Արևմուտք-Ռուսաստան վեճի կենտրոնը միգուցե Ուկրաինայից տեղափոխվի Կովկաս. «Ստրատֆոր»
«Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ «տաքանում է» Կովկասում»,-«Ստրատֆոր» մասնավոր ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց օգտոստոսյան հաշվետվությունում այսպիսի բնորոշում են տվել լարված օգոստոս ամսվան և դրան հաջորդելիք զարգացումներին: Ըստ վերլուծական կենտրոնի` ԽՍՀՄ փլուզումից հետո յուրաքանչյուր օգոստոս ամիսը «սև ամիս» է եղել Ռուսաստանի համար, քանի որ հենց այդ ամսվա ընթացքում են գրանցվել ամենաանսպասելի և բացասական զարգացումները Ռուսաստանի համար: Այս օգոստոսն, ըստ կենտրոնի, չի տարբերվում նախկին օգոստոսներից իր լարված զարգացումներով:
«Ուկրաինական հակամարտության սրման ֆոնին լարվում են նաև ՌԴ-Արևմուտք հարաբերությունները: Ի դեպ, առճակատման կենտրոնը միգուցե Ուկրաինայից տեղափոխվի Կովկաս` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան»,- կարծում են «Ստրատֆոր»-ի փորձագետները: Այս տարածաշրջանում, ամերիկյան վերլուծաբանների խոսքով, ՌԴ-ն համարվում է արտաքին ամենահզոր ուժը, քանի որ 2008թ. վրաց-օսեթական ռազմական հակամարտությունից հետո ՌԴ-ն ամրացրեց իր ռազմական ներկայությունը Հայաստանում և այնտեղ ձեռք բերեց ամուր տնտեսական և քաղաքական դիրքեր:
«Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռազմական ներկայությունը, Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը ՌԴ-ին ապահովում են տարածաշրջանում դոմինանտ արտաքին ուժի դիրքերով: Ամեն դեպքում Արևմուտքը մտադիր չէ թույլ տալ Ռուսաստանի ազդեցության ընդլայնում հետսովետական տարածքում: Ուկրաինայում ապստամբության ժամանակ ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցեցին Կիևի ռուսամետ իշխանությունների տապալմանը ի օգուտ նրանց, ովքեր կկողմնորոշվեին դեպի Արևմուտք: Արևմտյան երկրները պարզ հասկացրեցին, որ իրենց աջակցությունն Ուկրաինայով չի սահմանափակվի: Արևմուտքը սկսեց կառուցել ռազմական բազաներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը հետսովետական որոշ երկրների հետ անվտանգության ոլորտում»,- պնդում են ամերիկյան փորձագետները` շարունակելով, որ այս ամենի հետ մեկտեղ լարվածության նոր օջախ կարող է դառնալ հենց Կովկասը:
«Դա է փաստում Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը ընթացիկ տարվա օգոստոսի վերջին»,- նշել են փորձագետները: Նրանք չեն մոռացել ընդգծել նաև այն փաստը որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին 20 տարվա պայմանական հրադադարից հետո անսպասելիորեն կտրուկ լարվեց ԼՂ հակամարտության շփման գիծը, որտեղ Ռուսաստանը զբաղեցնում է բավականին զուսպ դիվանագիտական դիրքորոշում: «Մոսկվան երկու երկրների միջև երկխոսության կոչ է անում և որպես զսպող բաղադրիչ շարունակում է երկու երկրներին ապահովել սպառազինությամբ»,- նկատում են փորձագետները: