
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում ազատել իրավապաշտպան Լեյլա ու Արիֆ Յունուսներին

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, ինչպես նաև վերանայել նրանց դեմ հարուցված գործը «արդար դատական գործընթացի շրջանակում»։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատել Լեյլա ու Արիֆ Յունուսներին, նրանց գործերը պետք է վերանայվեն թափանցիկ ու արդար դատավարության շրջանակում»,- հայտարարել է Մոգերինին:
Նա հայտարարել է, որ միջազգային դիտորդները հայտարարել են դատավարության ընթացքում թույլ տրված խախտումների մասին:
«Տպավորություն է, որ մեղադրանքները կապված են միայն նրանց իրավապաշտպան գործունեության հետ: Դատավճիռը հաստատում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում պարտավորությունների կատարման բացասական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման:
Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ: