Բաժիններ՝

Բաղրամյան պողոտայում ճնշումներ են եղել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ինքն առաջին օրվանից ԱԻՄ-ականների հետ մասնակցել է այդ ցույցերին:

168.am-ի հարցին, թե համաձայն չե՞ք, որ երբ «Ոչ՛ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց պայքարը տեղափոխում են Ազատության հրապարակ և ժողովրդին կոչ արեցին հետևել իրենց, որոշ քաղաքական ուժեր փորձեցին օգտվել առիթից ու շարժումն իրենց ձեռքը վերցնել, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Քաղաքական ուժերն այն բանի համար են, որ կատարեն իրենց պարտականությունը, և հանրությանը մատուցեն իրենց պատկերացումները և իրավիճակում նաև ճիշտ կողմնորոշեն՝ ոչ հետին նկատառումներով: Նրանք դրա համար ստեղծված կառույցներ են: Դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա: Տեսնում եմ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ առաջին գծում, դա նույնպես սարսափելի չեմ համարում, որովհետև ես այն թերուսներից չեմ, որ մտածեմ, թե քաղաքական կյանքում դերակատարություն կարող են ունենալ քաղաքացիական գործիչները»:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր շատ են գոռում ժողովրդի, ժողովորդի շահերի մասին՝ իրենց նույնացնելով ժողովրդի հետ, նրանք դառնում են ժողովրդի համար ակնհայտ նահանջողներ. «Ես բնական և օրինաչափ եմ համարում, որ այդ նախնական նախաձեռնողները մեկուսացվեցին, որովհետև նրանք իրենց շատ բան էին վերապահում: Մշտապես ներկա լինելով՝ մենք շատ էինք նկատում, որ իրենք փորձում են ճնշում գործադրել մյուս քաղաքացիների վրա՝ դրոշ դարձնելով «չքաղաքականացնենք, այսինչ բանը չի կարելի, մի վանկարկեք իշխանությունների դեմ ոչինչ»»:

Մեր այն հարցին էլ, թե չե՞ք կարծում, որ հենց այդ նախաձեռնող խմբի ոչ քաղաքական ուժ լինելու շնորհիվ էր, որ այդքան մարդ էր հավաքվել Բաղրամյան պողոտայում, Պ. Հայրիկյանը չհամաձայնեց՝ ասելով. «Ոչ, ռուսական իմպերիաիզմի շնորհիվ էր, որ այդքան մարդ էր հավաքվել: Եթե ռուսական իմպերիալիզմը ժամանակին Հայաստանի ցանցերին տիրեց, սնանկացրեց, վերջում քաղաքացիներին սպառանալով, որ կարող են հովհարային անջատումներ ունենալ՝ ստիպեց մարդկանց ոտքի կանգնել: Այդ մարդիկ տրամադրված էին ոտքի կանգնել, այնպես որ, որևէ բացառիկ դրսևորում, ինչ-որ անհայտ մարդիկ առանձնակի դերակատարում չեն ունեցել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս