Մշակույթի նախարարն ու փոխնախարարը, խախտելով գիտամեթոդական խորհրդի կարգը, փորձառու մասնագետներին դրդել են ակնհայտ կեղծիքի

Մամուլում լայն քննարկման առիթ հանդիսացած Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում օգոստոսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունը գիտամեթոդական խորհրդի նիստ էր հրավիրել, որի ընթացքում հերթական անգամ՝ մոտ 10 ժամ տևողությամբ, հանդիպմանը քննարկվել էր Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների արդյունքը։

Պարզվում է, սակայն, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի այս նիստը ոչ միայն ուշացած էր, այլև օրենքի խախտումներով: Այս մասին 168.am-ի հետ հանդիպման ընթացքում նշեց ոլորտի մասնագետներից մեկը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ հենց սկզբից, որոշված է եղել հրավիրել վերականգնման նախագծի քննարկման նիստ: Սակայն, իմանալով գիտամեթոդական անդամների հնարավոր ընդվզումների մասին, նիստը կայացել է այլ ձևաչափով: Երկու դեպքում էլ, ըստ մեր զրուցակցի` գիտամեթոդական խորհուրդն իրավասու չէր նման նիստ հրավիրելու, քանի որ վերականգնման աշխատանքները վաղուց ավարտված են: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ գիտամեթոդական խորհրդի կանոնադրությունը հստակ սահմանում է այս կառույցի իրավասություններն ու լիազորությունները, ըստ որի՝ արդեն ավարտված աշխատանքի համար խորհուրդը որոշում կայացնելու իրավունք չունի, ավելին` դա օրենքի կոպիտ խախտում է, որտեղ նախարարությունը ներքաշել է մշակույթի ոլորտի հարգված դեմքերի:

Փաստորեն, Մշակույթի նախարարն ու փոխնախարարը, խախտելով գիտամեթոդական խորհրդի կարգը՝ հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների փորձառու մասնագետներին դրդել են ակնհայտ կեղծիքի: «Մշակույթի ոլորտը կարգավորող երկու բարձրաստիճան տիկնայք սրանով ապահովագրել են իրենց ու սրբագրել սխալները: Առավելագույնը, որ կարող էր անել Մշակույթի նախարարությունը, աշխատանքային խորհրդակցություն անցկացնելն էր` քննարկելու փաստաթղթերի առկայությունը»,- նշում է մեր զրուցակիցը:

Նա զավեշտալի է համարում նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերին գիտամեթոդական խորհրդի անդամներից կազմված խումբը պատրաստվում է գնալ Օձուն, իբր տեղում փաստագրում և ուսումնասիրություն անելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ այս քայլի նպատակը մեկն է` ապահովել նախարարության ուզած «OK»-ը, որ, իբրև թե, ամեն ինչ փայլուն է կատարվել: «Հետաքրքիր է, սակայն, որ այդ նույն գիտամեթոդական խորհրդի անդամները վերականգնողական աշխատանքների ընթացքում ոչ մի անգամ չեն գնացել և չեն հետևել աշխատանքների ընթացքին, մինչդեռ պարտավոր էին ու, երբ հիմա դրա իրավունքը չունեն, ավելին՝ ժամանակավրեպ է»,- ասում է մեր զրուցակիցը

Նա մեկ այլ հիշեցմամբ հղում է կատարում Կառավարության նույն՝ 2002 թ. N 438 որոշմանը, ըստ որի՝ լիազորված մարմինը հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման համար համաձայնություն և թույլտվություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում և գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա: «Սա, ինչպես ասում են՝ ուսումնասիրման առանձին թեմա է, և այս խմորը դեռ շատ ջուր է «վերցնելու»»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ մի քանի տարի տևած վերականգնման աշխատանքների ընթացքը բավականին հետաքրքիր փուլեր է անցել, մասնավորապես, 2011 թ. հաստատված նախագիծն ի սկզբանե լուրջ թերություններ է ունեցել: Այն կազմվել էր 1986թ., և շտկումների կարիք կար, ինչը, սակայն, չի արվել: «Շինարարական աշխատանքների ընթացքում, կատարվող խախտումների մասին, լիազոր մարմնին բարձրաձայնել են նաև ոլորտի մի շարք պատկառելի ներկայացուցիչներ, սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի»: Նա հիշեցնում է, որ շինարարությունը նույնիսկ մի քանի անգամ տարբեր խնդիրների պատճառով դադարեցվել է, շուրջ 5-6 անգամ էլ հարցը դրվել է գիտամեթոդական խորհրդի քննարկմանը, բայց, ի վերջո, դրանք անտեսվել են, և աշխատանքները նորից վերսկսվել են:

Մեկ ուշագրավ մեջբերում նույն որոշումից` Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ և վերահսկողությամբ:

Մեր զրուցակիցը մի քանի հռետորական հարց ուղղեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին.

1. Արդյոք կա՞ վերականգնման նախագիծ` հավանության արժանացած գիտամեթոդական խորհրդի կողմից, որի համաձայն էլ՝ իրականացվել են աշխատանքները: Հաստատված նախագիծն ի սկզբանե արժանացել էր քննադատության, և դրանում որոշակի դրույթներ փոխելու անհրաժեշտություն էր առաջացել:

2. Ո՞ւմ կողմից է իրականացվել Օձունի վերականգնման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը: Օրենքի համաձայն` վերահսկողությունը պարտավոր էր իրականացնել նախարարությունը, որը, ցավոք սրտի, չի կատարվել:

3. Ո՞ւմ կողմից է իրականացվել տեխնիկական հսկողությունը:

4. Ո՞ւմ կողմից է իրականացվել հեղինակային հսկողությունը:

«Մեր տեղեկություններով՝ այդպիսիք չեն իրականացվել: Ավելին, չկա շինարարության ընթացքի մասին գրառումների մատյան»,- նկատում է մեր զրուցակիցը:

Չնայած սրան, նա ևս մի քանի, իր իսկ խոսքով՝ «անմեղ հարցադրումներ» հղեց Ա. Սամուելյանին.

1. Արդյոք կա՞ աշխատանքների ավարտի մասին ընդունման-հանձնման ակտ:

2. Կա՞արդյոք գիտական հաշվետվություն, քանի որ հեղինակը պարտավոր էր երեք ամսվա ընթացքում դա ուղարկել և՛ նախարարություն, և՛ պատվիրատուին:

3. Եթե չկա այդ հաշվետվությունը, արդյոք նախարարությունը դիմե՞լ է հեղինակին այն ստանալու պահանջով, եթե՝ ոչ, ապա՝ ինչո՞ւ:

4. Եթե չկան վերը շարադրված փաստաթղթերը, ի՞նչ հիմքով է նախարարությունը հայտարարում աշխատանքների ավարտված լինելու մասին:

5. Եվ ինչո՞ւ գիտամեթոդական խորհրդի վերջին նիստին չեն մասնակցել բարերարը, շինարարն ու ճարտարապետը:

Ի դեպ, մեր զրուցակիցը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զարմանալի զուգադիպությամբ՝ նախարարության կողմից հայտարարվող մրցույթների հիմնական մասում հաղթող է ճանաչվում «Լևբուկ» ՍՊԸ-ն, և Օձունի աշխատանքներն էլ բացառություն չեն: Մեր զրուցակցին հետաքրքրում է՝ ի՞նչ չափանիշներ է ապահովում «Լևբուկը», որ չեն կարողանում հաղթահարել մյուսները: Նա ընդգծում է, որ արդեն կան շրջանառվող լուրեր, որի համաձայն՝ նույն ՍՊԸ-ին է վստահվել նաև Նորադուզի եկեղեցու վերականգնումը, սակայն, հեղինակի հետ ունեցած շուրջ 8 մլն դրամի դատական քաշքշուկներից հետո, աշխատանքները ներկայում դադարեցված են:

Պատրաստեց ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս