
Հայաստան-Իրան առևտրային համագործակցության դեպքում՝ ռուսական տնտեսության անկումը մեզ վրա մեծ հետևանքներ չի թողնի. տնտեսագետ

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց տնտեսական այն հնարավոր տեղաշարժերը, որոնք կկատարվեն Իրանում՝ Իրան-Վեցյակ համաձայնագրի արդյունքում. «Սանկցիաների թեթևանալու հետևանքով՝ Իրանը կմտնի միջազգային առևտրի մեջ: Իրան կթափանցեն բավականին արժույթներ (եվրո, դոլար և այլն), որոնք կնպաստեն ժողովրդի մեջ տուրիզմի խթանմանը: Տուրիզմը սահմանափակված էր, քանի որ արտարժույթի ձեռքբերման խնդիրներ կային, և քաղաքացիներն այլ երկիր մեկնելու համար պետք է ունենան վալյուտա, և ոչ ազգային դրամ: Այսինքն՝ կմեծանան տուրիզմի հոսքերը դեպի Հայաստան:
Պարսկական կողմը շատ դժվար բանակցող է, իսկ տնտեսության մեջ նման գործընկերը հուսալի չէ: Պարսկաստանը հաղորդակցվելու լուրջ խնդիր ունի, քանի որ այնտեղ ամեն ինչ պարսկերենով է, իսկ միջազգային լեզուն այսօր անգլերենն է: Մենեջմենթի, բիզնես մշակույթի առումով՝ Հայաստանի միջոցով Իրանը կարող է հասնել հաջողության:
Իրանը կարող է Հայաստանի միջոցով իր բեռները տեղափոխել այլ երկրներ: Ատոմային էներգետիկայի ոլորտում ևս Հայաստանը կարող է էական դեր ունենալ: Եթե հաշվի առնենք, որ ոչ Իրանի և ոչ էլ ԵՏՄ երկրների տնտեսությունը մոդեռն չէ, ապա հավասար մակարդակում կարող են համագործակցել՝ առանց ավելորդ մրցակցությունից վախենալու»:
Տնտեսագետը նկատեց՝ Հայաստանը կարող է նաև առևտրային հարաբերություններ զարգացնել Իրանի հետ. «Քանի որ Իրանը փակ առևտրային երկիր էր մինչև հիմա, ինքը արտադրում, ինքը սպառում էր, և որպեսզի իր շուկան պաշտպաներ, դրել էր բարձր մաքսատուրքեր՝ ներմուծումների վրա: Հիմա մաքսատուրքերը կթեթևացվեն, որովհետև առևտուրը միակողմանի չի լինի: Դա կնշանակի, որ Հայաստանի առևտրային հնարավորություննեը դեպի Իրան կմեծանան, որը կարող է շատ լավ հակակշռել Ռուսաստանի տնտեսական պրոբլեմներին, այսինքն՝ Ռուսաստանի տնտեսությունը կարող է անկում ապրել, բայց եթե մենք դեպի Իրան առևտուրը զարգացնում ենք, ապա կարող ենք առևտրային բալանսը կարգավորել: Իրանն ունի հսկայական բնական ռեսուրսներ և համագործակցույունը կարող ենք նախատեսել նաև ռեսուրսների առումով»: