Ինչու պաշտոնից հեռացվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանը
Օրերս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: «Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված էր հաղորդագրությունում` չպարզաբանելով հեռացման պատճառները: 57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից: Ի դեպ՝ նույն օրը Կիևը դադարեցրել է մեկ այլ դիվանագետի՝ Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները, ով սպորտային ասուլիսի ժամանակ հայտնվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով մարզաշապիկով: Կուխտայի հեռացման պատճառները, ըստ որոշ տեղեկությունների, ևս կապված են Ռուսաստանի հետ:
168.am-ի հետ զրույցում ուկրաինացի հրապարակախոս, հայտնի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը նշեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները պաշտոնական Կիևի համար առաջնահերթություն են: Սակայն, ըստ նրա, պարզ չէ, թե ինչու է Պորոշենկոն որոշել հեռացնել Իվան Կուխտային: Ամեն դեպքում, նրա խոսքով, Ուկրաինայում արտասահմանյան դեսպաններից համատարած կերպով հեռացնելու միտումներ չկան:
Մեզ հետ զրույցում Կիևում բնակություն հաստատած հայ գեղանկարիչ, Մայդանի ակտիվ մասնակից Բորիս Եղիազարյանը վստահությամբ նշեց, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի հեռացումը շարքային փոփոխություն չէ: Իրականում, ըստ նրա, Կուխտայի վարած դիվանագիտությունը չի բավարարել Կիևի ներկայիս իշխանություններին, քանի որ նրանից ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել: «Ես նրա հետ Երևանում կարճ շփում ունեցել եմ և հասկացել, որ Կուխտան Յանուկովիչի համակարգի դիվանագետ է, զգուշավոր, որի հետևանքով էլ պատշաճ կերպով չի ներկայացնում Ուկրաինան և ուկրաինական շահերը, զգուշանում է ՀՀ իշխանություններից և Ռուսաստանից իր հրապարակային անդրադարձերում: Ես Կիևում վաղուց ասել էի ասում, որ ժամանակն է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին փոխելու համար: Ուկրաինան պետք է նշանակի մի դեսպան, որը կուժեղացնի հայ-ուկրաինական կապերը, քանի որ դրա կարիքն իսկապես կա: Այդ կարծիքը շատերի մոտ կա: Պորոշենկոյի այս քայլը խորը մտածված է։ Լիահուս եմ, որ Հայաստան կուղարկի խելացի, պատրաստված մի դեսպանի, որը կաշխատի հայ-ուկրաինական հարաբերությունների նորոգման վրա բոլոր ուղղություններով, քանի որ դարերով այդ կապերը Հայաստանի հետ շատ խորն են եղել: Ուկաինայում զարմանալի սեր, հարգանք ու շնորհակալ վերաբերմունք կա հայերի նկատմամբ, որովհետև դարերով հայերն Ուկրաինայում գործել են, աշխատել, ապրել կառուցողական մթնոլորտում»,- մեկնաբանեց Բորիս Եղիազարյանը, շարունակելով, որ Պյոտր Պորոշենկոյի դիվանագիտությունը խելացի է և ուժեղ։ Ավելին նա սերտ է աշխատում եվրոպական դիվանագետների հետ, եվրոպական պետությունների ղեկավարների հետ և անձամբ շատ հարցերով զբաղվում, որպես ԱԳ նախարար, չնայած Ուկրաինան բանիմաց ԱԳ նախարար ունի:
Նրա հավաստիացմամբ` Պորոշենկոն շատ լավ հասկանում է, որ Հայաստանը թեկուզև փոքրիկ Ուկրաինայի համար կարևոր երկիր է:
«Հայաստանը կարևոր է, քանի որ կա Ռուսաստան, որը թաթը դրել է բոլոր երկրների վրա, այդ երկրների շարքում ճզմել է հատկապես Հայաստանին: Ներկայումս Եվրոպայում և ոչ միայն այնտեղ ուկրաինա-ռուսական հարաբերությունների զարգացումը հիմնվում է Ռուսաստանին տեղը դնելու ցանկության վրա: Եվրոպան ցանկանում է որքան հնարավոր է շատ հնարավորություններ ընձեռել Ուկրաինային միջազգային ասպարեզում իր նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ: Հետսովետական երկրների հետ հարաբերությունները շատ կարևոր են Եվրոպայի համար, Բելառուսն ու Ղազախստանը ավելի մտածված քայլեր են իրականացնում և փորձում են հաղթահարել ՌԴ ճնշումները, կանգնել ՌԴ-ի կողքին, ոչ թե ճզմվել: Միայն Հայաստանն է մնացել ռուսական թափի տակ: Ուստի հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը Ուկրաինայի և Եվրոպայի համար կարևոր հարց է դարձել: Ուկրաինան հզոր, մեծ, լավ շուկա է, ներուժ ունեցող երկիր, որը կարող է Հայաստանին շատ բան տալ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտում, այսինքն` Պուտինի թելադրանքով անտեսել հայ-ուկրաինական հարաբերությունների կարևորությունը, սխալ մոտեցում կլինի: Ուկրաինացիները հասկանում են, որ Հայաստանը շանտաժի է ենթարկվում, բարդ կացության մեջ է ԼՂ հարցում, Ուկրաինան հասկացել է, որ ինքը պետք է քայլեր սկսի իրականացնել այդ հարաբերությունների նորոգման համար»,- նման կարծիք հայտնեց Բորիս Եղիազարյանը: