«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Յուքոմ» ընկերության պաշտոնական կայքը, արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:
Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ» ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր հազարավոր բաժանորդների համար:
«Յուքոմ» ընկերությունը, առաջարկելով նորարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ, կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ֆիքսված կապի շուկայի առաջատարների շարքում:
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում։