Պատահում է դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում կրակոցները

26 տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հսկայական գործ է կատարել:

Այս ընթացքում 70 եկեղեցի, վանք ու մատուռ է վերանորոգվել եւ բացվել: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գնահատմամբ, սա հսկայական աշխատանք է, որ արվել է միահամուռ ջանքերով ու պատրաստակամությամբ: Այժմ գլխավոր խնդիրը Արցախում հոգեւորականների պակասն է:

«Դժվար է հոգեւորականների փոքր քանակով բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցել, գյուղեգյուղ շրջել: Նրանք էլ հալումաշ են լինում: Եթե այսօր 50 հոգեւորական ունենայինք, մեր գործն ավելի հեշտ կլիներ: 15 հոգեւորականով դժվար է այն գործունեությունը ծավալել, որը ցանկանում ես: Իհարկե, ունենք երիտասարդական կազմակերպություններ, մշակութային կենտրոններ, դպրոցի, բանակի ու հասարակության տարբեր զանգվածների հետ սերտ կապ կա, օգտագործում ենք բոլոր կապերը, բայց մենք` հոգեւորականներս քիչ ենք»,- ասում է Սրբազանը: Սբազանը խոսել է աղանդավորների գործունեության, զորամասերում հոգեւորականների դերի ու ընդհանարապես, իսկական հոգեւորականի կերպարի մասին:

Իսկական հոգեւորականի տեսակը

Հոգեւորական դառնալուց առաջ պետք է լինես լավ մարդ, ճշմարիտ տղամարդ` խոսքդ խոսք, սկզբունքդ` սկզբունք: Հոգեւորական լինելով` պետք է լինես հայր: Անկախ քո հոտում ովքեր են, տարեց են, երիտասարդ, կապ չունի, հոգեւորականը բոլորին պետք է վերաբերվի որպես հայր: Եթե ճշմարիտ հայրություն անես, պատասխանատվություն վերցնես` ամեն ինչ լավ կլինի: Այլ բարդ բաներ պետք չեն: Աստծո առաջ դու նրանց հոգեւոր ծնողն ես: Դա է գլխավորը:

Սահմանին յուրաքանչյուր ջոկատ իր փոքրիկ մատուռն ունի

Երբ հոգեւոր դասը մտավ բանակ, նկատվեց զգալի տարբերություն: Մեր սպաներն ակտիվ են, իսկական քրիստոնյաներ, զինվորներ կան, որ պահք ու ծոմ են պահում: Շատ կարեւոր է, որ զորամասերում զինվորականներին տրամադրում են ավտոբուսներ եւ նրանք գալիս են պատարագների, սրբավայրերով են շրջագայում: Մեր հոգեւորականները մեծ աշխատանք են տանում, օրհնության կարգեր կատարում: Հոգեւորականն էլ է այցելում խրամատ, առաջին գիծ: Սահմանով մեկ յուրաքանչյուր ջոկատ իր սրբանկյունն է կառուցում, խաչ ու մատուռ ստեղծում եւ խոստովանում, որ դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում հարվածը, կրակոցները: Տեսնում ես մատուռը ծակծկված է, իսկ իրենք վտանգից դուրս են եկել փոքր վնասներով: Դա Աստծո զորությունն է, ուժը, որ պահպանում է մեր զինվորներին:

Արցախում աղանդավորների թիվը տարեցտարի նվազում է

Արցախում աղանդավորներ կան, բայց նրանց թիվը շատ չէ: Մենք երկար տարիներ զերծ ենք պահել Արցախը աղանդավորներից, բայց չկարողացանք երկաթե վարագույրը երկար պահել: Նրանք թափանցեցին, բայց շատ ակտիվ չեն: Հոգեւորականներն աշխատում են, նույնիսկ մի մասին հետ ենք բերում, ունենք հաջողված օրինակներ: Փորձում ենք մյուսներին զերծ պահել, որ քարոզչության զոհ չդառնան: Աղանդավորներն ակտիվ են աշխատում մարդու ենթագիտակցության վրա, խաղում, մանիպուլյացիայի ենթարկում: Հատկապես անպատրաստ, անտեղյակ մարդը չի կարողանում դիմակայել: Սկսում են ընկնել հիպնոզի տակ, հետո, երբ մի քանի տարի անց հետ են գալիս, հարցնում եմ` ինչո՞ւ էիր նրանց շարքերն ընկել, պատասխանում են` կարծես աչքերս փակ լինեին, կուրացել էի, մտքերս կարծրացած էին, չէի ընկալում: Նրանք վախի չափը շատ են սրսկում, հատկապես անտեղյակ մարդուն դժվար է դիմագրավել:

Եկեղեցին փորձում է օգնել մոլորյալներին եւ գլխավորը, որ փորձում ենք անել` ընդլայնվելն է: Խորհրդային տարիներին եկեղեցին շատ փոքր տեղ ու դեր ուներ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո աղանդավորները լցվեցին: Իրենք դրսում էին պատրաստվել, մենք անպատրաստ էինք` թե՛ ժողովուրդը, թե՛ եկեղեցին: Գրականություն չկար, գործող եկեղեցիների թիվը շատ քիչ էր: Այժմ եկեղեցին ընդլայնվում է, որքան շատ ընդլայնվենք, քարոզենք, նրանց դերը կնվազի: Մենք դեռ շատ անելիք ունենք, բացն այնքան մեծ է եղել, անդունդը այնքան շատ, որ դժվար է միանգամից հասնել հաջողության: Սակայն գլխավոր այն է, որ եկեղեցին աստիճանաբար ընդլայնվում է, միաժամանակ մարդկանց գիտակցությունն է այսօր մեծանում է, հեշտությամբ չեն ընկնում թակարդը:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս