«Ցինիզմ է, երբ ՌԴ-ն խաղաղ գործընթացի մասնակից լինելով՝ զենք է ապահովում հակամարտող կողմերին»

Մեր զրուցակիցն է Կովկասյան տարածաշրջանում և հետսովետական տարբեր շրջաններում արտաքին քաղաքականության վերլուծաբան, Մերձավոր Արևելքում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ՄԱԿ-ի կազմում Աֆղանստանում աշխատած, Վրաստանի պատերազմի առիթով ԵՄ-ի կողմից ստեղծված «Թալիավինիի հանձնաժողովի» անդամ, «ԼԻՆՔՍ»-ի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի Պարսից ծոցի և Արաբական թերակղզու ուսումնասիրությունների ֆորումի համակարգող Դենիս Սամութը։

– Պարոն Սամութ, նախորդ տարին և այս տարեսկիզբը բավականին ողբերգական էին ԼՂ հակամարտության գոտում արձանագրված զոհերի քանակի տեսանկյունից, իսկ ներկայիս պայմանական խաղաղությունը պայմանավորված է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերով։ Ըստ Ձեզ` ինչո՞ւ նախորդ տարվանից կտրուկ կերպով սրվեց իրավիճակը հակամարտության գոտում։

– 2015թ. սկզբին մենք իսկապես շատ լուրջ լարվածության ականատեսը դարձանք, ինչը, բարեբախտաբար, նահանջեց վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Ենթադրություններ են շրջանառվում, թե իրավիճակը և լարվածությունը կարող է շատ սրվել և վտանգավոր կետի հասնել ամռանը։ Սա հիմնված է մի քանի գործոնների վրա` ներկայումս իրական բանակցություններ չեն ընթանում հակամարտող երկրների միջև, և խաղաղության հեռանկարների բացակայության դեպքում մարդիկ մտածում են պատերազմի մասին։ Երկրորդ` ամեն օր հակամարտող կողմերն այս խնդիրն ավելի էական են դարձնում, քանի որ ամեն օր ցույց է տրվում, որ չկա բանակցված լուծում, կարգավորում, շատ են տարաձայնությունները, ուստի իրավիճակն ավելի ու ավելի է վատանալու, քանի դեռ կրկին չի սկսվել խաղաղության գործընթացը։

– Ադրբեջանը զբաղված է եվրոպական խաղերով, և սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է։ Մի շարք միջազգայնագետներ, ռուսաստանցի փորձագետներ պնդում են, որ այս խաղերից հետո Ադրբեջանը չի վարանի պատերազմ սկսել, քանի որ Ռուսաստանն ու Արևմուտքը զբաղված են ուկրաինական ճգնաժամով։ Կան նաև փորձագետներ, ովքեր պնդում են, որ լարվածությունը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ դրանով Արևմուտքին ցույց է տալիս իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եվրոպական խաղերից հետո իրավիճակի կտրուկ վատթարացում պե՞տք է սպասել։

– Ես չեմ կարծում, որ այս գործընթացում ներգրավված որևէ երկիր հետաքրքրված է պատերազմ սկսելու հարցում։ Երբ մարդիկ այսօր խոսում են պատերազմի մասին, կարծում եմ, որ միայն քչերն են հասկանում, թե ինչպիսին կլինի ԼՂ պատերազմը 2015թ.։ Դա չի լինի մի պատերազմ, ինչ եղել է քսան տարի առաջ։ Հակամարտող երկրներում այսօր այնպիսի ծանր սպառազինություն կա, որը նախատեսված է մասշտաբային կործանման համար, որը գործի դրվելուց հետո լուրջ, չափազանց լուրջ վնասներ է հասցնելու երկու կողմերին։ Հեռանկարն անհանգստացնող է, և չեմ կարծում, որ դա իրականում համարժեք ընկալում ունի։

Այնուամենայնիվ, վտանգը, որ փոքր միջադեպը վերածվում է ավելի մեծի, որն ուղղորդում է դեպի ավելի լուրջ միջադեպեր, բարձր հավանականություն ունի։ Դուք կարող եք դա կապել Եվրոպական խաղերի հետ, ես չեմ կապի։ Կարծում եմ, որ լարված իրավիճակ տեսել ենք մինչ Եվրոպական խաղերը, կտեսնենք նաև դրանից հետո։ Բայց կարծում եմ, որ հարցը հակամարտության սեզոնայնությունն է։ Կովկասում ամառը միշտ պատերազմելու շրջան է եղել։ Պետք է ամեն ինչ անել վստահ լինելու համար, որ այս անգամ դա տեղի չի ունենա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը պետք է դադարեցնի սպառազինություն մատակարարել հակամարտող կողմերին, քանի որ կողմերն արդեն բավարարից էլ ավելի շատ զենք ու զինամթերք ունեն հակառակորդից իրենց պաշտպանելու համար։ Ես ցինիկ եմ համարում Ռուսաստանի այդ քաղաքականությունը, ցինիզմ է, երբ Ռուսաստանը խաղաղ գործընթացի մասնակից լինելով` զենք է ապահովում հակամարտող կողմերին։ Սրա շուրջ Ռուսաստանում պետք է մտածեն։

– Ո՞րն է, Ձեր կարծիքով, Ռուսաստանի` զենքի մատակարարման քաղաքականության նպատակը։

– Ռուսաստանը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ երկու երկրների հետ։ Հայաստանին ապահովում է զենքով, քանի որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ում և Գյումրիում տեղակայված ռազմական բազայի պայմանագրով։ Ռուսաստանի տրամաբանության համաձայն, եթե Հայաստանին տրամադրվում է զենք, ապա կարող են ոչ թե տալ (քանի որ Ադրբեջանն ունի բավարար միջոց` գնելու համար), այլ վաճառել զենք Ադրբեջանին։ Վերջին հինգ տարիներին միլիարդավոր դոլարների զենք է վաճառվել Ադրբեջանին։

Իմ կարծիքով` միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, որ չպետք է մատակարարվի սպառազինություն հակամարտող կողմերին, քանի դեռ նրանք չեն կարգավորել իրենց միջև առկա հակամարտությունը։ Շատ արևմտյան երկրներ պահպանում են այս սկզբունքը։ Ադրբեջանը շատերին է դիմում սպառազինություն գնելու հարցով, սակայն շատ արևմտյան երկրներ պնդում են, որ չեն ցանկանում Ադրբեջանին զենք վաճառել։

Այսինքն` ռուսները պետք է որ դասեր քաղեին այս քաղաքականությունից, թեև ներկան ցույց է տալիս, որ նրանք դա չեն արել։

– ԵԱՀԿ համանախագահող երկրի` Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Երևանում բացահայտեց, որ Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել կամ վերափոխել ԵԱՀԿ Մինսկի խումբը` ըստ էության դժգոհ լինելով համանախագահ երկրների գործունեությունից։ Ըստ Ձեզ` խնդիրը ձևաչա՞փն է։

– Ես չեմ կարծում, որ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը կամ ընդլայնումը կարող է ինչ-որ բան փոխել։ Մյուս կողմից` այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր կարծում են, որ ինչ-որ սուրբ բան կա Մինսկի խմբում։ Սա միջազգային հանրության քաղաքական գործիքն է, եթե կա անհրաժեշտություն դրանում ինչ-որ բան փոխել, ապա եկեք փոխենք այն։ Եթե դուք հարցնեք, թե Մինսկի խումբը կատարյա՞լ գործընթաց է, ապա ես կասեմ, որ շատ անկատար գործընթաց է։ Ես այս հարցին վերաբերվում եմ բաց մտքով, բայց այս իրավիճակում մեկ իրողություն կա, որ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ։

Մենք ունեցել ենք այս ձևաչափն ավելի քան 20 տարի, և սա որոշ հարցերում օգտակար է եղել, օրինակ` հակամարտության մենեջմենթի հարցում, բայց անօգուտ է եղել հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Սակայն մենք պետք է կենտրոնանանք իրական նյութի վրա, ոչ թե գործընթացի։ Նյութը հետևյալն է` ինչպե՞ս ենք մենք շարժվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու ուղղությամբ, որպեսզի հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր տանջվում են հակամարտության չկարգավորման հետևանքով, այլևս չտառապեն։ Դա է իրավիճակի հրատապությունը։

– Եթե Մինսկի խումբն անկատար է, ապա ինչպե՞ս պետք է, ըստ Ձեզ, այն գործեր։

– Անկատար գործընթաց է, քանի որ բաղկացած է երեք հզոր երկրներից, որոնք որոշակի հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, բայց նրանք այսօր իրենք իրենց միջև առկա խնդիրները պետք է լուծեն` մինչ ԼՂ հակամարտությանն անցնելը, բայց, ինչպես ես ասացի, իմ կարծիքով` նրանք առաջին հերթին` մեկ խնդիր պետք է լուծեն` հակամարտությունը մենեջմենթի փուլից կարգավորում փոխադրելը։

Տեսանյութեր

Լրահոս