Գեղեցկության գաղտնիքներ Միրանդա Քերից
Այժմ գրեթե բոլոր հեռուստաալիքներում պտտվում է գովազդ, որտեղ հայտնի ավստրալացի մոդել Միրանդա Քերը պատմում է, թե ինչ պետք է օգտագործել թեփից ազատվելու համար: Նա նման շատ գովազդներում է մասնակցում, բայց իրական կյանքում կարծես չունի ոչ մի խնդիր՝ արտաքին տեսքի հետ կապված: Միջազգային մամուլում նրան բնորոշում են՝ որպես կին, ում մարմնի ամեն մի հատվածից առողջություն ու թարմություն է հորդում: Նրա կատարյալ վարսերն ու մարմինն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, իսկ նրա ընտրած հագուստից պարզ ընդգծվում է, որ նա թաքցնելու ոչինչ չունի:
Նման գեղեցկությունը ոչ թե պատահականություն կամ ճակատագրի արդյունք է, այլ երկարատև աշխատանքի ու նպատակասլացության: Միրանդան շատ է սիրում սպորտ, առողջ սնունդ և մեդիտացիա: Միրանդան այնքան էր տարվել գեղեցկության որոնումներով, որ ստեղծեց կոսմետիկայի սեփական արտադրություն՝ Kora անվանումով: Այս ապրանքանիշը տարբերվում էր նրանով, որ ամբողջովին բնական է և չունի ավելորդ հավելումներ:
Միրանդա Քերը բիզնես լեդի է, հայտնի ու պահանջված մոդել, բայց այս ամենը չեն խանգարում նրան զբաղվել սեփական արտաքինով: Ինչ պետք է անել գեղեցիկ լինելու ու այդ գեղեցկությունը պահպանելու համար. այս թեմայով Միրանդա Քերը հարցազրույց է տվել աշխարհահռչակ Vogue ամսագրին: 168.am-ը ձեզ է ներկայացնում հարցազրույցի ամենահետաքրքիր դրվագները, որոնք բացահայտում են Միրանդա Քերի գեղեցկության գաղտնիքները:
– Միրանդա, ի՞նչն է ավելի մեծ ազդեցություն թողել Ձեր՝ առողջ ապրելակերպի հանդեպ սիրո վրա, մանկությունն ագարկո՞ւմ, թե՞ մասնագիտությունը:
– Իհա՛րկե, ագարակում անցկացրած մանկությունն ունեցել է մեծ ազդեցություն: Բուսական սննդակարգին ինձ ծանոթացրել է տատիկս, ում հետ ես աշխատում էի այգում. նա սովորեցրել է ինձ նաև համեղ պատրաստել: Ինձ համար շատ կարևոր է մրգերն ու բանջարեղենն օգտագործել թարմ վիճակում: Լավ ինքնազգացողությունն առողջ ապրելակերպի լավագույն ազդակն է:
– Եթե Դուք սովի զգացողություն եք ունենում, բայց ժամանակ չեք ունենում լիարժեք սնվելու, ի՞նչ եք անում:
– Հաճախ ես որոշ մրգեր եմ վերցնում ինձ հետ: Սա պատահում է հատկապես այն ժամանակ, երբ ես նախօրոք իմանում եմ, որ շատ հագեցած օր եմ ունենալու: Ես նախապես պայուսակիս մեջ դնում եմ, օրինակ, խնձոր: Երբեմն վերցնում եմ ինձ հետ նաև լանչ, օրինակ՝ թեթև աղցան ձիթապտղի յուղով:
– Իսկ ի՞նչ եք սիրում ուտել այն ժամանակ, երբ ճաշին կամ ընթրիքին դեռ շատ կա:
– Ամեն անգամ տարբեր բաներ եմ ուտում: Շատ եմ սիրում ծովային աղով ու ձիթապտղի յուղով պատրաստած ավոկադո: Իրոք շատ համեղ է ստացվում:
– Դուք թույլատրո՞ւմ եք Ձեր որդի Ֆլինին՝ ուտել չիպս, զեֆիր կամ այլ քաղցրեղեններ, որոնք, մեղմ ասած, դժվար է կոչել առողջ և օգտակար:
– Ես աշխատում եմ միանգամից սովորեցնել նրան օգտագործել առողջ սնունդ: Ֆիլինը, օրինակ, շատ է սիրում ավոկադո, վարունգ, քաղցր կարտոֆիլ, ելակ, հատապտուղներ և այլն:Ամենից շատ նա սիրում է հավ: Ես պատրաստում եմ նրա համար հատուկ ու օգտակար սնունդ: Անգամ, երբ նա ուզում է ուտել ինչ-որ անառողջ բան, ես դրա վրա ավելացնում եմ կոկոսի յուղ, մեղր, ընկույզ և այլն: Այսինքն՝ նա ուտում է անառողջ ինչ-որ բան՝ պատրաստված առողջ կերպով:
– Դուք իրո՞ք մանրամասն կարդում եք բոլոր կրեմների և կոսմետիկ միջոցների բաղադրությունները:
– Այո:
– Իսկ ինչի՞ համար:
– Մաշկի և մարմնի համար պետք է օգտագործել միայն որակյալ արտադրանք: Ինձ համար սկզբունքային հարց է միայն բնական միջոցներ օգտագործելը: Բացարձակ ամեն ինչ, ինչը ես օգտագործում եմ, կիրառվում է հետևյալ հարաբերությումբ՝ 80 տոկոս բուսական, առողջարար բաղադրիչներ, 20 տոկոս մնացյալ ամեն ինչը: Մենք գրեթե միշտ լինում ենք դիմահարդարմամբ, և դրա համար դիմահարդարումը մաքրող նյութերը պետք է լինեն միայն բուսական: Մարմնի համար օգտագործվող ցանկացած միջոց պետք լինի այնքան առողջարար, ինչքան մեր սնունդը:
– Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հաղթահարել ծերացման բնական գործընթացը:
– Ես շատ եմ հավատում մեդիտացիայի ուժին և այն արդյունքներին, որոնց կարելի է հասնել ներքին հարմոնիան պահպանելու դեպքում: Երբ հասնում եմ հարմոնիայի, ես ունենում եմ հանգստության և երջանկության զգացում: Ես համոզված եմ, որ վերջում այդ հարմոնիան կարտահայտվի նաև իմ մարմնի և մաշկի վրա: Նաև ինձ համար կարևոր է զբաղվել այնպիսի աշխատանքով, որն ինձ իրոք կգրավի, ու ես հաճույքով դրա վրա կվատնեմ իմ ողջ ժամանակը: Օրինակ, ես ունեմ մաշկի և մարմնի խնամքի սեփական արտադրություն, և դա այն զբաղմունքն է, որ իրոք հաճույք է պատճառում ինձ:
– Ինչպիսի՞ քսուքներ եք նախընտրում օգտագործել լողափում:
– Լողափո՞ւմ, օգտագործում եմ միայն La Roche-Posay՝ պաշտպանության 50-րդ մակարդակում:
– Ինչպե՞ս եք խնամում Ձեր վարսերը:
– Արդեն տևական ժամանակ օգտագործում եմ միայն Clear ապրանքանիշի միջոցները: Այն ամենը, ինչ ես ասում եմ գովազդում, իրոք համապատասխանում է իրականությանը:
– Առանց ո՞ր beauty միջոցի չեք կարող պատկերացնել Ձեր կյանքը:
– Առանց իմ արտադրության Kora դեմքի յուղի, որը պարունակում է շատ հակաօքսիդանտներ: Ես օգտագործում եմ այն գիշերը, իսկ առավոտյան մաշկս շատ թարմ է լինում և փայլում է:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ