ՊՈԱԿ-ը պատասխանում է պատմաբան Արգամ Այվազյանին

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ն այսօր պատասխան նամակով անդրադարձել է օգոստոսի 14-ին 168.am-ին տված պատմաբան Արգամ Այվազյանի` «Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է» վերնագրով հարցազրույցին:

ՊՈԱԿ-ի պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման և մեկնաբանությունների:

«Ս.թ. 14.08.2015 «168 Ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակված Արգամ Այվազյանի հարցազրույցի առիթով տեղեկացնում ենք, որ ներկայացված որոշ փաստեր խիստ խեղաթյուրված են: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը միշտ բաց և թափանցիկ է աշխատում լրատվամիջոցների հետ: Այվազյանի հարցազրույցներում տեղ գտած արդեն ավանդական բնույթ կրող ապատեղեկատվությանը ՊՈԱԿ-ն առիթ ունեցել է անդրադառնալու տարբեր լրատվամիջոցներով: Հայտնում ենք, որ պետական սեփականություն համարվող և չօգտագործվող շուրջ 19.000 հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը իրականացվում է ՊՈԱԿ-ի 11 մարզային ծառայության և 9-ը արգելոց-թանգարանների միջոցով:

Ինչ վերաբերում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարի (պետ. ցուցիչ` 6.21.4.4.1) վերականգնմանը, ապա անշուշտ հրատապ խնդիր է և գտնվում է ուշադրության կենտրոնում: Պատմական հուշարձանի բաղնիքի խճանկարի վերականգնումը մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր չէ, այն ժամանակ ու մասնագիտական լուրջ մոտեցում է պահանջում: Ներկայում աշխատանքներ են իրականացվում արտերկրից լավագույն մասնագետներ հրավիրելու և վերականգնման աշխատանքներում ընդգրկելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ա. Այվազյանը վկայակոչում է ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: Զարմանալի է`Այվազյանը մի բան կարդում է, մի ուրիշ բան՝ ընկալում: ՊՈԱԿ-ի կանոնադրության 11-րդ կետի գ. ենթակետում նշված է` որպես պատվիրատու կազմակերպում է արգելոց-թանգարանների հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը: Նույն 11-րդ կետի ե. ենթակետում էլ նշված է` հաստատում է արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Չնայած կանոնադրության հստակ ձևակերպմանը, Ա. Այվազյանը հարցազրույցում պնդել է, թե կանոնադրության համաձայն՝ ՊՈԱԿ-ը պետք է նախագիծը կատարի:

Առհասարակ պետության գույքի նկատմամբ պահպանությունն իրականացնում է պետությունը, և ՊՈԱԿ-ը պարտավորություն չունի, պետությունն էլ` պարտավորություն չունի ՊՈԱԿ-ի գույքի նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164 հոդվածի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության, նույն օրենքի 36-րդ հոդվածի ա. կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, սեփանակատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանության հոգսը, ապահովում` հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը: Մայր օրենքի 8-րդ հոդվածի գ. կետով սահմանված է, որ սեփականատերը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունն ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը`ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Օրենքով սահմանված է նաև, որ պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը: Քանի որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը պետական սեփականություն է, ուստի վերջինիս վերականգնման աշխատանքների իրականացումը պետք է կատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Անդրադառնալով Այվազյանի հաջորդ հարցադրմանը՝ նշենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներից և արգելոց-թանգարաններից տոմսային կարգ սահմանված է «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Դիլիջան», «Գլաձորի համալսարան», «Գոշավանք» արգելոց-թանգարաններում: 2012-2014 թթ. տոմսերից ստացված հասույթի 86.7 տոկոսը բաժին է հասել՝ «Գառնի», 12.54 տոկոսը` «Զվարթնոց», 0.54 տոկոսը`«Մեծամոր», և 0.22 տոկոսը՝ մյուս արգելոց-թանգարաններին: Տոմսերի վաճառքից ստացված եկամուտը տնօրինվում է ՊՈԱԿ-ի կողմից` միասնական սկզբունքով: Միջոցներն ուղղվել են ՊՈԱԿ-ի եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված նախահաշվով, ինչպես նաև` ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված սուբսիդիայի պայմանագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը, արգելոց-թանգարանների խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով լանդշաֆտի լավագույն պահպանության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհված «Միլենա Մերկուրի» մրցանակին (15.000 ԱՄՆ դոլար), ապա ՊՈԱԿ-ն իրավասու էր այն տնօրինել իր հայեցողությամբ, քանի որ դա նվիրատվություն է եղել: Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային ծրագրի համաձայն, գումարն ուղղվել է նպատակային ու առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը: Մասնավորապես` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում թանգարանի շենքի նախագծում, արգելոց-թանգարանի հատուկ պահպանվող տարածքի և տարածքի շինությունների չափագրման աշխատանքներ, hուշարձանի հանրահռչակմանն ուղղված, հասարակության սահմանափակ կարողություններով օժտված խավի հոգևոր, կրթական պահանջմունքները բավարարող ծրագրերի իրագործում, լսողական խնդիրներ ունեցող սոցիալական խմբի համար նախատեսված ծրագիր, արգելոց-թանգարանի ուղեցույցի տպագրություն, Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) «Մելինա Մերկուրի միջազգային մրցանակի» պատվոգրի մետաղյա տարբերակի պատրաստում ու տեղադրում արգելոց-թանգարանի տարածքում և այլն: Ինչ վերաբերում է տպիչին (սկաներին), այո, 6000 ԱՄՆ դոլար էր նախատեսվել Epson Perfection V 370 Photo սարքը գնելու համար: Սակայն, հայաստանյան շուկայում նման տեխնիկական բնութագրով տպիչ չկա: ՊՈԱԿ-ի տնօրինությունն այսօր էլ պատրաստ է գնելու տպիչը, և ուրախ կլինենք, եթե պրն Այվազյանն օգտակար լինի այդ հարցում:

Ա. Այվազյանը երկար տարիներ աշխատել է ՊՈԱԿ-ում, անշուշտ, գիտի, որ «Գառնի» միջնադարյան կամուրջը վերականգնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական միջոցներով, հուշագիրը կնքվել է ՀՀ մշակույթի նախարարության ու դեսպանատան միջև: ՊՈԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության կողմից որպես պատվիրատու կազմակերպություն է եղել: Սահմանված կարգով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտը պայմանագրով նախատեսված 110. 000 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ աշխատանքն իրականացրել է շուրջ 85.000 ԱՄՆ դոլարով: Ի դեպ, սահմանված կարգով իրականացվել է տեխնիկական և հեղինակային հսկողություն:

Հ.Գ. Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից մեզ նաև փոխանցեցին, որ տարեսկզբից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տարբեր ծրագրերի իրականացման` ոռոգման համակարգի խողովակների վերանորոգման, ջրի խորքային պոմպի ձեռքբերման, արգելոցի մուտքից դեպի տաճար տանող ճեմուղու աջակողմյան հատվածի լուսավորության համակարգի հզորացման, հանրահռչակման համար տարբեր միջոցառումների և այլ աշխատանքների համար ծախսվել է 5.863 000 ՀՀ դրամ: Նախատեսվում է հաստատված նախահաշվով 8.1 միլիոն դրամ էլ ծախսել «Գառնիի» սալահատակի վերանորոգման համար:

Հուսով ենք՝ Արգամ Այվազյանը հաջորդ հարզացրույցներում ձեռնպահ կմնա փաստական տվյալների խեղաթյուրումից:

Հարգանքով` ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի վարիչ Մարինե Ավանեսյան»

 

Տեսանյութեր

Լրահոս