի առաջ՝ մեր հերթական գրությանը (18.02.2014, թիվ 8- Հլ7-Ա.Ա) պատասխանելով. «խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ կպատվիրվի, կներկայացվի լիազոր մարմնի գիտամեթոդական խորհուրդ ու քննության կառնվի: Համապատասխան դրական եզրակացությունից հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները» (hetg.am/arm/nevs):
բ. Այնուհետև պատասխանի 3-րդ և 4-րդ պարբերություններում մեջբերելով ՊՈԱԿ-ի կանոնադրության 11-րդ կետի գ, ե ենթակետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերությունը, 36-րդ հոդվածի ա կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը, ի վերջո՝ անտեսության տալով այդ օրենքներում և այլ որոշումներում ամրագրված և իրենց ոչ ձեռնտու կետերն ու հոդվածները, ի լուր հանրությանը, հանգել են հետևյալ «հանճարեղ» եզրակացություններին: Նախ՝ այն, որ «առհասարակ պետության գույքի նկատմամբ պահպանությունն իրականացնում է պետությունը, և ՊՈԱԿ-ը պարտավորություն չունի, պետությունն էլ պարտավորություն չունի ՊՈԱԿ-ի գույքի նկատմամբ»: Ապա, «քանի որ «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի հուշարձանախումբը պետական սեփականություն է, ուստի վերջինիս վերականգնման աշխատանքների իրականացումը պետք է կատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Այստեղ, ինչպես տեսնում ենք, ՊՈԱԿ-ն ակնհայտորեն անտեսում է, որ պետականորեն ինքը՝ իր ենթակայության տակ գտնվող-գործող թանգարաններով, հանդիսանում է պետական գուք, սեփականություն համարվող հուշարձաններ օգտագործողի կարգավիճակ և այդ գործում ունի օրենսդրական ակտերով ու որոշումներով կարգավորվող շատ հստակ պարտականություններ: Հիմա եկեք պետական կազմակերպություն հանդիսացող այս կառույցի վերոնշյալ դիրքորոշումների «լուրջ մոտեցումները» լուսաբանենք ստորև բերվող օրենքների ու որոշումների համապատասխան կետերով:
գ. 2003 թ. մարտի 7-ի թիվ 312-Ն ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ՀՀ կառավարության 2002թ. մարտի 6-ի թիվ 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» 10 կետից բաղկացած որոշման 2-րդ կետով «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկին «Գառնի», «Զվարթնոց», «Դիլիջան», «Արփի», «Գոշավանք» և «Մեծամոր» թանգարանների միացմամբ վերակազմավորվել է որպես այժմյան ՊՈԱԿ, և որոշման 3-րդ կետով էլ հաստատվել նրա կանոնադրությունը:
Հիշյալ որոշման 4-րդ կետով էլ, ի թիվս պետական սեփականություն հանդիսացող գույքի, հողամասերի, հիշյալ թանգարանների «պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրանց նպատակային նշանակության համապատասխան օգտագործման պայմանով…»:
դ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված է, որ «հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների սեփականատերերը և օգտագործողները»: Օրենքի 42-րդ հոդվածով էլ կարգավորված է, որ «հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում է.
ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով,
բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով»:
ե. ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի թիվ 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգի» 82-րդ կետի առաջին պարբերությամբ՝ «հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են դրանց սեփականատերերի ու օգտագործողների միջոցների հաշվին»:
Այդ նույն կարգի 84-րդ կետով սահմանված է, որ «պետական սեփականություն համարվող և օգտագործվող հուշարձաններն օգտագործողները… իրենց տնօրինության տակ գտնվող ամրակայման, նորոգման, և վերականգնման աշխատանքների կատարման նախնական համաձայնություն ստանալու նպատակով դիմում են լիազորված մարմնին: Դիմումում նշվում են կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը»: Այնուհետև՝ 85-րդ կետը հստակորեն պարզաբանում է, որ լիազոր մարմնից «նախնական համաձայնություն ստանալուց հետո հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը՝ որպես պատվիրատու, նախագծող հեղինակի հետ մշակում է հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծային առաջադրանքները՝ հաշվի առնելով լիազոր մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները:
Նախագծման առաջադրանքը կազմվում է հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտի հիման վրա»: Այնուհետև այս և 86-96 կետերով և մանրամասնորեն արձանագրված են հուշարձանի նախագծի կազմման, քննարկման, գործողության մեջ դնելու և առնչվող խնդիրների կարգը:
Այնպես որ, վերը բերվածներն ակնհայտորեն ապացուցում են այն պարզ ճշմարտությունը, որ հուշարձաններն օգտագործողների համար հստակորեն սահմանված են ինչպես նրանց իրավունքները, այնպես էլ պարտականությունները: Եվ այդ պարտականությունների կատարումից էժանագին կարգով խույս տալը կամ էլ զանազան պատճառներ ու հանգամանքներ փնտրելը պետական կազմակերպությանն ամենևին էլ պատիվ չի կարող բերել:
- ՊՈԱԿ-ի պատասխանի հաջորդ՝ 5-րդ պարբերությունը, իբր պարզաբանում է հարցազրույցում նշած իմ այն պնդումները, որ «միայն վերջին 7-8 տարիների ընթացքում «Գառնի» թանգարանի տոմսերի վաճառքից գոյացած գումարը, որ կազմում է տարեկան՝ մոտավոր 80-120 միլիոն դրամ, մուտքագրվում է ՊՈԱԿ… Ի վերջո, այդ ՊՈԱԿ մտած գումարի տարեկան 5 տոկոսը միայն բավարար է «Գառնիի» պահպանության խնդիրների ծախսերը լուծելու համար: Եվ հետո, վերջերս «Գառնին» արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվող «Մելինա Մերկուրի» 15.000 դոլար կազմող մրցանակին… Ենթադրվում էր, որ այդ միջոցներից պետք է որոշակի գումարներ տրամադրվեր «Գառնիի» բաղնիքի քայքայվող հատակը փրկելու համար: Ցավոք սրտի, ոչ մի լումա չտրամադրվեց վերականգնման աշխատանքների համար»:
Վերոնշյալ հարցադրումներին ստույգ պատասխաններ տալու փոխարեն՝ ՊՈԱԿ-ը՝ իրեն բնորոշ և շատ հարիր գործելաոճով, նախընտրել է շրջանցել հարցը և ներկայացնել, թե ինչ կարգ ունի ՊՈԱԿ-ի թանգարաններից 6-ի տոմսերի վաճառքից 2012-2014թթ. ստացված հասույթի տոկոսային պատկերը, որի մասին իմ հարցազրույցում խոսք չկա: Ինչևէ, ՊՈԱԿ-ը փաստում է, որ տոմսերի վաճառքից առաջացած ընդհանուր հասույթի «86.7 տոկոսը բաժին է հասել՝ «Գառնի», 12.54 տոկոսը՝ «Զվարթնոց», 0.54 տոկոսը՝ «Մեծամոր», և 0.22 տոկոսը՝ մյուս արգելոց-թանգարաններին»: Այստեղ հարցնենք ՊՈԱԿ-ի հաշիվ-հաշվարկներ կատարող պատասխանատուներին, թե այդ տոկոսային պատկերը ո՞ր ընդհանուր գումարից են ստացել: Ի՞նչ է, կարևոր չե՞ն համարել նշելու մայր գումարի չափը, վրիպե՞լ են, թե՞ գիտակցաբար այն շրջանցել են… Հետևությունները թողնենք ընթերցողներին:
- ՊՈԱԿ-ի պատասխանի հաջորդ հարցը վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011թ. մայիսին «Գառնի» թանգարանին տված «Մելինա Մերկուրի» մրցանակի 15.000 դոլարը ՊՈԱԿ-ի կողմից տնօրինելուն և ծախսելուն, որը 2013-2014թթ. մի շարք քննարկումների առիթ է դարձել նաև լրատվամիջոցներում:
ա) Եթե հերթականությամբ անդրադառնանք այս հարցի վերաբերյալ ՊՈԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերին, ապա դա 2011թ. սերտեմբերի 16-ին Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին հղված թիվ 1-451 ՊՈԱԿ-ի պատասխան գրությունն է, ուր հստակորեն շարադրված է մրցանակային այդ գումարի ծախսելու ժամանակացույցը, որի 8 կետերով ներկայացված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2011թ. դեկտեմբերի 25-ը: Ստորև, պարզապես ներկայացնենք այդ նամակի քսերոպատճենը և քիչ հետո կետ առ կետ անդրադառնանք դրան:
բ) Հաջորդը, ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանի (2011 թ.՝ պաշտոնակատար) 2011թ. սեպտեմբերի 20-ին «Իրավունք» թերթին տված պաշտոնական հարցազրույցն է, որտեղ, ի թիվս այլ հարցերի, պրն Պողոսյանը հավաստիացնում է, որ «տրամադրված 15.000 դոլարը նախատեսվում է ներդնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետագա զարգացման նախագծերի իրագործման մեջ»:
գ) Հիմա, ըստ հերթականության՝ անդրադառնանք 2011թ. սեպտեմբերի 16-ի վերոբերյալ նամակի 8 կետերին՝ փակագծերում նշելով դրանց կատարված կամ չկատարված լինելու և առնչվող հանգամանքների մասին: Այսպես.
1-ին կետ– «Գառնիի» թանգարանի շենքի նախագծում (իրականում այդ նախագիծը կատարվել է 1981-83թթ.: Այն՝ նոր պահանջներով պայմանավորված, վերանայման ու սրբագրման-շտկման անհրաժեշտություն ունի, որի համար նախատեսված 3000 դոլար գումարով աշխատանքը 2011 թ. չի կատարվել: Իրականում, նախագծող ճարտարապետի հետ այդ հարցով բանակցություններ են վարվել միայն 2013 և 2014 թվերին):
2-3 կետեր-Կատարված են:
4-րդ կետ– Կատարված է (Սակայն փաստեք, ու վիկտորինա-մրցույթի ծրագիրը ՊՈԱԿ-ի համապատասխան բաժնի կողմից իրականում կազմվել է դեռևս 2010 թ. սկզբներին և նույն տարվա գարնանն էլ առաջին անգամ իրականացվել է Սյունիքի մարզում: Եվ 2010 թ.-ից սկսած, այս վիկտորինայի հարցերը՝ ըստ մարզերի համապատասխանեցնելով, իրականացվում են մարզերում):
5-րդ կետ– Մինչև այժմ նախատեսված A1 չափի պատկերամուտ սարքի ձեռքբերումը (6000 դոլար) չի իրականացվել:
6-րդ կետ– Իրականացվել է 2012 թ. վերջերին(«Գառնիի» բուկլետի նախնական տարբերակն իրականում պատրաստվել է 2010թ.: Այնուհետև այն նոր համահեղինակների կողմից 2012թ. լրամշակվել և տպագրվել է 2012թ. վերջերին: Այդ 16 էջանոց բուկլետում ոչ մի խոսք չկա, որ այն իրականացվել է «Մելինա Մերկուրի» մրցանակի շրջանակներում: Բացի այդ՝ այն հրատարակվել է առանց տարեթվի, տեղի, ինդեքսավորման, տպաքանակի, տպագրատան անվան, հրատարակիչի և նրա հեղինակների հեղինակային իրավունքների մատնանշումներով, որն ամենևին պատիվ չի բերում պետական կազմակերպությանը):
7-րդ կետ– ՊՈԱԿ-ի վերոնշյալ և 2014թ. մեկ այլ պատասխանով փաստվում է, որ «Գառնի» թանգարանի համար նախատեսված 1500 դոլարի սարքավորումներ ձեռք բերելու փոխարեն՝ սարքավորումների համալրում է կատարվել ՊՈԱԿ-ի բաժիններից մեկում:
8-րդ կետ- Կատարվել է (Այստեղ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մոտավորապես 35-45 սմ չափեր ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի պատվոգրի մետաղյա պատրաստման և տեղադրման համար ՊՈԱԿ-ը շռայլորեն նախատեսել է 1500 դոլար, որից կատարող կողմը, անշուշտ, դժգոհ չի եղել):
դ) 2014 թ. սերտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և գլխավոր դատախազին ուղղված իմ դիմումի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 2014թ. հոկտեմբերի 16-ի թիվ 632-Ա հրամանով ստեղծված 7 հոգուց կազմված աշխատանքային խումբը (նախարարության վարչության պետեր, պետերի տեղակալներ) իրենց կատարած ստուգումների հիման վրա 2014թ. հոկտեմբերի 27-ի կազմած արձանագրությունում (էջ 13), ի թիվս մի շարք այլ հարցերի, արձանագրել է, որ «Մելինա Մերկուրիի» մրցանակի գումարը «2011թ. սեպտեմբերի 16-ի 1-451 գրությամբ ՊՈԱԿ-ը նախարարություն է ներկայացրել գումարի տնօրինման հետ կապված միջոցառումների և գործողությունների պլան: Նվիրաբերված գումարը ծախսվել է ամբողջությամբ»:
Այս մեկ օրինակով էլ ակնհայտ է, թե լիազոր մարմնի հանձնաժողովի անդամ-պաշտոնյաներն ինչպիսի հնազանդությամբ ու «ջանասիրությամբ» են ստուգումներն իրականացրել և ինչ եզրակացությունների հանգել: Քանզի 2014-2015թթ. ՊՈԱԿ-ը հենց միայն այս խնդրի վերաբերյալ կատարված հարցումներին տալիս է իրարից տարբերվող, բնականաբար և, մեղմ ասած, ոչ այնքան էլ ստույգ տեղեկություններ (իմա՝ ապատեղեկություններ): Ի վերջո, «168 Ժամին» հղած պատասխանում ՊՈԱԿ-ը խոստովանում է, որ 6000 դոլարի A1 չափի սարքը առ այսօր չի գնել: Հավանաբար այդպիսի դեպքերի համար է, որ կարելի է ասել՝ Մշակույթի նախարարության հանձնաժողովի արգո անդամներ, Ձեր մասնագիտական ու մարդկային որակներն ինչի՞ հետ եք չափել, ապա վկայել, որ մրցանակային այդ «գումարը ծախսվել է ամբողջությամբ»: Վերջիվերջո, մասնագիտական պատիվն ու պատասխանատվության զգացումն էլ լավ բան է:
ե) Քաղ. Արա Հարությունյանի 2014թ. հուլիսի 25-ին ՊՈԱԿ-ին ուղղված գրավոր հարցման մի շարք կետերին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանի 2014թ. օգոստոսի 23-ի թիվ 1-852 գրություն-պատասխանի 6-րդ կետում, որը վերաբերում է մրցանակային 15000 դոլարի ծախսումներին, իրապես կատարված մի քանի աշխատանքների թվում, ոչ ավել, ոչ պակաս, շեշտվում է, որ այդ «գումարն ուղղվել է նպատակային ու առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը, որպիսիք են… արգելոց-թանգարանների և ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման բաժնի նյութատեխնիկական հագեցվածությունը բարելավելու նրատակով համակարգիչների և կից սարքավորումների ձեռքբերումը… ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում կամավորական ճամբարի գործառումը (սկսված 2012 թ.-ից) և այլն»:
Մարդ ակամայի զարմանում է ՊՈԱԿ-ի այսպիսի իրարամերժ, գրությունից՝ գրություն, պատասխանից՝ պատասխան այդ մրցանակային գումարի շրջանակներում ՊՈԱԿ-ի այլ միջոցներով կատարված նորանոր աշխատանքների հայտնաբերումն ու թվարկումը: Այս ամենն, անշուշտ, արվում է, որպեսզի մի կերպ ի ցույց դրվի, որ այդ մրցանակի գումարի ծախսումները հավաստի երևան: Մի գործելաոճ, որը պարզապես հավասարազոր է աչքակապության: Օրինակ, ինչպե՞ս կարող էր 2012թ. հունիսին առաջին անգամ իրականացված «Պատրիմոնիտումի» ծրագրի համար գումար ներդնել, երբ ՊՈԱԿ-ն ու նախարարության հանձնաժողովը փաստել են, որ այդ գումարն ամբողջովին ծախսված է եղել 2011թ.: Բացի այդ էլ՝ այդ ծրագիրն ի սկզբանե իրականացվում է ոչ թե «Գառնիում», այլ «Զվարթնոց» թանգարանում:
Ահավասիկ, այդ մասին ՊՈԱԿ-ի 2012թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունում տեղ գտած գրառումը, որը հղում եմ ամբողջությամբ. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, 2012թ. հուլիս ամսին ՀՈՒՋ ուսանողական կամավորական ջոկատների համար միջազգային աշխատանքային ճամբար հիմնելու նախագծի շրջանակներում, օտարերկրացի ուսանող-կամավորների համար կազմակերպվել և իրականացվել են «Խոսենք մեր պետությունների խորհրդանիշների լեզվով», «Ազգային հնչյունները Զվարթնոցում», «Պատրիմոնիտու 2012 իմ տպավորությունները» սլայդ-շնորհանդես ծրագրերը: Կատարված աշխատանքների սլայդ-շնորհանդեսային տարբերակները տեղադրվել են համացանցում՝ ունենալով ավելի քան 180 դիտում: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և կիրագործվի նաև 2013թ.» («Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2012 թ. գործունեության հաշվետվություն, Եր., 2013, էջ 20):
Այսպիսով, ինքնըստինքյան հարց է առաջանում՝ մի՞թե պետական հիմնարկի պաշտոնյաներին վայել է այսպիսի անփութությունն ու աշխատելաոճը: Չէ՞ որ միջազգային այդ մրցանակը, որին հանրապետությունում արժանացել է միայն «Գառնին», տրվում է աշխարհի գեղատեսիլ մշակութային վայրերի լանդշաֆտները պահպանելու, չձևափոխելու և դրանք անխաթար ապագա սերունդներին փոխանցելու համար: Այս առիթով 2011 թ, մայիսի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը բառացիորեն փաստում-հորդորում է, որ «հնավայրն արժանանում է այդ մրցանակին ձեռնարկված այն միջոցների համար, որոնք գործադրվել են մշակութային մնացորդների պահպանության, ինչպեսև այն ջանքերի համար, որոնց նպատակը հնավայրի բացահայտումն է տեղացի և օտար այցելուների համար: Ժյուրին ողջունել է նաև այն փաստը, որ աշխատանքն ընթացել է տեղական համայնքի հետ համաձայնությամբ՝ խրախուսելով սոցիալական և տնտեսական զարգացումը»(htt://www. unesco. org/new): Ցավոք, վերջին 2-3 տարում Գառնի գյուղի համայնքի հետ էլ ՊՈԱԿ-ի համագործակցությունը՝ «Գառնի» թանգարանի տարածքում սրճարան տեղադրելու փորձով պայմանավորված, ոչ թե սկսեց սերտանալ, այլ ճիշտ հակառակը՝ դարձավ իրար փոխադարձ մեղադրանքներով վարկաբեկելու և դատական պարզաբանումների խնդիրներ:
- ՊՈԱԿ-ի պատասխանի վերջին հարցը վերաբերում է Գառնիի միջնադարյան կամուրջի 2013 թ. վերանորոգմանը, որի ֆինանսավորումը կատարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Իմ հարցազրույցում՝ մանրամասնությունների մեջ չմտնելով, միայն նշել էի, որ Մշակույթի նախարարությունն այդ կամրջի նորոգման աշխատանքները հարկ էր, որ իրականացներ իր ենթակայության տակ գտնվող մասնագիտացված կազմակերպության, այլ ոչ թե այն կատարեր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցով: Նշել եմ նաև, որ և՛ հասարակայնության ներկայացուցիչները, և թե՛ մասնագետները մեծ դժգոհություններ արտահայտեցին այդ պատմական հուշարձանը մասնագիտական տեսակետից ոչ ճիշտ վերանորոգելու համար:
Այստեղ, ինչպես ակնհայտ է, իմ քննադատական մոտեցումը նախևառաջ հասցեագրված է Մշակույթի նախարարությանը: Այնուամենայնիվ, ՊՈԱԿ-ը հարկ է համարել իր պատասխանում արձանագրել այդ գործընթացի՝ սահմանված կարգով իրականացված լինելու ընթացքը, որն էլ իմ հարցադրումների հետ ամենևին կապ չունի, բնականաբար, էլ դրան չեմ անդրադառնում:
Միով բանիվ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերոնշյալ պատասխանի առիթով կատարված այս անդրադարձումս ևս մի անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական և մասնավոր շատ կառույցներում օրենքներն ու օրինականությունները, ցավոք, այնքան են ձևախեղվում ու շրջանցվում, որ կարծեք թե դրանք դարձել են ավելորդություններ: Քանզի, օրըստօրե առաջնային են դառնում այս կամ այն պաշտոնյայի կամ էլ խմբավորումների կամային որոշումները:
Որպես այս անդրադարձիս վերջաբան, շատ ու շատ կցանկանայի, որ գոնե պետական այս կամ այն կառույցներում՝ մեծ ու փոքր պաշտոններ զբաղեցնող անձինք, առավել ևս՝ մշակույթի բնագավառի պատասխանատուները, տիրապետեին իրենց վստահված բնագավառների բազային գիտելիքներին և այդ ամենն ազնվորեն կիրառեին գործնական աշխատանքներում:
Արգամ Այվազյան
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ