
Օստեոպորոզ. Կալցիումի յուրացմանը նպաստող դեղաբույսեր

Մեր նախորդ նյութերում անդրադարձել ենք կալցիումի յուրացման համար անհրաժեշտ մի քանի պայմաններին։
Ժողովրդական բժշկությունն ունի հարցի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք կիրառում են նաև բարձրակարգ բժիշկ ոսկրաբանները։
Ըստ կենսաքիմիայի դոկտոր-պրոֆեսոր Դ.Դ. Սումարոկովի` օրգանական կալցիումի ցիտրատը պետք է պատրաստել այսպես. նախապես լվացած (ներքին թաղանթը հեռացրած), չորացրած 3 ձվից ստացված կճեպը լավ մանրացրեք, լուծեք 100 մլ կիտրոնի հյութի մեջ (ստացվում է երկու միջին պտղից)։ Բաժանեք 6 հավասար մասերի, խմեք օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ` երկու օրվա չափաբաժինն է։ Շարունակեք 7 օր, կարելի է կրկնել 23 օրից։ Ախտորոշված օստեոպորոզի դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս խմել 2-3 ամիս, մեկական ամիս ընդմիջումներով։ Խորհրդակցեք բուժող բժշկի հետ։
Իշառվույտ` Melilotus
Աճում է ՀՀ բոլոր մարզերում, մինչև միջին լեռնային գոտի, մեղրատու բույս է, ծաղիկները դեղին են ու մեղրաբույր։ Քչերին է հայտնի, որ իշառվույտից ստացված պատրաստուկները նպաստում են կալցիումի յուրացմանը։ Սակայն իշառվույտը հեղուկացնում է արյունը, այդ իսկ պատճառով չի կարելի օգտագործել, օրինակ, դաշտանի շրջանում։ Կալցիումի ցիտրատի հետ համատեղ 7 օր խմեք իշառվույտի եփուկ. 1 թ/գ հումքը 30 րոպե եփեք (թույլ կրակ) 200 մլ ջրում։ 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Էստրոգենանման նյութեր պարունակող բույսեր
Բույսերի այս խումբը նպաստում է D վիտամինի ակտիվացմանն օրգանիզմում, առանց այդ գործընթացի` կալցիումը չի յուրացվի, և կզարգանա օստեոպորոզ կոչվող չարիքը։
Այդ բույսերից են թարխունը (Տե՛ս «Թարխունը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը», 168.am, 27.06.2015թ.)։
Մատուտակի արմատը, նույնն է` քաղցրարմատը (Տե՛ս «Բուժում է քաղցրարմատը», 168.am, 30.06.2015թ.)։
Գայլուկի կոները (Տե՛ս, «Գայլուկի կոները և գարեջուրը», 26.05.2011թ. և «Գայլուկը` որպես դեղամիջոց», 19.07.2014թ.)։
Ազնվամորու հատապտուղն ու հատկապես տերևը (Տե՛ս, «Ազնվամորի. աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները», 168.am, 27.06.2013թ.)։
Արծաթախոտը (Տե՛ս, «Արծաթախոտն ամրապնդում է փոխադարձ սերը», 168.am, 30.04.2013թ.) և այլն։
Խորհուրդ. Կալցիումի ցիտրատը խմելու ընթացքում հնարավորինս հրաժարվեք կենդանական ճարպեր պարունակող ուտեստներից։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: