«Ռոբերտ Նազարյանը 2017 թվականի ընտրություններին ընդառաջ ասում է՝ այսօրվանից երազներով ապրեք, որ 5 դրամ կարող է իջնի սակագինը 2017-ին»
«Ունեցանք այն, ինչ պետք է ունենայինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշմանը, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ կառավարման հետաքրքիր ձև է ընտրված. «Իբր թե մտածում են հասարակության համար: Մտածում են՝ ստեղծել այնպիսի բան, որ ապակողմնորոշեն քաղաքացիներին, ասեն՝ բարձրացնելու ենք 17 դրամ, հետո դարձնենք 7 դրամ, ու դրանով ժողովուրդը կուրախանա»:
Տնտեսագետի կարծիքով՝ կանխավ հայտնի էր այս ամենը. «Օրինակ, առաջ ընկած՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասում է. «Ինձ թվում է՝ 2017 թվականին 5 դրամով կիջնի սակագինը»: Այսինքն, տեսեք՝ մարդն ինչքան հետաքրքիր, հեռահարող ջոկում է այս երկրի մուտքն ու ելքը: Հասկանալի չէ՞ դա, միայն խեղճ ու կրակ տարաբախտներին դա հասկանալի չէ: Փաստորեն, այն ժամանակ գալու են իբր ընտրություններ, դրա համար հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար՝ այսօրվանից երազներով ապրեք, որ 5 դրամ կարող է իջնի»:
Վ. Բոստանջյանի համար հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել: Ըստ նրա՝ մի բան ֆիքսվեց, որ այս պահին մենք ունենք «շատ ողորմելի» վճակում գտնվող էներգահամակարգ, որը, տնտեսագետի կարծիքով՝ պետք էր պարզապես դարձնել գոնե այնպիսին, որ վտանգ չներկայացներ հանրության համար:
«Այդ առումով ես ասել եմ, որ թանկացումն այլընտրանք չուներ տվյալ պարագայում, ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ ինչ-որ մի օրից սկսվի արդյունավետ կառավարումը, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը: Եթե մեզ մոտ թափանցիկ և արդյունավետությանը մոտ աշխատանքներ տարված լինեին, կարող էին ասել՝ «սիրելի համաքաղաքացիներ, մեր համակարգը պայթյունավտանգ է, որի համար անհրաժեշտ են գումարներ, հիմա մենք ուրիշ տեղից գումարներ վերցնելու հնարավորություն չունենք ու միակ ճանապարհը սակագինը բարձրացնելն է»: Կարծում եմ՝ նման իրավիճակում մարդը որքան էլ հնարավորություններից զուրկ լինի, այդուհանդերձ կհասկանա, որ իսկապես դա պետք է»: