«Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է». Արգամ Այվազյան

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձած Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների մասին Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի 168.am-ին տված հարցազրույցը բողոքի ալիք է բարձրացրել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ և պահպանությամբ զբաղվող մտավորականների և մասնագետների ստվար զանգվածի մոտ:

Նախօրեին այս թեմայի շուրջ 168.am-ի հետ զրուցելու ցանկություն հայտնեց նաև պատմաբան, մատենագետ, հայագետ Արգամ Այվազյանը: Նա մեզ հետ իր զրույցի ընթացքում անդրադարձավ ինչպես՝ փոխնախարարի, իր ձևակերպմամբ՝ հակասական հարցազրույցին, այնպես էլ՝ վերջին տարիների ընթացքում այդ գերատեսչության կողմից պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների որակին և դրանց հետևանքներին:

Մինչ այսօր լռության մատնված փաստերի բացահայտումներով Արգամ Այվազյանի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում պատմամշակութային հուշարձանների ուղությամբ տարվող վերականգնողական աշխատանքների որակը:
– Ինձ հուշարձանների պահպանության ոլորտի բոլոր նրբությունները ծանոթ են, որովհետև երկար տարիներ՝ դեռևս 1978 թ., ներգրավված եմ եղել այդ բնագավառի աշխատանքներում, ընդհուպ՝ մինչև այս տարվա հունվար ամիսը: Պետք է նշեմ, որ հուշարձանների պահպանության ոլորտն առհասարակ դժվարին աշխատանք է՝ լինի խորհրդային իշխանության տարիների՞ն, հիմա՞, թե՞ ապագայում: Կյանքը զարգանում է, քաղաքաշինությունն ու բնակավայրերը՝ նույնպես, և, բնականաբար, այս զարգացման առաջին զոհերն անցյալից մնացած հնագիտական հուշարձաններն են: Վերջին 100 տարվա ընթացքում ավերվել, գետնի երեսից վերացվել է ավելի քան 600 նմանօրինակ հուշարձան: Հիմա հանրապետությունում, որպես հուշարձանապահպանման մարմիններ, մնացել են թվով 2-3 կառույցներ, որոնք ունեն փոքր անձնակազմ, և աշխատանքները, որոնք տարվում են հուշարձանների պահպանության ուղղությամբ, ցավոք, պիտի փաստեմ՝ բարձիթողի վիճակի են մատնված:

Ինչի՞ արդյունք է դա՝ հուշարձանների նկատմամբ ոչ պատշաճ, անտարբեր վերաբերմունքի՞, թե՞ այլ պատճառներ կան:

Խնդիրները նմանօրինակ ընթացք ստացան, երբ 1995 թվականին փլուզվեց Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը, որ Հայաստանի կառավարության Մինիստրների խորհրդին առընթեր կազմակերպություն էր, ոլորտը ենթարկելով Մշակույթի նախարարությանը: Հետագա մի քանի տարիների ընթացքում այս ստատուսը ևս շատ համարվեց, և այն դարձավ պարզապես՝ որպես գործակալություն: Փաստորեն, ստատուսը լրիվ իջավ: Այդ տարիներին իսպառ փլուզվեցին նաև 1978-79թթ. ստեղծված այն հզոր կառույցները, որոնք վերահսկում էին հուշարձանների պահպանության ոլորտը՝ Նախագծային ինստիտուտը, գիտաարտադրական արվեստանոցները, որ զբաղվում էին հուշարձանների վերականգնման աշխատանքներով, և էլի նմանատիպ կառույցներ: Համակարգի նմանօրինակ փլուզումից հետո երկար տարիներ՝ մինչև 2003թ., դադարեցվեցին նաև հուշարձանների վերականգնման աշխատանքները: Այս թվից վերսկսված հուշարձանների վերականգնման աշխատանքները, թե´ կազմակերպչական առումով, թե´ տեխնիկական, թե´ որակի տեսակետից, կատարվում են անթույլատրելի և անվերականգնելի բացթողումներով և սխալներով:

Մի քանի տարի առաջ քննարկվում էր Գառնու համալիրին կից սրճարանի կառուցման խնդիրը, ինչը, իհարկե, չիրականացավ

Բայց եկեք տեսնենք՝ Գառնու տաճարին անդրադառնալու մեկ այլ ասպեկտ արդյո՞ք չուներ Մշակույթի նախարարությունը: Տաճարին կից մենք ունենք անտիկ դարաշրջանի բաղնիքը՝ իր խճանկարով, որը բառի բուն իմաստով վերին աստիճանի անմխիթար վիճակում է, և տարին տարու վրա անվերադարձ քայքայվում է: Այստեղ ոչ թե ֆինանսական միջոցների բացակայություն կա, այլ մուկն ու կատու խաղալու իրավիճակ:

Նախորդ տարի «Հուշարձանների պահպանության ՊՕԱԿ-ը» հայտարարել էր, որ այդ անմխիթար վիճակը վերացնելու համար նախագիծ կպատվիրեն, ու աշխատանքներ կիրականացվեն: Պարզվում է՝ նրանք 2014թ. դիմել են Մշակույթի նախարարությանը, որ նրանք նախագիծը կազմեն, իսկ իրենք իրենց միջոցներով վերականգնեն: Կանոնադրության համապատասխան կետով, որը հենց հիմա իմ ձեռքի տակ է, հստակ նշվում է, որ նախագիծը պետք է կատարի ոչ թե Մշակույթի նախարարությունը, այլ հենց իրենք՝ որպես պատվիրատու՝ «Հուշարձանների պահպանության ՊՕԱԿ-ը»: Դա նրա պարտականությունն է, որը, ցավոք սրտի, մինչ այսօր անկատար է:

Ինչո՞ւ: Պատճառը Ձեզ հայտնի՞ է:

Ես չգիտեմ դրա հստակ պատճառները: Վստահ միայն կարող եմ ասել, որ ֆինանսական բնույթի խնդիրներ չկան, որովհետև միայն վերջին 7-8 տարիների ընթացքում Գառնու թանգարանի տոմսերի վաճառքից գոյացած գումարը, որ կազմում է տարեկան մոտավոր 80-120 մլն դրամ, մոտքագրվում է «Հուշարձանների պահպանության ՊՕԱԿ»:

Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես են տնօրինվում այդ գումարները:

– Ինչքան ինձ հայտնի է, գումարներն օգտագործվում են այդ ՊՕԱԿ-ի տարբեր խնդիրների լուծման նպատակով:

Դրա մեջ, օրինակ, տաճարին կից միջնադարյան բաղնիքի որմնանկարներով քայքայվող հատակը չի՞ մտնում:

Ոչ միայն մտնում է, այլև նրանք պարտավոր են շուտափույթ լուծում գտնել պատմամշակութային այդ կառույցի ճակատագրի համար: Ի վերջո, այդ ՊՕԱԿ մտած գումարի տարեկան 5 տոկոսը միայն բավարար է Գառնու տաճարի պահպանման խնդիրների ծախսերը լուծելու համար: Եվ հետո, վերջերս Գառնին արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվող «Մելինա Մերկուրի» 15000 դոլար գումար կազմող մրցանակին, որոնք տրվում են պատմամշակութային այս կամ այն հուշարձանն անաղարտությամբ պահպանելու համար: Ենթադրվում էր, որ այդ միջոցներից պետք էր որոշակի գումարներ տրամադրել Գառնու բաղնիքի քայքայվող հատակը փրկելու համար: Ցավոք սրտի, ոչ մի լումա չտրամադրվեց վերականգնման աշխատանքների համար:

Իսկ ո՞ւր գնացին այդ գումարները:

– Չգիտեմ: Թեև անցյալ տարի էլ մամուլում քննարկումներ եղան, ոլորտի մտահոգ մասնագետները փորձում էին հասկանալ, թե որտեղ և ինչպես են ծախսվել այդ գումարները, եթե ոչ՝ միջնադարյան բաղնիքի հատակը վերանորոգելու համար: ՊՕԱԿ-ում պաշտոնական նամակներ կան, թե ինչ կերպ են դրանք տնօրինվել: Ըստ այդ ՊՕԱԿ-ի փոխտնօրենի ներկայացրած փաստաթղթի, որտեղ 10 կետով նշված են, թե ինչպես է ծախսվել այդ գումարը, միայն 2 կետն է վերաբերում Գառնիին: Այդ գումարի սահմաններում տաճարի տարածքում վերոհիշյալ մրցանակի մասին տեղեկացնող փոքրիկ ցուցանակ են տեղադրել, մյուս կետով նախատեսել էին ՊՕԱԿ-ի համար գնել 6000 ԱՄՆ դոլար արժողությամբ սկաներ ապարատ, որը, ի դեպ, մինչև այսօր գնված չէ: Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:

Մշակույթի նախարարությունն ի պաշտոնե իրավունք ունի՞ աուդիտ անցկացնելու այդ ՊՕԱԿի ներսում:

Իհա՛րկե ունի, ավելին՝ դա Մշակույթի նախարարության պարտականությունն է:

Իսկ ինչո՞ւ չեն անում, տեղյակ չե՞ն, թե՞ իրենց դա պետք չէ:

Չգիտեմ: Համենայն դեպս, այն, ինչ հիմա Ձեզ ասացի, ինքս պաշտոնապես ներկայացրել եմ և՛ հանրապետության դատախազությանը, և՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դրանից հետո որոշ ստուգումներ եղան, բայց թե ի՞նչ արդյունք դրանք տվեցին՝ հայտնի չէ: Եթե հիմա անդրադառնանք նորոգման աշխատանքներին, ապա չենք կարող չխոսել անցյալ տարի մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ վերաբերում էին Սանահինի վանքի, այսպես ասած, վերականգնմանը: Ուրեմն՝ ներքին թե արտաքին պատի վրա եղած վիմագրություններից քար էր ընկել, սրանք ի՞նչ էին արել՝ վերցրել էին նույն գույնի և նույն չափսերի մեկ այլ քար և տեղադրել էին նույն տեղում՝ փաստորեն խեղաթյուրելով վիմագրության պատը:

Նման բաներ անում են թուրքերը՝Թուրքիայում: Եթե վիմագրություն պարունակող քար է ընկնում, նրանք տեղում տեղադրում են մեկ այլ քար՝ հետքերը վերացնելու համար: Եվ մենք այստեղից վայնասուն ենք դնում, թե՝ նայեք, մեր հետքերը վերացնում են: Այդ դեպքում ես հարց եմ տալիս՝ Սանահինում այդպիսի քարի տեղադրումն ի՞նչ նպատակ է հետապնդում:

Վերջին տարիների վերականգնման աշխատանքներից մեկ այլ օրինակ վերցնենք՝ Գառնու միջնադարյան կամուրջը, որ կատարվեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տրամադրած ֆինանսական միջոցներով, եթե չեմ սխալվում ՝ 120000 ԱՄՆ դոլար: Մշակույթի նախարարությունը, փոխանակ այդ կամրջի նորոգման աշխատանքներն իրականացնի մասնագիտացված շինարարական կազմակերպության միջոցով, որն է «Հուշարձանների վերանորոգման կենտրոնը», իրականացրեց «Հուշարձանների պահպանության ՊՕԱԿ»-ի միջոցով:

Փաստորեն այդ ՊՕԱԿն իրենց անդավաճան ֆավորի՞տն է

Երևի: Այս ամենից հստակ հայտնի է միայն այն, որ և՛ հասարակայնությունը, և՛ մասնագետները մեծ աղմուկ բարձրացրին այդ կամուրջի՝ մասնագիտական տեսակետից ոչ ճիշտ վերակառուցման համար: Այնուամենայնիվ, ուշադրություն չդարձնելով այդ աղմուկին, աշխատանքներն արագ արվեցին և ավարտվեցին:

Պարոն Այվազյան, հիմա միայն ի՞նձ է թվում, որ այս ամենը՝ կապված պատմամաշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ, խիստ ուղղորդված քաղաքականության արդյունք է:

Մոտավորապես մեկ ամիս առաջ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների և դրանց ճակատագրի մտահոգությամբ պայմանավորված՝ ես մամուլի ասուլիս հրավիրեցի: Ասուլիսի ընթացքում շատ հստակ ասել եմ, որ վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ հուշարձանների պահպանության և վերականգնման աշխատանքները Մշակույթի նախարարության կազմում թողնելը խիստ վտանգավոր է, և օր առաջ այն պետք է հանել այդ նախարարության կազմից: Պետք է ստեղծել առանձին կառույց, որի գլխին պետք է կանգնած լինի, շեշտում եմ՝ հոգով, սրտով, ձեռքով և խղճով մաքուր, ազգային մտածողություն ունեցող մարդ, որպեսզի կարողանա աշխատանքները գլուխ բերել: Այլապես, այս բարձիթողի իրավիճակը մեզ տանում է պատմամշակութային արժեքների անդառնալի կորստի, իսկ գումարային յուրացումների և որակի անկումների մասին պարզաբանման ակնկալիքները հանգեցնում են միայն ինտրիգների: Հուշարձանների պատշաճ պահպանության, վերականգնման, նորոգման, հանրահռչակման և օգտագործման խնդիրներն իրենց ծավալով ինքնըստինքյան մի նախարարության աշխատանք են:

Պարոն Այվազյան, անդրադառնա՞նք հուշարձանների վերաբերյալ իրականացվող քարոզչական աշխատանքներին:

Ահավոր պատկեր կստեղծվի, եթե մենք անդրադառնանք նաև այս տարիների ընթացքում հուշարձանների վերաբերյալ իրականացվող քարոզչական աշխատանքներին և մասնավորապես՝ տեղեկատվական վահանակներին, որոնց Դուք ևս անդրադարձել էիք փոխնախարարի հետ Ձեր հարցազրույցում: Ինձ առնվազն զարմանք է պատճառում այն, որ փոխնախարար Սամուելյանն իր հարցազույցի ընթացքում ասում է, թե դրանք տեղադրվել են իր և նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարումից առաջ: Այդ վահանակների տեղադրման աշխատանքները մեկնարկել են 2008 թ., որն իրականացվել է «Ճանաչենք Հայաստանի հուշաւձանները» ANAP կազմակերպության կողմից: Ես բազմաթիվ անգամներ հրապարակային ելույթներ եմ ունեցել այդ վահանակներում առկա խայտառակ սխալների մասին և հիմա ուզում եմ նշել, որ գոյություն ունի դրանց մասին վկայող գրավոր փորձագիտական հետազոտություն, որտեղ հստակ նշվում է այդ վահանակների տեքստերը փորձաքննության ենթարկելու մասին Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի 2011 թ. փետրվարի 8-ի նամակ-հանձնարարականը: Նամակին ի պատասխան՝ փոխնախարարին 65 էջից բաղկացած ուսումնասիրություն ուղարկեցինք, որտեղ մեկ առ մեկ նշված էին տեղադրված վահանակներում առկա բոլոր սխալները:

Այսինքն՝ այդ սխալներն իսկապես համատարած բնո՞ւյթ ունեին:

Անկասկած: Դրանք գիտակցված, հակապետական և հակագիտական սխալներ էին: Ի դեպ, հուշարձանների տարածքներում դրանք տեղադրելու թույլտվություն տալուց առաջ նախարարությունը դրանք պետք է տար գրախոսման, որից հետո հաստատեր նախարարության գիտամեթոդական խորհրդում, որը չի կատարվել 2008-2010 թթ.: Այնպես որ, ամբողջ մեղքը բարդել միայն ANAP-ի վրա և չքմեղանալ՝ ճիշտ չէ: Բացի այդ էլ, ծայրաստիճան սխալներով լի վահանակները ոչ թե անմիջապես հեռացվել են, ինչպես նշում է փոխնախարարն իր հարցազրույցում, այլև դա տեղի է ունեցել մամուլի միջոցով մտավորականների մի շարք ելույթներից ու բողոքներից հետո միայն: Իրականությունը սա է, և Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է, քանզի վահանակների հարցը մի շարք անգամներ է քննարկվել նախարարությունում՝ հենց փոխնախարարի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ:

Ո՛չ նախարար Հասմիկ Պողոսյանը, և ո՛չ էլ նրա տեղակալ Արև Սամուելյանն ինձ հետ իրենց զրույցներում չկարողացան հստակ մատնանշել խեղաթյուրված տեղեկություններով վահանակների հեղինակներին: Դուք այդ մասին որևէ ինֆորմացիա ունե՞ք, պարոն Այվազյան:

Երբ Ձեզ հետ հարցազրույցի ընթացքում տիկին Սամուելյանը հայտարարում է, թե իբր տեղյակ չեն եղել՝ ովքեր են եղել այդ տեքստերի հեղինակները, ապա դա բացարձակ ապատեղեկատվություն է, ինչպես նաև՝ նրա հնչեցրած մտքերից շատերն այդ զրույցի ընթացքում: Նրանց շատ լավ էլ հայտնի էին, որ, օրինակ, Հաղպատի վանքում տեղադրված տխրահռչակ վահանակի հեղինակը, ինչպես նաև բոլոր գործող եկեղեցիների մասին պատմող վահանակների հեղինակը եկեղեցին է՝ Էջմիածնի Մայր Աթոռի դիվանատունը:

Էջմիածնի Մայր Աթոռի դիվանատո՞ւնըՊարոն Այվազյան, Դուք վստա՞հ եք նրանում, ինչ հենց նոր ասացիք:

Այո, այո, ավելի քան վստահ եմ և տեղյակ եմ նաև, որ հետագա տարիներին տեղադրված բոլոր տեքստերը խմբագրել է «Իկոմուս Հայաստան» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ինչի մասին քաջատեղյակ է նաև փոխնախարար Սամուելյանը: Իրականում խիստ կասկածի տեղիք է տալիս նրա անտեղյակ կեցվածքն այս հարցի շուրջ: Հիմա եկեք Մայր Աթոռին, Մշակույթի նախարարությանը և «Իկոմուս Հայաստան» կազմակերպությանը հարցնենք, թե ի՞նչ նպատակով են նրանք թույլատրել այս վահանակների տեղադրումը, որտեղ պարունակվող հակապետական և հակահայկական թյուր ինֆորմացիան, ասեմ Ձեզ, հրատարակվել է նաև առանձին բրոշյուրով: Այս պարագայում ևս ես զերծ կմնամ մեկնաբանություններից՝ բոլոր տեսակի հետևությունները թողնելով ձեր ընթերցողներին:

Գիտե՞ք, ես կուզենայի, որ Արև Սամուելյան այդ հարցազրույցն առհասարակ տված չլիներ: Անտիկ շրջանի հույն փիլիսոփաներից մեկն ասում է՝ «Խոսիր, որպեսզի ճանաչեն քեզ»: Փաստորեն այդ հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած խուսափողական պատասխանները, բազմաթիվ անճշտություններն ու մեղքը սրա-նրա վրա բարդելը կամ զանց առնելն ինքնըստինքյան իր դեմ է խոսում:

Անձնապես որևէ մեկի նկատմամբ բացառապես ոչինչ չունեմ, այդ թվում՝ նաև փոխնախարար Արև Սամուելյանի, բայց երբ պետական պաշտոնյան պաշտոնական հարցազրույց է տալիս և ասում է, որ եթե ինքն այդ աթոռին չլիներ, երբեք բանի տեղ չէր դնի այն ամենին, ինչ ասում են, այստեղ ուզում եմ ինձ թույլ տալ անձնական դիտողությունը անել նրան՝ անկախ այն բանից՝ մարդը պաշտոնատա՞ր անձ է, թե՞ ոչ, պարտավոր է սեփական հեղինակության և իր հասցեին հնչեցված քննադատական խոսքը բանի տեղ դնել, որովհետև մարդու կերպարը ձևավորում է հասարակությունն ու իր շրջապատը:

Եվ հետո ինձ առնվազն զարմանալի է, որ փոխնախարարն իր զրույցում հղում է կատարում բարերար Ձավարյանին՝ հարցնելով՝ գո՞հ է նա արդյոք շինարարական աշխատանքների որակից, թե՞ ոչ: Պարոն Ձավարյանին ես անձամբ չեմ ճանաչում, բայց վստահ գիտեմ, որ նա մասնագիտությամբ շինարար չէ, և այդ տեսակետից նրա գոհ կամ դժգոհ լինելու մասին խոսք լինել չի կարող, նա եկեղեցու բարերարն է: Ես հիշում եմ նաև դեռևս մեկ տարի առաջ վանքի ճարտարապետ Միշա Հակոբյանի եկեղեցու շինհրապարակի լուսանկարներով ծավալուն հոդվածը, որտեղ նա մանրամասնորեն նշում է, թե վերականգնման ընթացքում որտեղ և ինչ անդառնալի շեղումներ են կատարվել:

Տեսանյութեր

Լրահոս