Թուրք զինվորը տատիս իր տուն է տարել և փորձել բռնաբարել
Ալմաստ Թուֆենկչյանի պատմությունը
1891 թ., Բեյրութ
Գոհար Քիլեջյանն ArmneianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է գաղթի ճանապարհի մասին, թե ինչպես էին թուրքերը օրական մեկ կտոր հաց տալիս և արգելում ջուր խմել անգամ այն ժամանակ, երբ անցնում էին գետի կողքով:
«Թուրքերը հայ կանանց և երեխաներին երթով դեպի անապատ էին տանում: Նրանց օրական ընդամենը մի կտոր հաց էին տալիս, որը բավական էր կենդանի մնալու, բայց ոչ կշտանալու համար, անգամ թույլ չէին տալիս ջուր խմել, երբ անցնում էին գետի կողքով: Նրանք օրերով քայլում էին անապատի արևի տակ: 50.000 մարդուց մնացել էր ընդամենը 11.000-ը:
Տատիկս շատ գեղեցիկ էր: Նույնիսկ երբ նա ցեխ էր քսել դեմքին, որ ծածկեր իր գեղեցկությունը, թուրք զինվորները տեսան նրան և հանեցին գաղթող հայերի շարքերից: Նրանցից մեկը տատիս իր տուն է տարել և փորձել բռնաբարել: Նա դիմադրում էր, և, ենթադրում եմ, շատ էր աղմկել, որ մարդիկ լսեցին և եկան նրան փրկելու: Թուրքերից մեկը հարցրեց՝ արդյոք նա ուզում է կենդանի մնալ և գնալ նրա տուն, որտեղ նրան ծառայում էին թուրքի կողմից փրկված 20 հայ կանայք: Թուրքը խոստացել էր, որ նրան ոչ ոք չի վնասի: Նա համաձայնվեց՝ առանց տեսնելու այլընտրանք:
Ալմաստն ասում էր, որ լինելով իր տան տիկինը՝ դարձավ մեկ այլ տիկնոջ ծառան: Այնտեղ նա տեսավ իր ավագ դստերը՝ Զաբելին: Նրան մեծացնում էին, որ ամուսնացնեին իրենց որդու հետ, երբ նրանք բավականաչափ հասուն լինեն: Տատիկս ասում էր նրան. «Դու հայ ես, դու իմ աղջիկն ես» ամեն անգամ, երբ նրանք միջանցքներում դեմ առ դեմ հանդիպում էին: Նրա՝ այդ տանը հաստատվելուց մի քանի օր անց Զաբելը շուկա էր գնացել, որտեղ տեսել էր իր եղբորն ու հորը, ապա ասել մայրիկին, որ տեսել էր Ներսես եղբորը շուկայում, որը քաղցած էր: Նա 7 տարեկան էր, Ներսեսը՝ 5: Տատիկս սկսեց լացել: Երբ տանտերը նրան լալիս տեսավ, հարցրեց պատճառը, և տատիկս ասաց, որ իր որդուն տեսել են շուկայում, տղան քաղցած էր: Նա իր տուն բերեց նաև հորս: Ասաց, որ նա կտա նրան ապաստան, սակայն երեխան պետք է ինքնուրույն աշխատի իր հացի համար: Նա տարավ տղային վարսավիրի մոտ՝ որպես օգնական:
Տատիկս պահում էր իր չափաբաժին ուտելիքը. ուտում էր շատ քիչ, զուտ քաղցած չլինելու համար, իսկ մնացածը երեկոյան տալիս էր հորս: Տատիկս կարուձև անել գիտեր և տան տերերի համար կարուձև էր անում, ինչի համար նրան ամեն տարի մի կտոր ոսկի էին տալիս: Տատիկս հավաքում էր ոսկին: Ալմաստը 3 ամսական հղի էր և ծննդաբերել էր թուրքի տանը: Թուրքը չէր թողնում նրան հոգ տանել երեխայի մասին: Նրանք թողեցին նորածին աղջկան նկուղում առանց սննդի և խնամքի, մինչև նա կմահանար: Տատիկս ասում էր, որ լսում էր այդ լացի ձայները մինչև կյանքի վերջը, նա մահացել էր 1974-ին: Թուրքի կինը նստում էր պատուհանի մոտ և նայում հայերի տառապանքներին: Նա ասում էր. «Մի՞թե դուք Աստված չունեք: Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ մարդիկ այսպես տառապեն», և նա խելագարվեց իր տեսած վայրագություններից: 5 տարի անց եկան ամերիկացիներն ու ասացին, որ եթե որևէ մեկի տանը հայ կա, որին թույլ չեն տա դուրս գալ, նրանք կայրեն այդ տունը: Տատիկս, լսելով դա, սկսեց գնալ տնետուն՝ փնտրելով իր կրտսեր որդուն: Մարդիկ նրան հաց էին տալիս, մտածում էին՝ նա մուրացկան է, սակայն նա հրաժարվում էր հացից և ասում, որ իր որդուն է փնտրում: Վերջապես նա հասավ մի տուն, որտեղ ճանաչեց իր տղային: Նրան հեշտ էր ճանաչելը, շատ հայեր չէ, որ կարմրամազ են:
Նա ասաց այդ տան տերերին, որ եթե իրեն չտան տղային, ապա կկանչի ամերիկացիներին: Նրանք ընկույզ և չիր դրեցին տղայի գրպաններում և ուղարկեցին մոր հետ: Հարուստ ընտանիք էր, սակայն երեխաներ չունեին: Նրանք իմ հորեղբայր Ջորջին մեծացնում էին որպես իրենց որդու:
Երբ տատիկս հավաքեց իր երեխաներին, նա գնաց իր տուն՝ գտնելու իր թաքցրած ոսկին: Նրանք ոսկով լի տասը խոշոր տարա ունեին: Սակայն թուրքերն արդեն վերցրել էին գումարը: Նա գնացք նստեց ու գնաց Հալեպ իր երեխաների և ոսկու 7 կտորի հետ: Նա քնելու համար նախատեսված հարմարանքներ է գնում և մեծացնում իր երեխաներին կարուձևով վաստակած գումարով»: