Երաժշտությունն օգնում է ազատվել դեպրեսիայից և ցածր ինքնագնահատականից
Հաճախ ենք լսում այն մասին, որ երաժշտությունն օգնում է ազատվել տագնապներից ու դեպրեսիայից: Բայց պարզվում է, որ այն օգտակար է նաև մանկական հոգեբանների աշխատանքի համար: Այս մասին գրում է estet-portal.com կայքը:
Բրիտանական Թագավորական համալսարանի գիտնականները պարզել են, որ մանկական հոգեթերապիայի մեջ երաժշտության ներառումն ավելի արդյունավետ է լինում, քան սովորական հոգեթերապիայի դեպքում: Այդպիսի բուժումն օգնում է երեխաներին՝ ազատվել դեպրեսիայից ու ցածր ինքնագնահատականից:
251 կամավոր են մասնակցել այդ գիտափորձին, որոնց մեջ էին երեխաներ ու դեռահասներ, ում մոտ նկատվել են էմոցիոնալ ու վարքային խնդիրներ, ինչպես նաև՝ զարգացման խանգարումներ: Գիտնականները մասնակիցներին բաժանել են 2 խմբի. առաջին խմբում ներառված էր 128 երեխա, որոնք սովորական բուժում են անցել: Մյուս 123 երեխաները, սովորական թերապիայի հետ, ընդունել են նաև երաժշտական թերապիա:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական թերապիան ավելի էֆեկտիվ է, քան սովորականը: Այն կամավորների մոտ, որոնց բուժման ժամանակ երաժշտություն է օգտագործվել, դեպրեսիայի մակարդակը զգալիորեն նվազել է: Բացի դրանից, այդ երեխաների մոտ նկատվել է ինտերակտիվ ու հաղորդակցային առաջընթաց:
Պատրաստեց Ռ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ