«Հայաստանը` Հարավային Կովկասի ամենառիսկային երկիր»

«Հայաստանը քաղաքականապես Հարավային Կովկասի ամենաանկայուն երկիրն է»,- այսօր «Մինչենկո քնսալթինգ» կոմունիկացիոն հոլդինգը հրապարակել է ռուսաստանցի առաջատար վերլուծաբաններ Սերգեյ Մարկեդոնովի, Եվգենի Մինչենկոյի և Կիրիլ Պետրովի հեղինակած «Անդրկովկասում քաղաքական ռիսկերի գնահատում» վերտառությամբ զեկույցը, որում փորձագետները նման եզրակացություն են արել: Զեկույցի հեղինակ Սերգեյ Մարկեդոնովը 168.am-ին առաջարկեց ներկայացնել զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ: Զեկույցում փորձագետները մանրամասնորեն անդրադարձել են հարավկովկասյան բոլոր երեք երկրներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, առկա քաղաքական` ներքին, արտաքին, ռիսկերին: Հետաքրքրականն այն է, որ ամփոփիչ գնահատականում Հայաստանը ներկայացված է՝ որպես ամենառիսկային երկիր:

Ըստ փորձագետների` Հարավային Կովկասում պահպանվում է քաղաքական ռիսկերի բարձր մակարդակը, ինչը տարածաշրջանային ծայրաստիճան թույլ ինտեգրացիայի հետևանք է, ավելին, առանցքային խաղացողների միջև նույնիսկ հիմնարար պայմանավորվածություններ չեն ձեռք բերվում, իսկ խաղի կայուն կանոնների մշակման գործընթացը բարդացված է:

«Ադրբեջանը հարաբերականորեն կայուն է: Ավելի մեծ ռիսկեր են երևակվում Հայաստանի համար: Վրաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում: Ամենահզոր մարտահրավերները կարճաժամկետ ապագայում ծառացած են հայկական համակարգի առջև, նրան անհրաժեշտ է կառավարման արդյունավետությունը բարձրացնող գործիքներ փնտրել: Այնինչ, նույնիսկ Ադրբեջանը, որը երկրի կառավարման մոնոլիտ համակարգ է կառուցել, երկարաժամկետ ապագայում դժվարին կացության մեջ է հայտնվելու: Արտաքին և ներքին քաղաքական ճնշումները հակված են սրման, իսկ տնտեսական կայունությունը քաղաքական կայունության վերափոխելու ցանկություն իշխանությունները չունեն»,- նշված է զեկույցում:

«Մինչենկո քնսալթինգի» զեկույցում Ադրբեջանը ներկայացված է՝ որպես ամենագրավիչ և ամենակայուն երկիր, որի ամենալուրջ հաղթաթղթերից մեկը բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է և ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Իսրայելի և Արաբական երկրների շահերը հավասարակշռելու ունակությունը: Քաղաքական ռիսկերի մակարդակով երկրորդ տեղում Վրաստանն է, որն ուկրաինական ճգնաժամի ֆոնին շարունակում է իր ընթացքն արևմտյան ուղղությամբ: Զեկույցում բացասականորեն է ընդգծվում արևմտյան ինտեգրացիայի ուղղությամբ Վրաստանի փորձերի մասին: «Շարունակում են բարդ մնալ ռուս-վրացական հարաբերությունները` չնայած 2012 թ. հայտարարված կարգավորման: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակը, Վրաստանի արտաքին քաղաքական ընտրությունը նախկինի նման այն երեք «կարմիր գծերն» են, որոնք երկու երկրներից ոչ մեկը պատրաստ չէ անցնել: Այս ամենին զուգահեռ՝ լարվում է իրավիճակը Պանկիսի կիրճում, որտեղ իսլամիստական տրամադրություններն աճել են, և շատերն են միանում ԻՊ-ի շարքերին»,- ընդգծել են փորձագետները:

Անդրադառնալով Հայաստանին` երեք առաջատար վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին ամիսներին Հայաստանը փորձագետների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է եղել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մասսայական ակցիաների պատճառով: «Թեև գործող իշխանությունը չի կորցրել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը և նույնիսկ առաջացած խնդիրը կարգավորելու ուղղությամբ որոշակի արդյունավետություն ցուցաբերեց, հասարակության մեջ պահպանվում է սոցիալ-քաղաքական դժգոհության էական մակարդակ: Ողջ 2014թ. և 2015թ. սկզբին մասսայական ակցիաների աճն այս թեզի փայլուն ապացույցն է»,- ասված է զեկույցում: Ըստ զեկուցողների` ԼՂ չկարգավորված հակամարտությունը Հայաստանին թույլ չի տալիս հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը, որը սրում է երկրի ներքին և արտաքին իրադրությունը, քանի որ չորս պետական սահմաններից երկուսը փակ են:

«Դեպի աշխարհ մյուս երկու պատուհանները՝ վրացական և իրանական, ամուր կերպով կապված են կոնֆլիկտային հարաբերությունների հետ` ռուս-վրացական, ՌԴ-Արևմուտք, Թեհրան-ԱՄՆ: Մասշտաբային ներդրումների ճանապարհին այս ամենը լուրջ խոչընդոտներ է առաջացնում, պահպանում աղքատությունը, չխոսելով այն մասին, որ ԼՂ հակամարտության ապասառեցման վտանգը շարունակում է պահպանվել: 2014թ. շփման գծում 1994թ. հրադադարի կնքումից հետո ամենաշատ միջադեպերն են գրանցվել: Անվտանգության երաշխիքներն ու տնտեսական աջակցությունը, որը Երևանը ստանում է Մոսկվայից, մի կողմից՝ ապահովում են ստատուս-քվոյի պահպանումը, ինչը ձեռնտու է երկրին, մյուս կողմից՝ ուժեղացնում են երկրի կախվածությունը ռուսական բիզնես գիգանտներից: Իր հերթին՝ նրանց սերտ կապերը Հայաստանի իշխանական կառույցների հետ հղի են կառավարության և նախագահի քաղաքականության նկատմամբ դժգոհության՝ ՌԴ գործողությունների հետ նույնականացմամբ: Որպես հետևանք՝ փորձեր են լինում դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, որոնք գործող ստատուս-քվոյի խախտման հավելյալ ռիսկերով են վտանգավոր»,- ասված է զեկույցում:

168.am-ը կներկայացնի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ:

Տեսանյութեր

Լրահոս