Բաժիններ՝

Ղարաբաղում կլինի նոր լարվածություն,  բայց ոչ պատերազմ. Պավել Ֆելգենգաուեր

 

«Վտանգավոր է,  որբ հակամարտության կողմերը չեն վախենում պատերազմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում օրերս ստեղծված լարվածությանը և դրան զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետությանը:

Նա նշեց, որ Մինսկի խումբը փորձում է  շարունակել իր առօրյա աշխատանքը՝ հակամարտության գոտում ստատուս-քվոն պահպանելու  համար, քանի որ, ինչպես երևում է, հակամարտող կողմերը հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք չունեն: Նրա որակմամբ` այս փուլում դա հաջողվում է, քանի որ կողմերը պատերազմի չեն նախապատրաստվում: Սակայն, ռուսաստանցի ռազմական վերլուծաբանի խոսքով, չի բացառվում, որ ռազմական լարվածության բռնկումներ լինեն Ղարաբաղում: «Ըստ իս` խոսքը նույնիսկ լայնամասշտաբ գործողությունների մասին չէ, այլ հայ-ադրբեջանական սահմանի կամ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում լարվածության մասին, ինչը եղել է նախորդ գրեթե բոլոր օգոստոսների ընթացքում: Այսինքն` երկու կողմերն էլ պատրաստ են այդ լարվածությանը»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը: Վերջինիս խոսքով` գերտերություններն այսօր հետաքրքրված չեն նոր պատերազմներով, քանի որ աշխարհում առկա վտանգներն արդեն իսկ շատ են. խոսքն Իսլամական պետության և ուկրաինական ճգնաժամի մասին է, նոր օջախներ ևս կան, ուստի գերտերությունները փորձում են գործի դնել հակամարտության վերահսկողական միակ գործիքը` Մինսկի խումբը: Ռուսաստանցի փորձագետի կարծիքով`  անվերահսկելի իրավիճակ հակամարտության գոտում այս փուլում  չի առաջանա: Պարզապես, Ֆելգենգաուերի համոզմամբ, վտանգավոր  է այն, որ կողմերը պատերազմից չեն վախենում, և մի օր դա կարող է իր մասին հիշեցնել:

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը, երբ համանախագահները փորձում են նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել, պատասխանեց, որ Ադրբեջանը բավականին շատ զենք է ձեռք բերել, ինչը նրան վստահություն է ներշնչում, ստիպում մտածել, որ սանձազերծվող պատերազմում կարող է հաղթել: «Բայց էլի եմ կրկնում, որ լարվածությունը ձեռնտու չէ որևէ կողմի, առավել ևս՝ Մոսկվային, ով շատ անելիքներ ունի և չի կարող թույլ տալ իրավիճակի գերսրում: Ծայրահեղ դեպքում ՌԴ-ն պատրաստ կլինի նաև խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում, բայց քիչ, քանի որ ՌԴ-ն իր ողջ ներուժը կենտրոնացրել է Ուկրաինայում և չունի համապատասխան ռեսուրսներ՝ արտերկիր ուղարկելու համար, թեև ՌԴ-ն Ղարաբաղի առջև ուղիղ պարտավորություններ չի ստանձնել»,- նշեց փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս