Երբ անձրեւն ու քամին թակում են դուռդ ու երդիկդ. Գյումրու բնակիչ
asparez.am-ը գրում է. Վերջին տարիներին Գյումրու Անի եւ Մուշ 2/2 թաղամասերում կառուցված բնակելի շենքերի, բարեկարգված բակերի, ասֆալտապատված փողոցների համապատկերին, որքան էլ դրանք հուսադրող էին անօթեւանության բեռը թոթափած գյումրեցի երջանիկ ընտանիքների համար, այնուհանդերձ, քաղաքում դեռեւս տնակային ավանները շարունակում են մնալ վկայությունն այն բանի, որ երրորդ տասնամյակը թեւակոխած աղետի գոտի բնորոշումից ու իրենց պրոբլեմից բոլորին հնարավոր չի եղել վերջնականապես ձերբազատվել:
Երկրաշարժից հետո Գյումրիում տարերայնորեն իրենց տեղն արեւի տակ եկան հաստատելու տնակային տնտեսությունները: Մարդիկ իրենց համար ժամանակավոր կացարաններ հիմնելով, սպասում էին այն երջանիկ օրվան, երբ դրանց փոխարինելու կգան բնակարանները ուիրենք կվերագտնեն սեփական կենցաղը հարմարավետ տնօրինելու իրավունքը:
Քաղաքում հայտնի տնակային ավաններից մեկն էլ գտնվում է Ավտոկայանի հարեւանությամբ: Այստեղ` ժամանակավոր կացարաններում «հանգրվանել» են երկրաշարժից հետո տարբեր ճակատագրերի «արժանացած» մարդիկ, որոնց, թերեւս, մի հայտնի սկզբունք է միավորում, մղում գոյատեւման, այն է թե`«Հույսը վերջինն է մահանում»:
Այս տարբեր մարդիկ հույսին ապավինելու իրենց պատճառաբանություններն ունեն: Ավտոկայանի տնակային ավանի բնակիչներին, բնականաբար, խորթ չէր այս հույսը: Այս տնակային ավանը, իր, այսպես ասած` կառուցապատման օրից, բազում փորձությունների միջով է անցել, բայց ի պատիվ բնակիչների համբերության, որքանով հնարավոր է եղել, հաջողվել է մինչ օրս դիմագրավել դրանց:
104/425 տնակում բնակվող Ամալյա Զաքարյանը չորս երեխաների մայր է, ամուսինը տառապում է հայկական հիվանդությամբ, ունեն չորս անչափահաս երեխա.
-Հարս եկած օրվանից տնակում եմ ապրել:
Սկեսուրը ցույց տալով պատից կախված սեւ տղամարդու շրջանակով նկարը, պատմում է, թե ամուսինն հիվանդ էր, բնակարան, ճիշտ է, ստացել են, բայց ստիպված են եղել վաճառել` վիրահատության միջոցով ապաքինման հարցը ապարդյուն լուծելու եւ շատ չանցած` նրա հուղարկավորության ծախսերը հոգալու վրա.
-Էն ժամանակ երեխաներս փոքր էին, հետո մեծացան, ամուսնացան:
Ամալյայի ամուսինն անբուժելի հիվանդ է, ընտանիքի հոգսն իր ուսերին է, ասում է, թե երազում է իր տունն ունենալ, որտեղ երեխաները նորմալ պայմաններում ապրելու հնարավորություն կունենային: Վստահեցնում է, որ չնայած երեխաների փոքր տարիքին, նրանք էլ են համակված այդ երազանքով: Մայրն ապրում է այն հույսի սպասումով, որ օրերից մի օր բարերար կգա ու իրենց հաստատուն տանիքը գլխավերեւում ունենալու այդ երազանքը կկատարի:
Բայց, մյուս կողմից, ինչպես ասում է 104/271 տնակում բնակվող յոթանասունամյա Ջուլիետա Աբելյանը` համբերությունն էլ սահման ունի.
-Միայնակ ապրող կնոջ համար շատ ծանր է արդեն իմ տարիքում այսպիսի պայմաններին դիմանալը…երբ անձրեւն ու քամին թակում են դուռն ու երդիկը:
Ամուսինը մահացել է անբուժելի հիվանդությունից, դուստրը` ծննդաբերությունից, 21 տարեկան հասակում: Մյուս դուստրը ամուսնացել եւ ապրում է Մաստարայում, երբ արդեն տարիքը բոլորել էր 42-ը.
-Հարեւանները կամտես եղան, ես էլ հո իմ կողքը պահելու մասին պիտի չմտածեի, թող գնար, իր անձնական կյանքով ապրեր:
Բայց աղջկա ընտանիքն էլ, ինչպես ասում են` ելած-թափած չէ: Ամուսինը հովիվ է, կինը` առօրյա հոգսերի հետ, չի կարողանում հաճախակի այցելել մորը: Բայց երբ դոմիկն «էքստրեմալ» պայմաններում է հայտնվում, ասենք` անձրեւի հեղեղումներից հետո, անմիջապես գալիս է, օգնում, որ այն խորտակվող նավի վիճակում չհայտնվի: Դե, «հալումաշ» եղած, խղճուկ դոմիկ է` ինչ ասես կարող է պատահել, եթե «շտապ օգնությունը» ուշ հասնի:
Յոթանասունամյա կնոջ առողջական եւսոցիալական վիճակն էլ, ինչպես ասում են` փայլուն չէ: Տարեց կնոջ չնչին կենսաթոշակը հազիվ է բավականացնում էլեկտրաէներգիայի վարձի ու դեղորայքների գնման համար: Ասում է.
-Ինքդ էլ ես հասկանում, տղա ջան, թե հոսանքի ու դեղերի գները մեր օրերում ուր են հասել: Առանց դեղերի ինձ համար ճար չկա ապրելու: Ստացածս թոշակով ես որ մեկն անեմ, որ կարողանամ մի կերպ յոլա գնալ: Հիմա էլ ասում են, թե շուտով լույսն է թանկանալու` լավ բանի սպասել կլինի՞ էս կյանքում:
Մանրամասներն՝ այստեղ