Բաժիններ՝

«Մեկ հայացք պարզապես նետեք մեր խորհրդարանի դեմքերին. Միայն խորհրդարանն ազգային խայտառակության պատկերասրահ է». Արմեն Թութունջյան

168.am-ը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Թութունջյանի հետ զրույցում փորձեց հասկանալ նրա դիրքորոշումը քաղաքացիական բողոքի վերջին դրսևրումների, դրանում երիտասարդության դերի ու քաղաքականությունից ունեցած հիասթափության մասին:

Շատերը, ըստ ջազ երաժշտի, հաճախ են մեղադրում իրեն ու մտավորականներին, թե իրենք պասիվ են ու չեն գալիս բողոքի ցույցերի, կանգնում ժողովրդի կողքին, սակայն պատճառն առավել քան խորն է:

«Մեղմ ասած՝ ինչ-որ մի բան այն չի մեր հայրենիքում: Իհարկե, հայրենասեր լինելը լիմիտներ չի ճանաչում: Բայց իմ նմաններին ու ինձ կարող եմ արդարացնել, որ ծայրահեղ հիասթափված եմ, որովհետև ես իմ ներքին էմոցիաների լիմիտը վաղուց սպառել եմ, քանի որ 88-ից կանգնած եմ եղել հրապարակում: Դա այն ժամանակ էր, երբ կոկորդումս հուզմունքից սպազմեր էին, և ոչ մի ներքին կասկած չունեի, որ մենք կկարողանանք կառուցել մի հրաշալի երկիր: «Հրաշալի երկիր» ասելով՝ նկատի ունեմ պետության բարոյական կողմը: Չէ՞ որ կարելի է նույնիսկ ոչ բարեկեցիկ երկրում ապրել բարոյապես մաքուր մթնոլորտում՝ համախմբված ժողովրդի կողմից սիրված ու ընտրված ղեկավարության շուրջ»,- ասաց Արմեն Թութունջյանը:

Նրա խոսքով՝ ինքն առաջին լուրջ հիասթափությունն ապրել է, երբ Ազատության հրապարակի ծնունդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հենց ինքն առաջինը «կիրառեց անարդար ընտրություններ»:

«Իմ կարծիքով՝ հայ ժողովրդի Ցեղասպանությունից հետո առաջին մեծ հիասթափությունն առաջին կեղծքներն էին: Ժողովուրդն աներևակայելի վերելքի պայմաններում ամբողջ աշխարհին ցուցադրեց, թե ինչպես կարող է սիրել իր նախագահին, ու, թե ինչ հանրապետություն կարելի էր կառուցել դրանից հետո: 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է սեղմեր Վազգեն Մանուկյանի ձեռքն ու շնորհավորեր նրան: Նա դա չարեց, ու դրանով իսկ սկիզբ դրվեց կեղծիքների ավանդույթին ու այդպես է ընթանում մինչ օրս»,- ասաց երաժիշտը:

«Այժմ այդ ահավոր կեղծիքների հետևանքները չեն նկատի միայն կույրերը: Մեկ հայացք պարզապես նետեք մեր խորհրդարանի դեմքերին: Միայն խորհրդարանն ազգային խայտառակության պատկերասրահ է»,- հավելեց նա:

«Մեր նորագույն պատմության ամենախոշոր նվաճումներն են Ղարաբաղի հաղթանակն ու մեր բանակի ստեղծումը, ցավոք, այդ հաղթանակն էլ ըստ արժանվույն չվայելեց մեր ժողովուրդը: Մենք իսկապես ձեռք չբերեցինք իսկական հաղթող հանրապետության կարգավիճակ: Որովհետև գաղտնիք չէ, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք, որ իսկապես պայքարել են, ինչ վիճակում է մեր մտավորականությունը, ժողովրդի զգալի մասը, որ հեռանում է Հայաստանից: Դա նույնն է, ինչ, օրինակ՝ ԽՍՀՄ-ը, որ հաղթեց պատերազմում, բայց ընդամենը 10-15 տարի հետո Գերմանիան ավելի լավ էր ապրում,»,- նշեց նա:

«Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա այժմ մեր ղեկավարությունը, որն անկախության 20 տարիների ընթացքում կիրառում էր ֆեոդալական պետության կանոնները և միայն կիրառում էր իմիտացիոն դեմոկրատիա, նրանք մի բան հաշվի չառան, որ ցուրտ ու մութ տարիների սերունդն արդեն պահանջում է, որ երկիրն իրականում դառնա դեմոկրատական՝ իր բոլոր դրսևորումներով: Ես ողջունում եմ երիտասարդների կարգախոսները՝ «մենք ենք տերը մեր երկրի» և «Ո՛չ թալանին», ու այսօրվա երիտասարդների՝ հայրենիքից չհեռանալու ցանկությունը»,- խոսքը եզրափակեց Արմեն Թութունջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս