«Ես ևս մեկ քայլի եմ սպասում երկրի իշխանությունների կողմից». Արմինե Հայրապետյան

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին զրուցեցինք հեղինակային երգի կատարող, ԵՊՀ դասախոս Արմինե Հայրապետյանի հետ:

– Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերի իրադարձությունները. երիտասարդների պայքարի ձևը ճի՞շտ էր ընտրված:

– Երբ խնդիրները հասունանում են այս աստիճանի, երբ ճիշտ լուծում չի տրվում որոշ հարցերի, որը կբավարարի ժողովրդին, մարդիկ պայքարելու ձևեր են փնտրում: Ներքին մեծ ուրախություն էի ապրում երիտասարդական շատ մեծ ու բավականին ազնիվ ակտիվության համար, ինչը շատ կարևոր է՝ թե՛ կազմակերպիչների, թե՛ մասնակիցների առումով: Սա ոչ միայն հպարտության զգացում է, այլև այն հավատն է, որ ես վաղուց ունեցել եմ մեր ապագայի նկատմամբ: Ես գիտեմ, որ հայ ազգի մեջ ասպետի այդ տեսակը մեռած չէ:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ երիտասարդներն ընդհանուր հայտարարի չեկան և բաժանվեցին երկու մասի:

Կարդացեք նաև

– Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ինձ համար շատ տրամաբանական բացատրություններ ուներ՝ բոլոր առումներով՝ բաժանման կտրվածքով ևս: Պետք է ասեմ, որ նախագահn արդեն բավականին լուրջ հայտարարությամբ հանդես եկավ և ներկայացրեց ընդառաջ գնալու պետության հնարավորությունները, որոնք, կարծում եմ՝ տվյալ պահին ներկայացված էին առավելագույն կերպով, և ենթադրում եմ, որ այն երիտասարդները, ովքեր գիտակցեցին և հաջորդ փուլ անցնելու որոշում կայացրին, հասկացել էին, որ այդ ամենը մատուցվեց տվյալ պահին հարմար առավելագույն եղանակով:

Բայց եթե ես լինեի ղեկավար, ապա ևս մեկ քայլ կանեի` ընդառաջ, որովհետև նման իրավիճակում մեր երիտասարդները չգիտեն՝ սա հաղթանա՞կ է , թե՞ ոչ: Այսինքն՝ գիտեն, որ հաղթանակ չէ, բայց ինչ-որ տեղ գիտակցաբար են մոտենում: Սա ուղղված էր համընդհանուր շահին, և այդ ազնիվ նպատակը գնահատելու համար կարելի էր ևս մեկ քայլ անել:

Նման դեպքերում էմոցիաներին տրվել ու հաշվի չառնել արտաքին վտանգները՝ չի կարելի: Միգուցե երիտասարդները չգիտակցեն հետևանքների մասին, բայց հասուն մարդիկ պարտավոր են գիտակցել, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Ուղղակի մշտապես առկա է մի ցավալի երևույթ՝ միշտ կան պղտոր ջրում ձուկ որսողներ, և ցավում եմ, որ այս իրավիճակից օգտվող մարդիկ փորձեցին վարկաբեկել այս կամ այն կողմին: Նման գնահատական տալու իրավունք ոչ ոք չունի, որովհետև երիտասարդների մղումներն ազնիվ էին: Իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեն այլ հեռահար նպատակներ իրականացնել երիտասարդների ձեռքերով, անազնիվ են: Եթե մարդիկ ունեն այլ որակի, այլ բնույթի ասելիք կամ անելիք, ապա պետք է իրենք իրենց ձեռքով անեն և բաց ճակատով դուրս գան:

– Բայց սոցիալական բողոքի հանրահավաքային այս պայքարը քաղաքական ուղղություն չստացա՞վ:

– Սոցիալական խնդիրների բարդությունն այս կամ այն կերպ կապվում է քաղաքականության հետ: Պարզապես իրենց համար շահեկան իրավիճակ փնտրող ուժերը, բնականաբար, պետք է ամեն վայրկյան փորձեն դա օգտագործել: Այդ տեսակետից՝ կարող են լինել և՛ նման ուժեր, և՛ երիտասարդներ, ովքեր ցանկություն ունեն ուժեղ ալիքի տակ հասնել վերջնական նպատակին: Եվ հենց դրա համար կարելի է իմ ակնարկած «քայլ ընդառաջն» իրականացնել, որպեսզի, ի վերջո, դադարեցվի ցույցի նպատակահարմար լինելը: Եթե ինչ-որ նոր և շոշափելի արդյունք ստացվի, ապա շատ ավելի քիչ հնարավորություն կմնա նրանց համար, ովքեր ուզում են այլ նպատակների հասնել:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կավարտվի այս ամենը:

– Կանխատեսել որևէ բան հնարավոր չէ: Մի բան միանշանակ է՝ երիտասարդությունն այլևս չի կարող հանդուրժել որևէ ստիպում կամ թելադրանք: Իրենք պետք է կայացնեն որոշում, և վստահ եմ, որ իմաստուն որոշումներ կկայացնեն: Կարծում եմ՝ նման իրավիճակը նորից մեկնաբանության կարիք ունի իշխանությունների կողմից: Ես ևս մեկ քայլի եմ սպասում ղեկավարության կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս