«Կիսամարող-կիսաակտիվացող ընդվզումը մեզ, դժբախտաբար, դեռ երկար ժամանակ ուղեկից է լինելու»

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

– Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս եք գնահատում Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակն ու Սերժ Սարգսյանի որոշումը, որ կառավարությունը պետք է փոխհատուցի էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացումը՝ մինչև աուդիտի արդյունքները լինեն:

– Դա ոչ այնքան հատուցում է, ինչքան ավելի շատ տարկետում վերցնել է, որովհետև իրականության մեջ ոչ մի ռեալ շարունակություն դեռ պարզ չէ: Բայց մյուս կողմից՝ իշխանությունը մի քիչ հեռացավ այն կատեգորիկ մտքից, որ սակագները միանշանակ բարձրացնելու են: Նման երևույթները միշտ բազմագործոն են՝ հաշվի առնելով նաև այն, ինչ կատարվում է Երևանում և ՀՀ մյուս քաղաքներում, բնականաբար, լուրջ ճշգրտումների պահանջ է առաջանում: Եվ, դժբախտաբար, պետք է փաստել, որ մեր պետական այրերը ոչ թե, ժողովրդի լեզվով ասած, մտածում են ժողովրդի մասին, այլ հանգամանքների բերումով՝ փորձում են մանևրել: Դա խոսում է մեր պետության ցածր որակի մասին: Ինչ վերաբերում է ընդվզողներին, ապա, փաստորեն, պառակտում առաջացավ՝ մի մասը գտնում են, որ քանի որ վիճակը որոշ չափով փոխվել է, եկեք թայմ-աութ վերցնենք, և, եթե պրոցեսները կրկին գնան ոչ բարենպաստ ուղղությամբ, կրկին կսկսենք ընդվզման ալիքը: Իսկ ավելի մեծ մասն էլ հիմա այդ ալիքի տակ ուզում է գնալ մինչև վերջ:

Ես այդ երկրորդ խմբի, այսպես ասած՝ ավելի շատ և ուժեղ գոռացողների մասին կարող եմ ասել, որ այնտեղ հիմնականում, ոչ ամբողջությամբ, այդ դիրքորոշմանը հակված են այն մարդիկ, ովքեր ուզում են դիվիդենտներ շահել և ցույց տալ իրենց հաստատակամությունը:

Կարդացեք նաև

Եվ այնտեղ դժվար չէ տեսնել թե՛ ազատական, լիբերալական, չակերտավոր՝ ժամանակակից երիտասարդությանը, թե՛ արդեն գործող քաղաքական և քաղաքացիական խմբերի, որոնց մինչ այդ չի հաջողվել մարդկանց մեծ քանակ ապահովել: Բնական է, որ նման իրավիճակում առաջանում են սադրանքներ և ասպարեզ են դուրս գալիս սադրիչներ:

Պետք է հաշվի առնել, որ առ այսօր մենք չունենք առաջնորդող գաղափար, չունենք առաջնորդող խումբ կամ կազմավորում: Սա է մեր ողբերգությունը, դրա պատճառով է, որ մեզ մոտ այդ պրոցեսներն ամեն անգամ հունից դուրս են գալիս:

– Իսկ գուցե կոնկրետ լիդեր չունենալո՞ւ մեջ է այս շարժման առավելությունը:

– Ընդհանրապես լիդեր չունենալը հիմնականում բացասական հետևանքներ է բերում, որովհետև լիդերի բացակայությունը նշանակում է՝ չունենալ ճակատագրական պահերին բարձր կազմակերպվածություն և նպատակուղղվածություն, գնում են ջլատումներ: Կառավարման առումով դա չի համարվում լավ գործոն: Եվ խոսքը չի գնում մեկ լիդերի մասին, խոսքը խմբի կամ կազմավորման մասին է, որը հեղինակություն է վայելում, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ազգի մեծամասնության մոտ և՛ հավատ են ներշնչում, և՛ նաև մարդիկ ընդունում են այդ խմբի առաջատար լինելը: Իսկ դա շատ կարևոր է ընդվզման ժամանակ:

– Պարոն Մեսրոբյան, ի՞նչ եք կարծում՝ երկու կողմի համար՝ թե՛ իշխանական, թե՛ ցուցարարների, ստեղծված իրավիճակում ո՞րն է առավել ճիշտ քայլը հետագայի համար:

– Միանշանակ մի բան է պարզ՝ հայությանը և Հայաստանին պետք չեն բախումներ: Բայց այստեղ մտահոգիչ է մեր իշխանավորների պահվածքը, որն անկեղծ չէ: Նրանք փորձեցին հերթական անգամ սակագների բարձրացմամբ ապաշնորհ կառավարումը (հասկանալի է նաև, որ եղել են հանցագործություններ) և այս ամենի հետևանքները բարդել ժողովրդի գրպանի վրա: Այս պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, որ իշխանավորներն իրականությունը, այնուամենայնիվ, լավ չեն տիրապետում և սկսում են ինչ-որ բան անել միայն այն ժամանակ, երբ առաջանում է տեսանելի ընդվզում:

Նման պայմաններում իշխանությունը կարծես հրաբխի վրա նստած լինի: Ագահ և ոչ ադեկվատ իշխանավորները միշտ կստեղծեն իրավիճակ, երբ առաջանալու է ընդվզում: Ավելին՝ երկարատև, 1991 թվականից տևող ապաշնորհ կառավարումը բերեց նրան, որ ժողովուրդը ոչ մի խոստման այլևս չի հավատում:

Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ Բաղրամյանում քիչ չեն մարդիկ, ովքեր չեն ուզում հանդարտվել: Բացի նրանից, որ կան սադրիչներ, դա հարցի մի կողմն է, նաև մարդիկ, իրոք, 25 տարվա փորձից չեն հավատում և տեսնում են, որ իշխանավորները միայն մի դեպքում են գնում ինչ-որ դրական փոփոխությունների՝ երբ ճնշումը մեծ է լինում: Դրանով է բացատրվում այսօրվա իրավիճակը, իսկ քանի որ տեսականորեն հույս չկա, որ մեր իշխանավորները դառնան ադեկվատ, ռազմավարական մտածելակերպով գործելաոճ իրականացնեն, ուրեմն այս իրավիճակը, կիսամարող-կիսաակտիվացող ընդվզումը մեզ, դժբախտաբար, դեռ երկար ժամանակ ուղեկից է լինելու, և վաղ թե ուշ դա կբերի պայթյունի:

Դուք ուշադրություն դարձրեք՝ վերջին մեկ տարին ցանկացած իրավիճակ բերում է, թեկուզ՝ լոկալ, բայց լուրջ ընդվզման: Սա արդեն դեղին քարտ է իշխանավորներին: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ մեր իշխանավորները խելքները գլուխները կհավաքեն: Այս իմաստով ընդունելի ելք չկա, առավել ևս, որ ընդդիմության դաշտում էլ չկա վստահություն ներշնչող որևէ կառույց: Համատարած անվստահության պայմաններում մի սպասեք տրամաբանական ճիշտ ելք, դա գոյություն չունի: Եվ այստեղ մեղք ունենք և մեր քաղաքական կուսակցությունները, որ 25 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը հույս ու հավատ չի ներշնչում, այնքան են փոխել ճամբարները, այնքան են իրենց շահերի համար օգտագործել այս կամ այն ընդվզումը, ընդհուպ՝ մինչև պաշտոններ ստանալը, որ դրա պատճառով կուսակցական դաշտն էլ չի կարող հենարան հանդիսանալ, այսպես կոչված՝ կայունության ապագա, և, դժբախտաբար, քաղաքացիական դաշտը, որտեղ շատ են լցվել գրանտակերներ և օտար շահադիտական ուժեր, որոնք, փաստորեն, իրենք էլ իրենց դիմակը պատռեցին վերջին 1-2 տարվա մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ բոլոր գագաթները պինդ չեն, խարխուլ են: Այս ամորֆ վիճակում միշտ սպասեք, որ ցանկացած, անգամ՝ ոչ կարևորագույն հարցի շուրջ թեկուզ լոկալ ընդվզում կառաջանա: Այսինքն՝ ՀՀ-ն մտել է պերմանենտ անկայունության փուլ՝ դեռ կարողանալով արտաքնապես որոշ չափով պահել կայունությունը:

Տեսանյութեր

Լրահոս