Մոսկվան Երևանում չի կրկնի այն սխալները, ինչ Ուկրաինայում. Կայծ Մինասյան
168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, շուրջ 4 օր մի քանի հազար երիտասարդներ Երևանում պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ինչը վերածվել է համաժողովրդական պայքարի: Երևանում տեղի ունեցողի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Առաջինը` շարժումն ուղղորդված է իշխանությունների կողմից ՀԷՑ-ի ազգայնացման համար: Երկրորդը` շարժումն ուղղորդվում է Արևմուտքի կողմից: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում Երևանում: Կա՞ն արդյոք պայքարն ուղղորդողներ:
– Անսպասելի և սպասելի իրադարձություններ են կատարվում Երևանում: Կարծում եմ, որ ինչ ասում էի տարիներ ի վեր, այսօր, կարելի է ասել, որ արդեն իսկ տեղի է ունենում: Այսինքն` մեր աշխարհում հասարակություններն այլևս ինքնավար են, քան 20-30 տարի առաջ, ավելի ժողովրդավարական են, ավելի խելացի ու զարգացած: «Ոչ թալանին» նախաձեռնության շարժումը քաղաքացիական հասարակության շարժում է, որը նման է Թուրքիայի Գեզի պուրակի և աշխարհում գրանցված մի քանի այլ քաղաքացիական շարժումներին: Այսինքն` այսօրվա շարժումը հրաշալի է երեք առումով: Առաջինը` ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն այլևս ցանկանում են իրենց ձեռքում պահել իրենց ապագան:
Երկրորդը` քաղաքական մշակույթ է տարածվում ՀՀ հասարակությունում:
Երրորդը` այդ շարժումը խաղաղ է գործում, որի արդյունքում ՌԴ-ն, Արևմուտքը, ՀՀ իշխանությունները զարմանում են, որովհետև այդ շարժման պարագլուխները, նույնիսկ, եթե առաջնորդներ չկան, խելացի են և բոլորը շշմած են, քանի որ չեն հասկանում` որտեղից է գալիս, բայց բնական է, որ գալիս է Հայաստանի իրականությունից:
Այսինքն` նոր սերունդը, երիտասարդությունը՝ տեսնելով իր իշխանությունների սխալները 23 տարի շարունակ, չի ցանկանում, որպեսզի ՀՀ ապագան նույն ուղիով շարունակվի, որովհետև շարժումը, չեմ ասում՝ ազգայնամոլ շարժում է, այլ ընկերական շարժում է, հայրենասիրական: Հասարակությունը ցույց է տալիս, որ պետությունն իրեն է պատկանում և ոչ՝ իշխանությանը:
Այսինքն` շարժման մասնակիցները սիրում են երկիրը, սիրում են Երևանը, հայրենիքը, և ՀՀ իշխանությունները չեն կարող շահագործել կամ խոչընդոտել այն երկու պատճառով: Առաջինը` նախ՝ որովհետև խաղաղ շարժում է, և ոստիկանները չգիտեն` ինչ անել: Երկրորդը` հայրենասիրական է, այսինքն` չեն կարող ասել, թե շարժումը պրոռուսական է կամ պրոարևմտյան: Այդ շարժումը զուտ հայկական շարժում է: Ըստ իս` այդ շարժումը զուտ հայկական, երևանյան շարժում է, որովհետև անարդարություններն այնքան մեծ են, իշխանությունները՝ լինի Ռոբերտ, Սերժ, Լևոն, այնքան շահագործեցին, քանդեցին ամբողջ իրականությունը, կարողությունները, որ նոր սերունդը ցանկանում է այդ ամենը դադարեցնել:
Ես կարծում եմ, որ այդ շարժումը վերացրեց բոլոր քաղաքական կուսակցություններին, լինի իշխանական թե ընդդիմադիր, ինչը նոր շնչի մասին է խոսում հասարակությունում, նոր հույս է ստեղծվում, նոր իրականություն, եթե այսպես շարունակվի, Հայաստանի հասարակությունը ստիպելու է քաղաքական ուժերին փոխել իրենց կեցվածքը, էությունը, ինքնությունը: Այս շարժմամբ երիտասարդությունը Հայաստանը մտցնում է 21-րդ դար, գլոբալ աշխարհ: Դա շատ կարևոր է, սա շատ կարևոր ուղերձ է բոլոր քաղաքական ուժերի, նախկին ու ներկա նախագահների համար` երիտասարդությունը ցանկանում է այլ Հայաստան:
– Այս օրերին ռուսական ԶԼՄ-ները երևանյան իրադարձությունները լուսաբանում են, ինչպես Մայդանը, բավական ագրեսիվությամբ: Այսինքն` գոնե ռուսական ԶԼՄ-ների վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ նույնն է, ինչ Մայդանի դեպքում էր: Իսկ ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքն ու վերաբերմունքը: Բացառո՞ւմ եք ճնշումները Հայաստանի նկատմամբ:
– Կարծում եմ, որ ռուսների կեցվածքը սխալ է, բայց նրանք այդքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նրանց առաջին արձագանքն իսկապես կոպիտ էր, քանի որ վախ կար Երևանում Մայդանի կրկնության հարցում: Սակայն ՌԴ ԱԳ նախարարության վերջին հայտարարությունը փաստում է այն մասին, որ ռուսական կողմը փորձում է զիջումների և փափկության ուղիով ընթանալ: Դա նշանակում է, որ ռուսները Երևանում չեն ցանկանում կրկնել այն սխալները, ինչ Ուկրաինայում: Որովհետև ռուսները տեսան, որ շատ բարեկամ երկրներ չունեն: Այս ամենը 1990-ական թթ. շարժումների հետ բացարձակ կապ չունի, 2008թ. շարժման հետ կապ չունի, քանի որ նոր ձևեր, պայքարի նոր մշակույթ է գործադրվում, նոր մտածելակերպ, և այստեղից է գալիս, որ ՀՀ իշխանությունները, ՌԴ-ն, Արևմուտքը չգիտեն` ինչպես վարվել: Կարծում եմ, որ Սփյուռքը մոտիկից հետևում է, պատրաստ է իր զորակցությունը հայտնել շարժմանը, որովհետև ամեն մարդ գիտի, որ այլևս այսպես շարունակել անհնար է:
– Դուք ևս նշեցիք, և տեսանելի է, որ պայքարի մեթոդները նոր են, ավելի ստեղծարար, սակայն պայքարը չունի ակնհայտ առաջատար կամ առաջատարների խումբ, որի հետևանքով խնդիրները ճիշտ չեն ձևակերպվում կամ ձևակերպվում են թերի, նրանք չհանդիպեցին ՀՀ նախագահին, ով հրավիրել էր քննարկել նրանց պահանջները, ապա նոր պահանջներով հանդես եկան: Այս քաղաքականությունն ո՞ւր է տանում շարժումը:
– Շարժումը Սերժ Սարգսյանին չասաց՝ «ոչ»: Շարժումը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի պայմաններին, նախապայմաններին, բայց ոչ՝ բանակցելուն: Հայաստանյան շարժման պատասխանատուները ճիշտ կեցվածք ընդունեցին՝ մտածելով, որ նախ՝ պետք է շարժումը զարգացնել, ապա միայն բանակցել ՀՀ իշխանությունների հետ: Իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանի հետ միայն բանակցելն արդեն իսկ հաղթանակ է այդ շարժման համար: Եթե կա գոնե մեկը ՀՀ կառավարությունում, որ կարող է լսել շարժման մասնակիցների ձայնն ու կեցվածքը, հիանալի է:
– Պաշտոնյաները հայտարարում են, որ սակագինը չի նվազելու, այսինքն` շարժման պահանջները չեն բավարարվում, ի՞նչ ապագա է սպասվում այդ դեպքում այս պայքարին:
– Ապագայի վերաբերյալ դժվար է նչ-որ հստակ բան ասել: Հուսամ, որ շարժումը կշարունակվի և կպարտադրի իր պահանջներն իշխանություններին: Կարևոր է նաև, որ շարժումը մնա խաղաղ, հզոր, բայց խաղաղ, ինչպես այս օրերին: Ես իրավունք չունեմ Փարիզից խորհուրդներ տալ շարժման պատասխանատուներին, քանի որ նրանք շատ պատասխանատու են և գիտեն` ինչ պետք է անեն, որպեսզի կամ հաղթանակ արձանագրեն, կամ շարժումը շարունակեն խաղաղ ձևով: