«Ուորլիքը փորձում է վերահսկողություն սահմանել Ադրբեջանի նկատմամբ». Կայծ Մինասյան
168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ակտիվ փուլ են փորձում նախաձեռնել` կազմակերպելով Ալիև–Սարգսյան հանդիպում, որի շրջանակում հաճախ են հղում կատարում Մադրիդյան և Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու սկզբունքին: Ի՞նչ կարելի է սպասել համանախագահների գործունեության այս փուլից:
– Ադրբեջանցիները սովորաբար դիմում էին սահմանային սադրանքների՝ կա՛մ ՄԽ համանախագահների այցելությունից առաջ, կա՛մ հետո, կա՛մ կարևոր անձանց ՀՀ կատարելիք այցից առաջ, կամ հետո: Այս օրերին մենք Հայաստանում ունեցանք երկու կարևոր այց` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ադրբեջանը կրկին լարել է իրավիճակը հակամարտության գոտում, որով ցանկանում է ցույց տալ եվրոպացիներին, ամերիկացիներին, ռուսներին, իրանցիներին, թուրքերին, որ ղարաբաղյան հարցը չի մարել, այն օրակարգում է, ավելին, նրանք մերժում են Մադրիդյան սկզբունքները, նոր առաջարկների կարիք կա: Քանի որ ադրբեջանցիները չեն կարողանում համանախագահ երկրների նկատմամբ ճնշումներ բանեցնել, Հայաստանի նկատմամբ են ճնշումներ գործադրում, դիմում են սադրանքների, դա մարտավարական, տակտիկական մոտեցում է, զուտ ռազմաքաղաքական նշանակություն չունի, քանի որ որևէ արդյունք չկա, միայն ցանկանում են պարտադրել, որ միջնորդներն ավելի աշխույժ կերպով զբաղվեն և առաջընթաց ապահովեն ԼՂ հակամարտության շուրջ: Այսինքն` Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելով՝ ճնշումներ են գործադրում Արևմուտքի նկատմամբ:
– Ջեյմս Ուորլիքը վերջին շրջանում հաճախ է խոսում Մադրիդյան սկզբունքների, հատկապես՝ տարածքներ վերադարձնելու կարևորության մասին: Ի՞նչ է փորձում հասկացնել կողմերին ամերիկացի համանախագահը:
– Կարծում եմ, որ Արևմուտքը վախենում է, որ Ադրբեջանը ծայրահեղ քայլերի կդիմի, և ստիպված հայտարարում է բաներ, որոնց միջոցով իր հսկողության տակ կարող է առնել Ադրբեջանին՝ ներգրավվելով ակտիվ բանակցային գործընթացում: Վաղուց է, որ ԱՄՆ ներկայացուցիչը ՄԽ-ում նման ադրբեջանամետ հայտարարություններ է անում, հայտարարությունները նմանատիպ երանգներ են ունեցել Մեթյու Բրայզայի, Ռոբերտ Բրադկեի օրոք, բայց կարծում եմ, որ դրանք մարտավարական, դիվանագիտական մոտեցումներ են, այսինքն` անել այնպիսի հայտարարություններ, որպեսզի Ադրբեջանը արմատական քայլերի չգնա` մնալով բանակցային սեղանի շուրջ, իր վերահսկողության տակ: Արևմուտքն այսպիսի դիրքորոշում ունի` Ղարաբաղը պետք է մնա հայկական վերահսկողության տակ, սակայն այն տարածքը, որը Ղարաբաղի շուրջն է, պետք է վերադարձվի Ադրբեջանին: Եթե կարողանան այդ հավասարակշռությունը պահել, ապա կարելի կլինի խոսել խաղաղության մասին: Բայց ադրբեջանցիները չեն ցանկանում գնալ նման զիջման, ցանկանում են ետ գրավել ամենը: Արևմուտքի դիվանագետների համար պարզ է, որ հայերը պատրաստ են մեկ տարածք ետ վերադարձնելուն:
– Համանախագահները նպատակ ունեն առաջիկայում կազմակերպել նախագահների մակարդակով հանդիպում: Հանդիպմանը կարո՞ղ է նոր օրակարգ լինել, այսինքն ` նոր փաստաթուղթ ներկայացվել, թե՞ նախագահները պետք է դեռ հունի մեջ ընկնեն բանակցությունների հարցում:
– Նախագահական մակարդակի հանդիպումներ միշտ էլ կարելի է կազմակերպել, բայց թե ինչպիսին պետք է լինի բովանդակությունը այդ հանդիպման՝ պարզ չէ: Սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի ժամանակ կարող են հանդիպել, կարելի է երևակայել, որ հանդիպում կարող է լինել, նախագահները սկզբունքորեն դեմ չեն հանդիպելուն, բայց ի՞նչ բովանդակության շուրջ պետք է հանդիպեն, ինչի՞ շուրջ զրուցեն, կա՞ արդյոք քաղաքական կամք խաղաղություն հաստատելու համար: Այս հարցերը փակուղում են և չունեն պարզաբանում: Եթե կա քաղաքական կամք, կարող ենք երևակայել, որ կամ Մադրիդյան սկզբունքների շուրջ, կամ դրանց հիման վրա այլ փաստաթղթի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի, այս պահին դժվար է ասել, թե ինչ բովանդակություն կարող է լինել, կամ կլինի՞, թե՞ ոչ:
– Պարոն Մինասյան, Իրանի ապաշրջափակումից հետո շատ են խոսում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Իրանի մասնակցության մասին: Որքանո՞վ է իրատեսական այս մասին խոսակցությունը:
– Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, ուրեմն հարց է` ի՞նչ կարգավիճակով կարող է մասնակցել բանակցային գործընթացին, եթե այդպես կարող է լինել: Թեև, ես կարծում եմ, որ վաղ է այդ մասին խոսելը: Նույնիսկ, եթե Իրանը մեծ շահեր ունի տարածաշրջանում, չեմ կարծում, որ իբրև դիտորդ մասնակցի, չեմ կարծում, որ կմասնակցի բանակցային բուն գործընթացին, քանի որ դա առիթ կդառնա, որ Ադրբեջանը ստիպի փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, կամ ստիպի ներգրավվել նաև Թուրքիային, և այլն: