«Կարիք չկա քննարկել փոխզիջումների թեման Ղարաբաղի շուրջ». Մասիս Մայիլյան
168.am-ի զրուցակիցն է Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը
– Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրին, որ այս տարվա ընթացքում կկայանա Ալիև–Սարգսյան հանդիպումը, իսկ մինչ այդ նրանք փորձում են ակտիվացնել բանակցային գործընթացը` ամենայն հավանականությամբ, հնարավոր օգոստոսյան սահմանային լարվածությունը չեզոքացնելու նպատակով: Հետաքրքրական էին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի վերջին հարցազրույցները, որոնցում նա հղում էր կատարել Մադրիդյան սկզբունքներին, խոսել 7 շրջանների վերադարձի մասին: Հնարավո՞ր է` համանախագահները պատրաստվում են նոր փաստաթուղթ ներկայացնել նախագահներին Մադրիդյան սկզբունքների որոշակի էլեմենտներով, կամ վերակենդանացնել սկզբունքները, թե՞ սա Ղարաբաղում ամերիկյան քաղաքականության հերթական արտացոլումն էր:
– Ամերիկացի համանախագահը հերթական անգամ հնչեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումները, որոնք արտահայտված են մադրիդյան սկզբունքներում և դրանց կից էլեմենտներում: «Մադրիդյան փաստաթղթի» անընդունելիության մասին Արցախի իշխանություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել են: Համոզմունք կա, որ տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում, չեն կարող դառնալ առևտրի առարկա: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ապա նախնական պայմանավորվածություն դրա շուրջ ձեռք էր բերվել դեռևս անցյալ տարվա ընթացքում: Չեմ կարծում, որ գագաթաժողովին ներկայացվելու են նոր մոտեցումներ և էլեմենտներ: «Վեդոմոստիին» տված իր վերջին հարցազրույցում դեսպան Ուորլիքն ասել էր, որ միջնորդները չեն փորձում հայտնագործել նոր խնդիրներ և նոր մոտեցումներ: Նրանք մտադիր են արդեն իսկ ձեռք բերվածի հիմքի վրա շարունակել քննարկումները:
– Ըստ Ձեզ` ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցն ինչո՞ւ մտցվեց օրակարգ:
– ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը եղել ու մնում է՝ որպես Մադրիդյան սկզբունքներին կից էլեմենտ: Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, որ սկզբունքներից որևէ մեկը չի կարող հիմք դառնալ կարգավորման համար: Միջնորդները բոլոր հարցերի լուծումը դիտարկում են համակարգային տեսանկյունից: Իմ կարծիքով` ԼՂՀ կարգավիճակի հստակեցման անհրաժեշտություն չկա: Այդ կարգավիճակն օրինական կերպով հստակեցվել է Արցախի քաղաքացիների կողմից՝ 1991թ., ուստի պետք է լուծել Արցախի միջազգային ճանաչման հարցը:
– Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է ողջամիտ փոխզիջումների։ Ըստ Ձեզ` որո՞նք են ողջամիտ փոխզիջումները, և դրանց ո՞ր դեպքում կարելի է գնալ:
– Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, ցանկանում է ստանալ ամեն ինչ և միանգամից, դրա հետ մեկտեղ՝ ոչինչ չզիջելով, պատրաստ չլինելով ո՛չ ճանաչել ԼՂՀ գոյությունը, և ո՛չ էլ վարել երկխոսություն Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Նման պայմաններում կարիք չկա քննարկել հնարավոր փոխզիջումների թեման:
– Ի՞նչ առաջընթաց կարելի է սպասել բանակցային գործընթացի այս նոր փուլից, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի սպառազինությունների մրցավազքը, քանի որ խոսվում է այն մասին, որ ՌԴ–ն Հայաստանին նոր ժամանակակից և հզոր զենք է տրամադրելու, խոսքն «Իսկանդեր–Մ»-ի մասին է՝ ըստ մամուլի հրապարակումների, իսկ ըստ փորձագետների՝ դրան համարժեք զենք ՌԴ–ն կվաճառի նաև Ադրբեջանին: Նման նոր գործարքն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ գոտում իրավիճակի և բանակցային գործընթացի վրա:
– Պայմանավորված այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական կողմը գնել է մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոքր-ինչ խախտվել է: Անհավասարակշռությունը սպառնում է տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու թույլ է տալիս մեր հակառակորդներին, որոնք մեկ անգամ պարտվեցին իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմում, խոսել մեզ հետ ուժի դիրքերից: Ստեղծված պայմաններում Հայաստանում նոր տեսակի զենքերի հայտնվելը կվերականգնի ուժերի հավասարակշռությունը և զսպիչ դերակատարություն կունենա: Բանակցային գործընթացը դրանից չի տուժի:
– Պարոն Մայիլյան, այս օրերին կտրուկ լարվել է իրավիճակը տարածաշրջանում` Թուրքիայում անկայունության ալիք է բարձրացել, Թուրքիան հայտարարել է ԻՊ–ի դեմ պայքարելու մասին, Մերձավոր Արևելքում շարունակվում է անկայունությունը, այս ֆոնին ՀՀ Պաշտպանության նախարարն ակտիվ խորհրդակցություններ անցկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հետ, իսկ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ԱՄՆ–ում է, որտեղ նախատեսվում են հայ–ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ: Ակնհայտորեն ՀՀ–ն փորձում է ամրացնել իր անվտանգությունն այս լարվածության ֆոնին: Ըստ Ձեզ` ո՞ր ուղղությունից է մեզ վտանգ սպառնում` մերձավորարևելյա՞ն, թե՞ ղարաբաղյան, այսինքն` հնարավո՞ր է՝ իրավիճակից փորձի օգտվել Ադրբեջանը:
– Կարծում եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ճիշտ է գնահատում արտաքին սպառնալիքները և համարժեք քայլեր է նախաձեռնում ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության ապահովման համար: Նման հարցերում Հայաստանը բաց և արդյունավետ կերպով համագործակցում է տարբեր երկրների և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի: Ինչ վերաբերում է ԻՊ-ին, ապա այդ ահաբեկչական կազմակերպությունը վտանգ է ներկայացնում շատ երկրների, այդ թվում՝ և Ադրբեջանի համար: Եթե որոշ երկրների համար ԻՊ-ը միայն արտաքին սպառնալիք է, ապա Ադրբեջանի համար այդ կառույցն ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին սպառնալիք է: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ անընդհատ աճող ընդհանուր սպառնալիքի ֆոնին Ադրբեջանը, թեկուզ մարտավարական նկատառումներից ելնելով, պետք է շահագրգռություն ցուցաբերի ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու և կայունություն պահպանելու հարցում: Բայց պաշտոնական Բաքվի գործողությունները դեռ հակառակն են ցույց տալիս: