Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեան աշխատանքները սկսել է
Օրերս Հոնոլուլուում (Հավայան կղզիներ, ԱՄՆ) աշխատանքները սկսեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր ասամբլեան։ Այն համաշխարհային աստղագիտության գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Համագումարին մասնակցում են աշխարհի 75 երկրների ավելի քան 3000 աստղագետներ, ներառյալ՝ ճանաչված գիտնականներ, միջազգային աստղագիտական կառույցների ղեկավարներ, երիտասարդ աստղագետներ, ինչպես նաև հարակից մասնագետներ, հրատարակիչներ և մամուլի ներկայացուցիչներ:
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվում է 6 գիտաժողով, 22 հատուկ նստաշրջան, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 5 պլենար զեկուցում, Գլխավոր ասամբլեայի վարչական նիստերը (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), այլ վարչական նիստեր, աստղագիտական մրցանակների հանձնում և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված են աստղագիտության ամենատարբեր հարցերի. Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից՝ մինչև բազմաալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Քննարկվում են նաև աստղագիտական ժառանգության, աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերն աշխարհում, ինչպես նաև՝ աստղագիտության կապն այլ գիտությունների հետ:
Միջազգային աստղագիտական համագումարին հայ աստղագետներից ներկա են Արեգ Միքայելյանը, Դավիթ Մկրտչյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Տաբեթա Բոյաջյանը և Դորիս Արզումանյանը, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի 2014թ․ հաղթողներից, ՀԱԸ անդամ պրոֆ․ Բրենթ Թալին և ՀԱԸ Էլեկտրոնային տեղեկագրի խմբագիր Սոնա Ֆարմանյանը։
Բացման արարողությանը ելույթ ունեցան Հավայան կղզիների աստղագիտության ինստիտուտի տնօրեն Գյունտեր Հազինգերը, ՄԱՄ նախագահ Նորիո Կայֆուն, Հավայան կղզիների համալսարանի ռեկտոր Դեյվիդ Լենսերը, Հավայան կղզիների նահանգապետ Դեյվիդ Այջը, Հոնոլուլուի քաղաքապետ Լին Ֆլենբերգը և ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Ֆրանս Կորդոբան։ Բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաև Գրուբերի տիեզերաբանության մրցանակի հանձնման արարողությունը։
Տարբեր նստաշրջաններում հայ աստղագետները կներկայացնեն զեկուցումներ և գիտապաստառներ, ինչպես նաև Արեգ Միքայելյանը կմասնակցի ՄԱՄ անդամ երկրների ազգային ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությանը:
Հիշեցնենք, որ ՄԱՄ-ը հիմնադրվել է 1919թ., իր կազմում ունի 73 անդամ երկրներ (այդ թվում և՝ Հայաստանը) և շուրջ 11000 անհատ անդամ, իր գործունեությամբ համակարգում է համաշխարհային աստղագիտությունը, երեք տարին մեկ անգամ անցկացնում է գլխավոր ասամբլեաներ, տարեկան գիտաժողով:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը