ԼՂՀ-ում ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգում

Արցախում առկա են ջրային մեծ ռեսուրսներ, և այն նպատակին ծառայեցնելու համար, ԼՂՀ կառավարությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ առանձնակի ուշադրություն է դարձրել հատկապես խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգին, նպատակ ունենալով հանրապետության բոլոր համայնքներն ապահովել մշտական ջրով:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մի շարք համայնքներում այս ծրագիրն արդեն մեկնարկել է:

Ընթացքի մեջ են՝ Հադրութ և Մարտունի քաղաքների, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի, Մարտակերտի շրջանի՝ Վարնկաթաղի, Ասկերանի շրջանի Հարավ գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:

Ընթացիկ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին հանրապետությունում շարունակվում են նաև ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի զարգացման ու շահագործման աշխատանքները:

Ջրային համակարգ է կառուցվում Ասկերանի շրջանի Սարդարաշեն համնայնքում, իսկ Սառնաղբյուրում` խողովակաշարի և 16մ խորանարդ օրվա կարգավորման ջրավազան:

Ծրագիրը շարունակվում է նաև Մարտակերտ քաղաքի «Երեք մանկուք» օրվա կարգավորման ջրավազանի տարածքի և Վանք համայնքի խմելու ջրագծի վերակառուցումը, Մեծ Շեն-Մոխրաթաղ-Ներքին Հոռաթաղ- Աղաբեկալանջ տրանզիտ ջրագծի կառուցումը, Թալիշի ոռոգման համակարգի վերանորոգման և պոմպակայանի կառուցման աշխատանքները:

Ընթացքի մեջ են նաև Մարտունու շրջանի Մուշկապատ, Գիշի, Կոլխոզաշեն համայնքների ջրամատակարարման համակարգի աշխատանքները: Մեծածավալ աշխատանք է տարվում հանրապետության հարավային թևի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի 50 նոր բնակելի առանձնատան արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերի, ինչպես նաև Արտաշավի գյուղի ջրամատակարարման ուղղությամբ: Մայրաքաղաքի տարբեր գոտիներում ևս ջրագծերի անցկացման, օրվա կարգավորման ջրավազանների, պոմպակայանների կառուցման աշխատանքներ են տարվում:

Տեսանյութեր

Լրահոս