«Բոլորի համար է դժվար». Արտեմ Ասատրյանը՝ սակագնի բարձրացման մասին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերլուծություններ է իրականացրել, նախապատրաստվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն կառավարությանը ու կկայացվեն համապատասխան որոշումներ:

Այս մասին լրագողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Մեր խնդիրն առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների վրա սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելն է: Հուլիսի 1-ից ավելանալու է նվազագույն աշխատավարձի չափը:

Ամեն դեպքում, այս երկու կարևորագույն միջոցառումների շրջանակներում մենք նախատեսում ենք ամենախոցելի խմբերի խնդիրներին որոշակի լուծումների տրամադրում, որից հետո հնարավորություն կունենանք ամբողջական ազդեցության գնահատականներին անդրադառնալ»,- ասաց Ա.Ասատրյանը:

Թե որքանո՞վ կբարձրանա աղքատությունը, Ա.Ասատրյանը չգիտի՝ աղքատության մակարդակի հետ կապված ցուցանիշները հապարակում է ԱՎԾ-ն՝ տնային տնտեսությունների ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ նրա՝ դա աշխատատար գործընթաց է, 2015թ. վերջին կհրապարակվի միայն նախորդ տարվա ցուցանիշը, այսինքն օպերատիվ գնահատական չկա:

Ամեն դեպքում, նախարարի խոսքով, բնական է, որ սակագնի բարրձացումն ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա. «Այն միջոցառումները, որ իրականացվելու են կառավարության կողմից, ուղղված կլինեն, որ չեզոքացնեն դրանց ազդեցությունը: Սա է առաջնահերթությունը»:

168.am-ի հարցին, արդյոք նախորդ տարիներին համարժե՞ք է եղել փոխհատուցումը, Ա.Ասատրյանը պատասխանեց, որ անցած տարի սակագնի բարձրացումից հետո օգոստոսի մեկին ավելացվեցին անապահովության համակագում գտնվող ընտանիքների նպաստների չափերը, որոնք ազդեցությունից մի փոքր ավելի նախատեսվեցին և բարձրացվեցին: Նա հավաստեց, որ այս տարի էլ դա կարվի:

Այսինքն, ըստ Ա.Ասատրյանի, այն ազդեցությունը, որը կունենա սակագնի բաձրացումը, առավելապես անապահովների վրա, որոնք 105 հազար են և յուրաքանչյուր ամիս ստանում են ընտանեկան նպաստ, կունենա դրան համապատասխան բարձրացում: Նա նշեց, որ 6.93 դրամով հաշվարկած ամսական էլեկտրաէներգիայի ծախսը միջինում մոտ 1500 դրամով կավելանա:

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ բոլորի համար է դժվար, այսինքն այնպես չի, որ միայն ընտանեկան նպաստ կամ անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մասով է խնդիրը: Բայց քանի որ առավել խոցելի խմբերը հենց այդ համակարգում հաշվառված ընտանիքներն են, բնական է, որ մեր առաջին քայլը պետք է ուղղված լինի նրանց»,- ասաց նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս