«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Երկու նախագահներն էլ ասել են, որ ցանկանում են միմյանց հանդիպել, նրանք համաձայնել են ինտենսիվացնել երկխոսությունը, ու մենք պետք է նրանց օգնենք այդ հարցում»,-ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ գլխավորը, ինչ ինքը հասկացել է իր միջնորդական առաքելության ընթացքում, այն է, որ չպետք է լինեն շահողներ ու պարտվողներ. պետք է լինեն միայն հաղթողներ: «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը այնպիսի կոնֆլիկտ է, որտեղ հնարավոր է գտնել անպիսի ելք, որը կծառայի Հայաստանի ու Ադրբեջանի շահերին»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Բաքուն որոշի պատերազմ սկսել, Ուորլիքը պատասխանել է, որ դա կլինի «վատագույն տարբերակը»:

«Նոր հնարավորություն կա հիմա ու այն հարկավոր է օգտագործել: Ես չեմ ցանկանում նվազեցնել առկա դժվարությունները, սակայն քաղաքական կամքի դեպքում կոնֆլիկտը լուծելի է: Դրա այլընտրանքը կլիներ պատերազմը, չեմ կարծում, թե երկու երկրների ժողովուրդները ցանկանում են պատերազմ: Ես բավական շատ եմ հանդիպել նախագահներ Ալիևի ու Սարգսյանի հետ ու կարող եմ ասել, որ նրանք չեն ցանկանում պատերազմ, այլ ցանկանում են խաղաղ կարգավորում, ահա թե ինչու ենք մենք նրանց օգնում»,- ասել է Ուորլիքը:

Պատասխանելով հենց իր կողմից Վաշինգտոնում մի քանի տարի առաջ հնչեցված ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման առաջարկին վերաբերող հարցին՝ Ուորլիքը ասել է, որ շարադրել է դրա սկզբունքները ու տարրերը:

«Վեց տարրերը նրա համար չեն, մեկ կամ մյուս կողմը ընտրի այն,  ինչ ցանկանում է: Իմ ուղերձներից մեկը այսպիսին է՝ դա համընդհանուր փաթեթ է, որը հարկավոր է դիտարկել միասին ու ողջ ծավալով: Դուք չեք կարող պարզապես ընտել մեկ կամ մյուս սկզբունքը, որը ծառայում է ձեր շահերին: Երկու երկրների նախագահների ու արտգործնախարարների հետ բանակցությունների ժամանակ մենք խոսում ենք այդ մասին: Նրանք գիտեն, որ պետք է լինի համընդհանուր կարգավորում, որ չեն կարող պարզապես ընտրել այդ սկզբունքը, որն իրենց դուր է գալիս կամ տարրեը, որոնք նրանց հետաքրքրությունների շրջանակում են: Հակառակ դեպքում դա կարգավորում չի լինի»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Միևնույն ժամանակ, նա համաձայն չէ այն մտքի հետ, որ բանակցությունները փակուղի են մտել: «Նախագահներն անցած տարի երեք անգամ հանդիպել են ու ամեն անգամ առաջընթաց է գրանցվել: Հասե՞լ են արդյոք նրանք լիակատար համաձայնության: Ոչ: Ահա թե ինչու է կարևոր շարունակել միջնորդությունը ու կազմակերպել նախագահների հանդիպումը: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, նրանք կարող են մանրամասն քննարկել այդ հարցերը»,- ասել է Ուորլիքը:

Հարցին, թե երբ է հնարավոր Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, դիվանագետը պատասխանել է, որ դա նրանց որոշելու հարցն է ու հույս է հայտնել, թե դա տեղի կունենա այս տարի:

«Կցանկանայինք, որ լիներ դրական արդյունք, այլ ոչ թե հանդիպում հանդիպման համար»,- նկատել է նա:

Տեսանյութեր

Լրահոս