Բաժիններ՝

«Գույք ունեք՝ հարկ վճարեք». Բագրատ Ասատրյան

«Ակցիզային հարկի» մասին աղմկահարույց օրինագիծը, որի երկրորդ ընթերցումը ետ կանչվեց խորհրդարանից, նախատեսում էր օղու, ծխախոտի, բենզինի ակցիզի բարձրացում և խտացված գազի համար ակցիզի սահմանում: Թե ի՞նչ փոփոխություններով կառավարությունն այս օրինագիծն աշնանը կբերի Ա՞Ժ, դեռ հայտնի չէ: 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սա քաղաքականություն է, որը պետք է որոշակի տրամաբանություն ունենա: Ըստ նրա, չի կարող յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ասել՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց կան դեպքեր, որ ակնհայտ են, օրինակ՝ մեր աղքատ, ֆինանսապես դժվար պայմաններում գտնվող երկրում ծխախոտն այսքան էժան չպետք է լինի, կամ կա շռայլության հարկի պրակտիկա, որն այդպես էլ չեն կիրառում Հայաստանում:

Դիտարկմանը, որ ծխախոտի ու օղու դեպքում ակցիզային հարկի բարձրացումը հասկանալի է, բայց ավտոգազի դեպքում խնդիրներ կառաջանան, Բ.Ասատրյանը պատասխանեց, որ այս հարցում կա գների համադրելիության խնդիր, և պետք է բենզինի, գազի գների ընդհանուր դաշտում դիտարկել՝ գները համադրելի՞ են, թե՞ ոչ, ու ըստ այդմ որոշում կայացնել. «Նաև գուցե ավելի ճիշտ է՝ խտացված գազի գինը ցածր պահել, որ խրախուսվի դրա ներմուծումն Իրանից, և այլն: Այսինքն՝ սա ավելի մեծ քաղաքականություն է, գլոբալ պետք է մտածել, հետո վճիռ կայացնել»:

Բ.Ասատրյանի խոսքով՝ վճիռ կայացնողը պետք է ուշադրություն դարձնի նաև այն տեսակետներին, որ գազի թանկացումը բենզին ներկրողների պաշտպանությանն է միտված. «Մենք գիտենք, որ մենաշնորհները որոշիչ ձայն ունեն ԱԺ-ում, անգամ, եթե այդպես չէ, հասարակության զգալի մասն այդպես է կարծում: Եվ այդ պարագայում արդյունավետ չի լինի այս խնդիրը լուծել, եթե անգամ ֆինանսական կամ համակարգային առումով ճիշտ վճիռ է, բայց քանի որ այսպիսի հնչեղություն ունի, ճիշտ չի նման կերպ լուծել: Գլոբալ պետք է նայվի:

Բայց ես կարծում եմ, որ հարկային համակարգը պետք է զարգանա, ակցիզի նվազեցումը կամ բարձրացումը ճիշտ մոտեցում չէ, պետք է ընդհանրապես գաղափարախոսությունը վերանայվի, որն ամբողջովին սպառման վրա է հիմնված: Մեր երկրում եկամուտները քիչ չափով են հարկվում: Հսկայական գույքային համալիրներ կան: Ճոխության հարկից հետ կանգնեցին, բայց մարդիկ կան, որ տիրապետում են շատ թանկարժեք գույքերի, մեծ քանակությամբ, և պետք է շատ հարկ վճարեն:

Արդարության խնդիրն այստեղ կա: Ակնհայտ է, որ տարբեր միջոցներով կուտակված սեփականության հարկումն ամենաարդար հարկատեսակն է: Շատ դժվար է պարզել՝ այս կամ այն պաշտոնյայի գործողություններն օրինակա՞ն են եղել տվյալ գույքը ձեռք բերելիս, թե՞ ոչ, բայց կա մի արդար գնահատման ձև՝ գույք ունեք՝ հարկ վճարեք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս