Բաժիններ՝

Ինչու ոստիկանությունը ջրցան մեքենան առաջին գծից հետ տարավ

Ինչպես հայտնի է, հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի վրա Ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի շտապ հայց էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ դեռևս առանձնապես նոր բան չկա գործից: Նա տեղեկացրեց, որ հիմա իրենց հայցին մտադիր են միանալ նաև նոր քաղաքացիներ: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ում ժամկետներն ավելի շատ թողնված են դատարանի հայեցողությանը, բայց սա շտապ հայց է, և իրենք մեր պետական ատյանները շրջանցել են, որովհետև գտնում են, որ Ոստիկանությունը «դեռևս սպառնում է» իրենց առողջությանը, քանի որ «մինչ հիմա մարտական տեխնիկան կանգնած է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայցին միացած մարդկանցից ոմանք տուժած են, քանի որ սահմանափակվել է նրանց՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը, ոմանք տուժել են նրանով, որ իրենց տարել են բաժին ու 12 ժամ «ապօրինաբար» պահել են Ոստիկանությունում, ոմանք տուժել են նրանով, որ իրենց «ծեծել են», ոմանք էլ տուժել են, քանի որ գույքային վնաս են ունեցել:

Daniel Ioanisyan1Նա նաև նշեց, որ իրականում հայցին միացողների քանակը կապ չունի գործի ընթացքի հետ, բայց այն կարևոր է նրանով, որ հստակ լինի, որ խոսքը չի գնում 1-2 անձի խախտված իրավունքների և 1-2 անձի սպառնացող վտանգի մասին. «Խախտվել են մի քանի հարյուր մարդու իրավունքներ, որոնք երաշխավորվում են թե՛ Հայաստանի պետական օրենսդրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներով»:

Կարդացեք նաև

Դ. Իոաննիսյանը նաև նշեց, որ բազմաթիվ մարտական տեխնիկա է հիմա դրված ցուցարարներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ու իրենց համար ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու Ոստիկանությունը պետք է ունենա այնպիսի տեխնիկա, որը սովորաբար օգտագործում են պատերազմների ժամանակ. «Այդ զրահապատ մարտական մեքենաների վրա խոշոր տրամաչափի գնդացիրներ են, ինչի՞ համար են դրանք»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՄԻԵԴ-ը գնահատելու է, թե որքանո՞վ է դա սպառնում իրենց առողջությանը, ու պատասխանողն էլ այս հարցով Ոստիկանությունը չէ, այլ ՀՀ կառավարությունը:

«Սա ինչ-որ չափով Ոստիկանությանը ստիպում է առաջին գծից հետ քաշել ջրցան մեքենան, զրահապատ մարտական մեքենաները, որովհետև այդկերպ Ոստիկանությունը երևի փորձում է ՄԻԵԴ-ին ցույց տալ, որ այլևս վտանգ չկա, և, որ հայցը հարկավոր է վարույթ չընդունել: Այնուամենայնիվ, մենք թե՛ լուսանկարները, թե՛ տեսանյութերն ուղարկում ենք՝ ապացուցելու համար, որ այդ մարտական տեխնիկան այնուամենայնիվ գտնվում է այնտեղ»,- ասաց Դ. Իոաննիսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք գաղտնի են նկարում և տեսագրում զրահապատ մեքենաները, քանի որ Ոստիկանությունը թույլ չի տալիս: Նրա խոսքով՝ ոստիկաններն ուզում են իրենց խոչընդոտել՝ ՄԻԵԴ ապացույցներ ներկայացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս